Լրահոս
Օրվա լրահոսը

ՀԵՐԹԱԿԱՆ

Հունիս 15,2005 00:00

ՀԵՐԹԱԿԱՆ ԱՆՊՏՈՒՂԸ Ըստ քաղաքագետ Ստեփան Գրիգորյանի, այդպիսին է լինելու ՀԱՊԿ խորհրդի հերթական նիստը Հունիսի 22-23-ը Մոսկվայում տեղի է ունենալու Հավաքական անվտանգության խորհրդի նիստ, որին մասնակցելու է նաեւ Հայաստանի նախագահ Ռոբերտ Քոչարյանը: Կայանալու է նաեւ կազմակերպության անդամ պետությունների արտգործնախարարների, պաշտպանության նախարարների եւ ազգային անվտանգության խորհուրդների քարտուղարների նիստը: Նիստի օրակարգն առայժմ ճշտվում է: Հայաստանի արտաքին գերատեսչության մամուլի եւ հասարակայնության հետ կապերի վարչությունից միայն նախնական տեղեկություն տրամադրեցին, համաձայն որի՝ քննարկվելու են քաղաքական եւ ռազմական ոլորտներում համագործակցության կատարելագործման ու զարգացման նախագծեր: Նիստին ընդառաջ, երեկ Հայաստան է ժամանել Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության (ՀԱՊԿ) գլխավոր քարտուղար Նիկոլայ Բորդյուժան: Ըստ պաշտոնական տեղեկությունների, նա հանդիպումներ կունենա Ռոբերտ Քոչարյանի եւ Ազգային անվտանգության խորհրդի քարտուղար, պաշտպանության նախարար Սերժ Սարգսյանի հետ: Այցի ընթացքում Ն. Բորդյուժան կտեղեկացնի Հավաքական անվտանգության խորհրդի նիստի օրակարգում ընդգրկված հարցերի, կազմակերպության առջեւ ծառացած խնդիրների, դրանց լուծման ուղիների եւ ապագա անելիքների մասին: «Ռեգնում» գործակալության հաղորդմամբ, Երեւան այցելությունից առաջ պարոն Բորդյուժան հայտարարել է, որ Հայաստանը կազմակերպության ամենաակտիվ մասնակիցներից մեկն է, եւ ՀԱՊԿ շրջանակներում այսօր իրականացվող նախաձեռնություններից շատերը գալիս են հենց այդ երկրից: Խորհրդի նիստի պատրաստություններին ընդառաջ, Ն. Բորդյուժան արդեն հանդիպումներ է ունեցել կազմակերպության գլխավոր քարտուղար ՌԴ նախագահի, Բելառուսի նախագահի եւ Ղրղըզստանի նախագահի պաշտոնակատարի հետ: «Առավոտի» հետ զրույցում քաղաքագետ Ստեփան Գրիգորյանը խորհուրդ տվեց սպասելիքներ չունենալ այս հանդիպումներից, մասնավորապես՝ կայանալիք խորհրդի նիստից: Նրա գնահատմամբ, այն կլինի հերթական նիստերից մեկը, որի ընթացքում հերթական անգամ կխոսվի կառույցն արդյունավետ եւ գործունյա դարձնելու մասին: «Արդեն 13 տարի է՝ այդ խոսակցությունները գնում են»,- նկատեց մեր զրուցակիցը: Ի դեպ, այս առիթով նա հիշեցրեց մարտ ամսին ՌԴ նախագահ Վ. Պուտինի Երեւանում արած մի հայտարարություն: Խոսելով ԱՊՀ-ի մասին՝ ՌԴ նախագահը նկատել էր, որ այն ստեղծվեց խորհրդային պետությունների քաղաքակիրթ ապահարզանի համար, եւ որ քաղաքական, տնտեսական, ռազմական ոլորտներում սպասելիքներն իզուր էին: «Այդ կառույցը չէր կարող այդպիսին լինել եւ ավելին չէր կարող տալ»,- հայտարարել էր ՌԴ նախագահը: Նաեւ այս ամենից ելնելով՝ Ստեփան Գրիգորյանը մեկ անգամ եւս փաստում է, որ անվտանգության այս համակարգը բավարար չէ՝ «հատկապես Հայաստանի համար, որը տարածաշրջանում կղզիանում է նաեւ անվտանգության ապահովման ոլորտում»: Նա այս համատեքստում է դիտարկում նաեւ Վրաստանից դուրս բերվող ռուսական ռազմաբազաների Հայաստան տեղափոխումը: Չնայած այս ամենին, քաղաքագետի կանխատեսմամբ, ոչ ՀԱՊԿ-ն, ոչ ԱՊՀ-ն ֆորմալ տեսանկյունից իրավաբանորեն չեն քանդվի: Բայց նաեւ չեն «վերակենդանանա»: Ավելին՝ օրեցօր առավել ոչ գործունյա կդառնան՝ «քանի որ այդ կազմակերպություններն իրենց անդամներից ոչինչ չեն պահանջում, անգամ՝ համատեղ ստորագրած փաստաթղթերի կատարում: Ակումբային սկզբունքով՝ գալիս, խոսում, գնում են, հավաքները կշարունակվեն»: Ն. ԳՐԻԳՈՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել