Լրահոս
Օրվա լրահոսը

Ընդունել

Հունիս 15,2005 00:00

Ընդունել եվրոպացիների առաջարկները Սահմանադրական բարեփոխումների հարցում այդ կարծիքի է ԱԺ նախագահ Արթուր Բաղդասարյանը ԱԺ նախագահ Արթուր Բաղդասարյանի երեկ հրավիրած մամուլի ասուլիսում ամփոփվեց խորհրդարանի անցած երկու տարվա պատմությունը, եւ անցած ընթացքը գնահատվեց բավարար կամ՝ նորմալ-աշխատանքային: Օրենսդիր մարմնի ղեկավարը չի կիսում այն տեսակետը, ըստ որի իշխանությունը միշտ ճիշտ է, իսկ ընդդիմությունը՝ սխալ. «Եթե վերջին շրջանում ընդդիմադիր մի շարք գործիչներ դրական արտահայտվեցին ԱԺ նախագահի մասին, ապա պետք չէ խուճապի մատնվել. մարդիկ տեսել են, նկատել են եւ արտահայտել են իրենց տեսակետը: Ես էլ գնահատել եմ բոլոր այդ մարդկանց սկզբունքայնությունը եւ ազդեցությունը այդ գնահատականների առնչությամբ: Հեռուն գնացող դատողությունների կարիք չկա»,- պատասխանելով իր եւ «Հանրապետություն» կուսակցության քաղխորհրդի նախագահ Արամ Սարգսյանի փոխադարձ սիրալիրություններին եւ դրանից հետո ենթադրվող կապերին՝ ասաց ԱԺ նախագահը: Դաշնակցություն-ՕԵԿ հակամարտության մասին մեր հարցին պատասխանելով, ԱԺ նախագահն ասաց, որ ինքը չի ընդունում, թե դա կարելի է կոչել երկու կոալիցիոն կուսակցությունների միջեւ հակամարտություն: Արթուր Բաղդասարյանը գերադասեց այն անվանել երկու գործիչների պայքար. «Ուղղակի երկու գործիչների կողմից եղել է փոխադարձ քննադատություն, այլ խնդիր է, որ ցանկություն կա դա դարձնել «Օրինաց երկրի» եւ Դաշնակցության հակամարտություն: Նման խնդիր գոյություն չունի, կա քննադատություն, եղել են պատասխաններ: Ես այն կարծիքին եմ, որ ոչ թե պետք է իրար հետ խոսել մամուլի միջոցով, այլ նստել եւ միասին խոսել խնդիրների մասին եւ փորձել հարթել դրանք»: ՏԻՄ ընտրությունների մասին հարցին ի պատասխան, Արթուր Բաղդասարյանը հայտարարեց, որ «պետք է ձերբակալել բոլոր ընտրակաշառք բաժանողներին, պետք է խստացնել պատասխանատվությունը ընտրական հանցագործությունների նկատմամբ, որովհետեւ մի քանի հազար դրամով ձեւավորված որեւէ մակարդակով իշխանությունը ժողովրդի համար ոչինչ անել ի զորու չէ»: Իսկ Սահմանադրությունը պարոն Բաղդասարյանը պատրաստ է փոխել ըստ եվրոպական կառույցների հիմնական առաջարկների, սակայն նույնը չի կարող երաշխավորված պնդել կոալիցիայի մյուս կողմերի եւ երկրի նախագահի փոխարեն. «Ես կարծում եմ, որ մենք պետք է փորձենք ամբողջությամբ իրականացնել Վենետիկի եւ եվրոպական կառույցների ներկայացրած բարեփոխումները: Ցավոք, կան մարդիկ, որ ամենից շատ իշխանությունն են սիրում, քան՝ երկիրը. մենք պետք է սիրենք երկիրը, որովհետեւ ինձ համար ժողովրդավարությունն ավելի շատ օրենք է, քան՝ բացառություն: Երկրի հիմնական օրենքի մակարդակով ոմանց շռայլ բացառությունները ես համարում եմ չհիմնավորված: Կարծում եմ, մենք պետք է գնանք սահմանադրական բարեփոխումներն իրականացնելու ճանապարհով, եւ համոզված եմ, որ այդ առաջարկությունների գերակշիռ մասը կարտացոլվի: Ես չեմ կարող պատասխանել մնացած երեք կողմերի փոխարեն, որովհետեւ Հայաստանում այսօր իշխանությունը չորս կողմ ունի, ես կարող եմ խոսել այն քաղաքական ուժի անունից, որն այսօր թվով երկրորդն է ԱԺ-ում՝ այո, մենք պաշտպանում ենք բարեփոխումները մինչեւ վերջ տանելու քաղաքականությունը»: ՄԱՐԳԱՐԻՏ ԵՍԱՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել