Պարզվում է, դեռ կան մարդիկ եւ կազմակերպություններ,
որոնք ոչ միայն հիշում ու այցելում են Հայաստանի սահմանամերձ գյուղեր, այլ նաեւ պատրաստ
են լսել այնտեղ ապրող մարդկանց խնդիրները: «Քաղաքացիական հասարակության ինստիտուտ»,
«Քաղաքացիական նախաձեռնությունների ազատ ամբիոն» հ/կ-ների, «Հելսինկյան քաղաքացիական
ասամբլեայի» հայկական կոմիտեի եւ «Համագործակցություն հանուն ժողովրդավարության»
միության հետ Տավուշի եւ Գեղարքունիքի մարզերում իրականացվում է «Քաղաքացիական հասարակության
ցանց» ծրագիրը: Օրերս Տավուշի մարզի Վերին Կարմիր աղբյուր գյուղում մեկնարկեց
ծրագրի առաջին փուլը, որի ժամանակ պետք է կազմակերպվեն քաղաքացիական ֆորումներ: Ծրագրի
հիմնական նպատակն է քննարկումների, բանավեճերի միջոցով վեր հանել գյուղում առկա խնդիրները,
բնակիչներին հուզող հարցերը եւ ցույց տալ եղած խնդիրների հնարավոր լուծումները: «Մենք
հ/կ ենք եւ գումարով մարդկանց օգնել չենք կարող: Ցանկանում ենք փոխել այն կարծրացած
պատկերացումը, որ պարտադիր դոնոր է պետք պրոբլեմները լուծելու համար: Մարդիկ պետք
է գիտակցեն, որ ցանկության դեպքում իրենք ինքնուրույն կարող են ծրագրեր իրականացնել»,-
ասաց ծրագրի քաղաքացիական ֆորումների պատասխանատու Իզաբելլա Սարգսյանը: Չնայած Վերին
Կարմիր աղբյուրում գյուղատնտեսական աշխատանքների բուռն շրջանին, մարդիկ ակտիվորեն
մասնակցեցին ֆորումին: Քննարկման ժամանակ եղան ուշագրավ մտքեր, օրինակ, գյուղացիներն
ուզում են իրենց գյուղի կենտրոնում տեսնել Մայր Հայաստանի արձանը, աղբարկղ եւ աշխատող
հեռախոս: Իհարկե, սրանով նրանց իղձերը չեն սահմանափակվում: «Այս ծրագիրը կարծես
մաքրեց մարդկանց արյունը, նրանք ակտիվանում են, ուզում են մասնակցել գյուղի կրթամշակութային,
տնտեսական կյանքին: Ես վստահ եմ, որ սա մարդկանց խաբող շոու չի, այլ ռեալ ծրագիր
է»,- ֆորումից տպավորված ասաց Ռիտա Թումանյանը, որն աշխատում է գյուղի դպրոցում որպես
անգլերենի ուսուցչուհի: ԱՄՆ միջազգային զարգացման գործակալության (USAID)
ֆինանսավորմամբ չորսամյա այս ծրագրի շրջանակներում մարզերում կիրականացվեն դասընթացներ,
բանավեճեր քաղաքական թեմաներով, մշակութային միջոցառումներ, ֆոտոցուցահանդեսներ եւ
այլն: Այսօր եւ վաղը գյուղի բնակիչները կմասնակցեն «Սահմանադրության դերը քաղաքացիական
հասարակության եւ իրավական սոցիալական պետության կայացման գործում» թեմայով քննարկմանը:
ՀՐԱՉՈՒՀԻ ԵՐԱՆՈՍՅԱՆ