Բայց
հիմնական մասը երջանիկ կլինի 5, 6, 7, 8, 9 եւ բացառիկ դեպքերում 10 գնահատականով
Հանրակրթության պետական կրթակարգի համաձայն, 12-ամյա միջնակարգ կրթությանն
անցնելիս ներմուծվելու են մի շարք նորարարություններ, այդ թվում եւ՝ գնահատման նոր
ձեւ: Վերջինս պետք է արտացոլի սովորողի պատրաստվածության մակարդակն ու նրա անձնային-անհատական
որակները: Ըստ գնահատման նոր սանդղակի, պետք է ստուգվեն չափորոշիչներով սահմանված
գիտելիքների յուրացումը, սովորածը գործնականում կիրառելու կարողություններն ու հմտությունները,
ինչպես նաեւ մտավոր գործունեության մակարդակը: Իսկ գնահատման արդյունքն արտահայտվում
է պաշտոնապես ընդունված 10 միավորային սանդղակով: Ընդ որում, այս միավորներն
ունեն իրենց բնութագրությունները: Այսպես՝ 1- շատ վատ, 2- վատ, 3- անբավարար, 4-
բավարար, 5- միջին, 6- միջինից բարձր, 7- լավ, 8- շատ լավ, 9- գերազանց, 10- բացառիկ:
Ըստ որոշ մասնագետների, բնութագրումը խիստ մանրացված ու ճռճռան է, հին ձեւի
անհաջող ձեւափոխումը եւ կարելի էր պարզապես սահմանազատել բավարարը, միջինն ու անբավարարը:
Իսկ գնահատման այս ձեւով, ըստ նրանց, մենք աճեցնում ենք հերթական կոմպլեքսավորված
սերունդը: Արդյո՞ք սա աշակերտներին մշտական սթրեսի մեջ պահելու մի ձեւ չէ: Պարզաբանման
համար դիմեցինք «Կրթական ծրագրերի կենտրոն» ԾԻԳ ենթածրագրի ղեկավար Կարեն Մելքոնյանին:
«Նախ պետք է ասեմ, որ տարրական դպրոցում այդ տիպի գնահատումն այդքան չի կարեւորվում:
Երբ արդեն երեխան տարիքային առումով հասունացած է, այն ժամանակ միայն պետք է կիրառվի
այդպիսի բալային համակարգ»,- ասում է Կ. Մելքոնյանը: Իսկ ըստ պատասխանատուների, երեխան
տարիքային առումով հասունանում է արդեն 2-րդ դասարանում, որովհետեւ հենց 2-րդից կիրառվում
է այս թվանշանային գնահատումը: «Մտահոգությունը, որ աշակերտները կարող են
սթրեսի մեջ ընկնել ձեւակերպումներից… դուք ավելի եք մտահոգվում, քան երեխաներն
իրենք: Որովհետեւ այսօր էլ հիմնականում սթրեսի մեջ են ընկնում այն երեխաները, ովքեր
լավ սովորում են եւ նրանց անարդար են վերաբերվում: Իսկ երբ գնահատականն արդարացի
է նշանակվում (իսկ դա մեթոդների խնդիր է), ոչ ոք սթրեսի մեջ չի ընկնում»: Ի դեպ,
թեեւ պրն Մելքոնյանն իբրեւ ծրագրի պատասխանատու նշում է, որ իրենք չեն խրախուսում
բացասական գնահատականների առատությունը, սակայն միեւնույն ժամանակ նշում է, որ սանդղակի
միայն 40 տոկոսն է դիտարկվում իբրեւ դրական: «Կլինեն երեխաներ, որ կլացեն, բայց դրանք
մեթոդիկայի հարցեր են»: Ինչ վերաբերում է 10՝ բացառիկ միավորին, ապա, ըստ պրն Մելքոնյանի,
այն կնշանակվի հազվադեպ: «Գերազանցից ավելին չէինք կարող տալ, նույնիսկ նախատեսում
էինք 9 բալանոց գնահատում, բացառիկ են նրանք, ովքեր ուսումնական նյութից, ծրագրից
դեռ մի բան էլ ավելին գիտեն, այսինքն՝ նրանք չափորոշիչով նախատեսվածից ավելին են
ներկայացնում»: Եվ սա այն դեպքում, երբ նույն կրթակարգով գնահատվում է «չափորոշիչներով
սահմանված գիտելիքների յուրացումը»: Իսկ 10 միավոր ստանալը պարտադիր չէ, բայց պարտադիրի
շարքում է ընդգրկված: Այն աշակերտներն էլ, ովքեր տիրապետում են չափորոշիչներով սահմանված
գիտելիքներին, միեւնույն է, կմնա անլիարժեքության զգացումը: ՀԱՍՄԻԿ
ԲՈՒԴԱՂՅԱՆ