Լրահոս
Օրվա լրահոսը

ՄՈՏԵՑՈՒՄՆԵՐՆ ՈՒ ՊԱՀԱՆՋՆԵՐԸ ՓՈԽՎՈՒՄ ԵՆ

Հունիս 15,2005 00:00

Խոսքը
վերաբերում է սպորտի պետական կառույց-ՀԱՕԿ-մարզական ֆեդերացիաներ փոխհարաբերություններին,
հավաքականների գլխավոր մարզիչների եւ մարզչական խորհուրդների գործելակերպին: Մոտ
մեկ ամիս առաջ ՀՀ սպորտպետկոմում հրավիրված հանրապետության մարզական ֆեդերացիաների
նախագահների հետ հանդիպման ժամանակ վերջինները գրեթե միահամուռ պնդեցին, որ Սպորտպետկոմի՝
վերջին շրջանում որդեգրած նոր քաղաքականությունը, կապված մեծ սպորտը ֆեդերացիաներին
հանձնելու հետ, լիովին ճիշտ է: Սպորտի պետական կառույցում, մեկնաբանելով այս նոր
աշխատաոճը, չեն թաքցնում, որ իրենք էլ դեռ շատ բան ունեն սովորելու, որոշ խնդիրներում
դեռ անցման շրջանում են: Ամբողջ աշխարհում ընդունված է, որ մեծ սպորտը ղեկավարում
եւ ծրագրերն իրականացնում են մարզական ֆեդերացիաները: Եթե այսօր որեւէ մարզաձեւից
անցկացվում է աշխարհի, Եվրոպայի առաջնություն կամ միջազգային մրցաշար, դրա գլխավոր
պատասխանատուն միջազգային մայր ֆեդերացիան է: Մինչդեռ, Հայաստանում մի շարք ֆեդերացիաներ
ու ֆեդերացիաների նախագահներ, պարազպես, չեն էլ պատկերացնում իրենց դերը, մտածում
եւ գործում են խորհրդային տարիների ոճով՝ կարծելով, որ իրենց հարցերը պետք է պետությունը
լուծի: Եթե այդպես է, ուրեմն հարկավոր է հայտարարել, որ մեզանում ֆեդերացիաներ ունենալու
անհրաժեշտություն պարզապես չկա, դրանք ավելորդ են: ՀՀ սպորտպետկոմի նախագահ Իշխան
Զաքարյանը, մեկնաբանելով այս հարաբերությունների բուն էությունը, ասաց. «Ես պետական
կառույցի բոլոր աշխատողներին՝ պետական մարզիչ, վարչության եւ բաժնի պետ, կտրականապես
արգելել եմ միջամտել հավաքականների ձեւավորմանը: Սպորտպետկոմի խնդիրը միայն հնարավորության
սահմաններում ֆեդերացիաներին բյուջեով հատկացված գումարներից ֆինանսապես օգնելը պիտի
լինի: Յուրաքանչյուր ֆեդերացիա գիտի, թե կառավարության որոշումով ինքն ինչ չափով
է ֆինանսավորվելու: Մեր հետեւողական աշխատանքի շնորհիվ այսօր արդեն 18 ֆեդերացիայի
հետ պայմանագիր է կնքվել ու մենք այսուհետեւ այդ ֆեդերացիաների հասանելիք գումարները
փոխանցելու ենք նրանց: Սակայն պետությունը պայմանագրի հիմքում դրել է երեք պարտադիր
պահանջ: Նախ, ֆեդերացիան պետք է ունենա տնտեսություն՝ բանկում հաշվի համար, հաշվապահ,
գանձապահ…: Երկրորդ, ֆինանսական միջոցները պետք է ծախսվեն միայն մարզաձեւի զարգացման
նպատակներով: Այսինքն, ֆեդերացիայի նախագահը կամ որեւէ այլ մեկը չի կարող գրասենյակ
վարձակալել, ծառայողական մեքենա գնել եւ այլն, քանի որ պայմանագրի պահանջով ֆեդերացիան
յուրաքանչյուր միջոցառումից հետո պետք է նաեւ ֆինանսական հաշվետվություն ներկայացնի:
Եվ երրորդ կարեւոր պահանջը՝ ֆեդերացիաներն են որոշելու գումարների ծախսման քաղաքականությունը՝
դրամը հատկացնել պատանիների՞ն, երիտասարդների՞ն, թե՞ մեծերին: Այս դեպքում, եթե ֆեդերացիայի
նախագահը հատկացված իքս գումարով մեծերի թիմ տանի, ասենք, աշխարհի առաջնություն եւ
200 երկրների մեջ վերջին տեղեր զբաղեցնի, ուրեմն ֆեդերացիայի անդամները պետք է մտածեն
նախագահի, գլխավոր մարզչի՝ այդ պաշտոնում մնալու նպատակահարմարության մասին: Իսկ
մենք այսուհետեւ լինելու ենք դատավորի դերում: Կարծում եմ, բավակա՛ն է սպորտի պետական
կառույցը բոլոր հարվածները մասնագետների փոխարեն վերցնի իր վրա»: Մեր այն
դիտարկմանը, թե պետության հնարավորությունները սուղ են, հետեւաբար՝ մեր մարզիկները
չեն կարողանա լիարժեք նախապատրաստվել կարեւորագույն մրցումներին, Սպորտպետկոմի նախագահը
պատասխանեց. «Ֆեդերացիաները պետք է վերջապես հասկանան, որ պետությունն անում եւ անելու
է առավելագույն հնարավորը: Սակայն նրանք էլ պետք է կարողանան միջոցներ հայթայթել
իրենց իսկ կազմած ու հաստատած ծրագրերը կյանքի կոչելու համար: Այս առումով արդեն
կայացած են, օրինակ, ըմբշամարտի, ծանրամարտի ֆեդերացիաները, որոնց նախագահները լուրջ
ֆինանսական ներդրումներ են կատարում իրենց ղեկավարած մարզաձեւերում: Հիմա այս տենդենցը
տարածվում է նաեւ մյուս մարզաձեւերում: Իսկ եթե, այնուամենայնիվ, միջոցները էլի չեն
բավարարում, նրանց շոշափելի աջակցություն է ցույց տալիս ՀԱՕԿ-ը՝ ի դեմս Գագիկ Ծառուկյանի»:
Երկրորդ խնդիրը առնչվում է հավաքականների մարզիչների եւ մարզչական խորհուրդների
աշխատանքին: Այսօր շատ ֆեդերացիաներ կազմավորել են մարզչական խորհուրդներ, սակայն
դրանք ձեւական բնույթ են կրում՝ գլխավոր մարզիչը, ֆեդերացիայի նախագահը էլի կամայականորեն
թիմի կազմ, հավաքների անցկացման վայր ու ժամկետներ են որոշում, երեւույթ, որն անթույլատրելի
է: Եվ որդեգրված նոր քաղաքականությունը նպատակաուղղված է նաեւ այդ խնդիրը լուծելուն:
Ֆինանսավորվելու են ֆեդերացիաների ներկայացրած ծրագրերը, որ մասնագիտական հիմնավորումներով
կազմվում եւ կազմվելու են նրանց մարզչական խորհրդի անդամների, մասնագետների մասնակցությամբ:
Սպորտի պետական կառույցը դրանք ֆինանսավորում է՝ որքան ի վիճակի է, որից հետո վերահսկում
է դրանց ճիշտ կատարումը: Իսկ թե որքանո՞վ են այդ ծրագրերը ճիշտ կազմված եղել՝ պատասխանատու
են ֆեդերացիան ու մարզչական խորհուրդը: ԱՇՈՏ ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել