ՇԱ՜Տ «ՍԱՐՍԱՓԵԼԻ» ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆ Մինչ այս փաստաթուղթը գաղտնազերծելը՝ մամուլում բազմաթիվ էին ասեկոսեները, թե ինչ սարսափելի բնորոշումներ է պարունակում Վենետիկի հանձնաժողովի երկրորդ միջանկյալ եզրակացությունը Հայաստանի սահմանադրական փոփոխությունների վերաբերյալ: Այժմ՝ Վենետիկի հանձնաժողովի հունիսի 10-11-ի պլենար նիստում հաստատվելուց հետո, այս եզրակացությունը տեղադրված է հանձնաժողովի ինտերնետային էջում: Եվ մայիսի 10-ին Հայաստանի խորհրդարանի կողմից առաջին ընթերցմամբ ընդունված սահմանադրական փոփոխությունների նախագծի վերաբերյալ մասնավորապես հիշեցվում է, որ 2004-ի դեկտեմբերին ընդունված առաջին միջանկյալ եզրակացությամբ Վենետիկի հանձնաժողովը կոչ էր արել «առավել նշանակալից փոփոխություններ անել» պետական մարմինների միջեւ հավասարակշռության, դատական իշխանության անկախության եւ տեղական ինքնակառավարման առումով. «Սա ենթադրում էր, թե նախագահի մեծ լիազորությունները, որոնք հավասարակշռված չեն Ազգային ժողովի դերի անհրաժեշտ ամրապնդմամբ, գումարվելով նախագահի անձեռնմխելիության ընդհանուր դրույթին՝ վտանգավոր էին դառնում պետության ժողովրդավարական կյանքի համար եւ չէին համապատասխանում Եվրոպայի խորհրդի չափանիշներին»: Վենետիկի հանձնաժողովը ափսոսանքով նշել է, որ սահմանադրական փոփոխությունների հիմք ընտրված կոալիցիայի նախագիծը պարունակում է ընդամենը մի քանի բովանդակային բարելավումներ: Կոալիցիայի գործիչներն անընդհատ մատնանշել են այդ մի քանի բարելավումները, որոնք վերաբերում են մարդու իրավունքներին եւ ազատությունների գլխին, մահապատժի լիակատար վերացմանը եւ որոշ նոր դրույթներին, որոնք կարող են իրենց լուման ունենալ ԶԼՄ-ներում բազմակարծության եւ անկախության ապահովման երաշխիքների առումով: Սակայն այս առնչությամբ էլ է վերապահում արված, թե Վենետիկի հանձնաժողովը ենթադրում է, թե որպեսզի ապահովվի մարդու իրավունքների եւ ազատությունների արդյունավետ պաշտպանություն՝ Սահմանադրության այս գլուխը պիտի ներառի Մարդու իրավունքների պաշտպանի լիազորությունների հստակ սահմանում: Առավել վիճահարույցը նախագահի, ԱԺ-ի եւ կառավարության միջեւ հարաբերությունների հարցն է: Հանձնաժողովն ափսոսանքով նշում է, որ հաշվի չեն առնվել իրենց առաջին միջանկյալ եզրակացության մեջ նշված քննադատական հիմնական դիտողությունները, որոնք մասնավորապես վերաբերում են վարչապետի նշանակման եւ ազատման նախագահի լիազորությանը, կամ նրա իրավունքին՝ հրավիրել ու նախագահել կառավարության նիստերը, նաեւ Ազգային ժողովի լուծարման նրա իրավունքին, եւ վերջապես՝ նախագահի լիակատար անձեռնմխելիությանը: Սակայն նաեւ նշում են, թե որոշ բարելավումներ են իրականացվել, օրինակ՝ Ազգային ժողովին ավելի նշանակալի դեր է հատկացվել ռազմական եւ արտակարգ դրություն հայտարարելու գործընթացներում, եւ պատգամավորների իրավունքի առումով՝ գրավոր ու բանավոր հարցեր ուղղել կառավարությանը. «Սակայն նկատի ունենալով նախագահի այլ լիազորություններ, որոնք հանգամանալից վերլուծվել են հանձնաժողովի առաջին միջանկյալ եզրակացության մեջ, Սահմանադրության նոր նախագիծը չի ապահովում երաշխիքներ կառավարության արդյունավետ անկախության կամ ուժեղ Ազգային ժողովի համար»: Ըստ այդմ, եզրակացվում է, թե Սահմանադրության այս դրույթները դեռ հակասում են եվրոպական չափանիշներին եւ չեն ապահովում երաշխիքներ Հայաստանի իշխանության մարմինների միջեւ իրական հավասարակշռության համար: Դատական իշխանությանն առնչվող փոփոխությունները նույնպես գնահատվում են բավական «սահմանափակ»: Այս պնդումը հիմնավորվում է նախագծի այն դրույթներով, ըստ որոնց՝ դեռ նախագահն է նշանակում եւ ազատում գլխավոր դատախազին, եւ նշանակում Արդարադատության խորհրդի ղեկավարին, դատարանների նախագահներին ու դատավորներին: Իսկ Արդարադատության խորհրդի երաշխավորությունները դատավորների նշանակման եւ ազատման առնչությամբ հանձնաժողովը գնահատել է միայն իբրեւ զուտ «խորհրդակցական»: Երեւանի քաղաքապետի ուղղակի ընտրության առնչությամբ հիմնական խնդիրն էլ, հայտնի է, գնահատվել է չլուծված: Իսկ Երեւանի ավագանու կողմից քաղաքապետի պաշտոնանկության հնարավորության վերաբերյալ դրույթը գնահատվում է անհրաժեշտ քայլ, բայց ոչ բավարար: Միջանկյալ երկրորդ եզրակացությունը ամփոփվում է Վենետիկի հանձնաժողովի հետեւյալ պահանջով. «Սահմանադրական փոփոխությունների տեքստը պետք է էական վերանայման ենթարկվի երկրորդ ընթերցումից առաջ եւ պետք է ամբողջությամբ արտացոլի հանձնաժողովի նախորդ եզրակացությունները»: ԱՆՆԱ ԻՍՐԱՅԵԼՅԱՆ