Լրահոս
Օրվա լրահոսը

Իբր՝

Հունիս 15,2005 00:00

Իբր՝ անվճար «Բաց դռների օրը» ոչ մի լսողական սարք չբաժանվեց Երեկ «Արմենիա», «Էրեբունի» եւ «Արաբկիր» բժշկական կենտրոններում հայտարարվել էր «Բաց դռների օր»՝ ծանրալսությամբ տառապողների համար: Առողջապահության նախարարության նախնական հայտարարության համաձայն, այդ օրը ոչ միայն պիտի մասնագետները անվճար հետազոտեին բոլոր այցելուներին, այլեւ կարիքավորներին անվճար տրամադրեին գերմանական արտադրության նոր լսողական սարքեր: Այս հայտարարությանը տարբեր լրատվամիջոցներից տեղեկանալով՝ մարդիկ շտապել էին ստուգվելու եւ ընկել շփոթության մեջ: Պարզվում է՝ դրանք այնքան էլ անվճար չեն եւ այդ օրը որեւէ սարք չէին էլ պատրաստվում տրամադրել: «Էրեբունի» բուժկենտրոնում առավոտյան ժամը 11-ի սահմաններում քիթ-կոկորդ-ականջաբանության բաժանմունքում ասեղ գցելու տեղ չկար: Հիվանդներ կային նաեւ մարզերից: Անկանոն հերթից բորբոքված այցելուներին ավելի էր հիասթափեցրել կատարյալ անորոշությունը՝ «հիմա էդ սարքերն անվճա՞ր են, թե՞ վճարովի»: Ոմանք տեղեկացել էին, որ 50% զեղչ են անելու, մյուսները խոսում էին 15 հազար դրամ վճարելու մասին: Բաժնի վարիչ Արթուր Շուքուրյանը «Առավոտին» ասաց, որ «անվճար ապարատների մասին խոսք չի եղել, բայց մենք դրա վրա աշխատում ենք: Դեռ ոչինչ չենք կարող ասել, պատվերներն ընդունենք, նոր կորոշենք՝ ինչպե՞ս եւ ո՞ւմ դրանք կբաշխենք: Եթե անգամ կարողանանք անվճար մի քանիսին բաժանել, նախ հաշվի պիտի առնենք ծանրալսության բարձր աստիճանը, հետո՝ անապահով լինելը»: Ամեն դեպքում, պարոն Շուքուրյանի հավաստմամբ, մի բան հաստատ է՝ «այն ապարատները, որոնց հզորությունը մեծ է, միանշանակ անվճար տրամադրել չենք կարող»: Այսինքն, ստացվում է, որ հիվանդները սին հույսեր էին փայփայում եւ կարող են «հույսները կտրել» անվճար ապարատ ստանալուց: Հայաստանյան իրականությանը քաջածանոթ այցելուները ենթադրում էին, որ գերմանացիներն այդ սարքերը մեզ որպես օգնություն են տվել, սակայն դրանք վաճառվում են: Բուժքույրերը նույնպես որոշակի ոչինչ չգիտեին ու փորձում էին հանգստացնել բորբոքված այցելուներին. «Հիմա հյուրերը կգան, մենք կխոսենք, գինը կֆիքսենք, ձեզ կասենք, կուզեք՝ կդնենք, չէ՝ չենք դնի»: Բացի այդ, արդեն հետազոտված հիվանդները դժգոհում էին նաեւ մասնագիտական խորհրդատվությունից. «Իմիջիայլոց կրակում են, ոնց որ հարցազրույց լինի, ոչ թե հետազոտում, ստից-մտից երկու հարց են տալիս ու որոշում՝ սարքի կարիք ունի՞, թե՞ ոչ, իմանայինք էսպես է, կգնայինք ուրիշ կենտրոններ, նորմալ կոմիսիա կանցնեինք, թե չէ փողով ապարատ մենք ուրիշ տեղից էլ կարող էինք ճարել»: Իսկապես, բժիշկները վայրկենական արագությամբ էին աշխատում՝ 5 րոպեում մի քանի այցելուի ընդունելով: Առավոտյան ժամը 11-ի դրությամբ 63 հոգի արդեն «հետազոտվել» էր: Ինչ վերաբերում է ապարատներն այդ օրը տրամադրելուն, պարոն Շուքուրյանի խոսքերով՝ «Չգիտենք՝ ոնց կստացվի, եթե այսօր շուտ ավարտենք, հնարավոր է, որ բաժանենք, եթե ոչ՝ վաղվանից»: Բայց լսողական ապարատի կարիք ունեցող այցելուներին խնդրել էին գալ հուլիսի 20-ից հետո. «Չեմ հասկանում, փափուկ բա՞րձ են դնում գլխներիս տակ»,- բողոքում էին նրանք, այսինքն՝ եթե վաղվանից բաժանելու են, ինչո՞ւ են հուլիսի 20-ից հետո կանչում: ՀՌԻՓՍԻՄԵ ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2005
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930