Մարդասպան կրկնահանցագործը ազատ է արձակվել՝ չկրելով նույնիսկ իր պատժի կեսը
8 տարի ազատազրկման դատապարտված Արիստակես Մարգարյանը պատիժը կրելու ընթացքում կատարել էր նոր հանցագործություն՝ դատարանի նկատմամբ սպառնալից պահվածք դրսեւորելու հատկանիշով: Սակայն ապրիլի 26-ին Էրեբունի-Նուբարաշեն համայնքների առաջին ատյանի դատարանը (դատավոր՝ Ա. Գաբրիելյան) նրան պայմանական վաղաժամկետ ազատել է պատիժը կրելուց, քանի որ, ըստ դատարանի, Մարգարյանը կրել էր պատժի 1/2-ը: Նախկինում 6 անգամ դատված Արիստակես Մարգարյանը 2001թ. հունիսի 24-ի լույս 25-ի գիշերը իր տան բակում առանձնակի դաժանությամբ (շշերով, մետաղյա խողովակներով) սպանեց 27-ամյա Արմեն Խռայանին: Վերջինիս հոր՝ Բայանդուր Խռայանի կարծիքով, պատժից վաղաժամկետ ազատելու հիմքեր իր որդուն սպանողը չուներ, քանի որ, ըստ ՀՀ քրեակատարողական օրենսգրքի 115 հոդվածի 1-ին եւ 2-րդ մասի պահանջների, դատարանը պետք է հաշվի առներ դատապարտյալի անձը: Դատապարտյալը չպետք է ունենար տույժ՝ պատիժը կրելու ընթացքում:
«Էրեբունի» քրեակատարողական հիմնարկի վարչակազմը դատապարտյալ Արիստակես Մարգարյանին չի ներկայացրել դատարան, նրան պայմանական վաղաժամկետ ազատելու կապակցությամբ»,- տեղեկացնում է որդեկորույս Խռայանը: Վերջինիս տրամադրության տակ էր նաեւ քրեակատարողական հիմնարկի պատասխանը, որ սեւով սպիտակի վրա գրված էր, թե երբ է լրանում Ա. Մարգարյանի պատիժը կրելու 1/2-ը: Սպանվածի հայրը բողոքարկել է ՀՀ քրեական եւ զինվորական գործերով վերաքննիչ դատարան, որն էլ մերժել է վերաքննիչ բողոքի ընդունումը հետեւյալ պատճառաբանությամբ. «Բ. Խռայանը առաջին ատյանի վերը նշված որոշումը բողոքարկելու սուբյեկտ չի կարող դիտվել»: Վերաքննիչը իր հերթին «պաս» է տալիս վերադաս դատարանին, որոշելով. «Մերժել վերաքննիչ բողոքի ընդունումը: Որոշումը կարող է բողոքարկվել ՀՀ վճռաբեկ դատարանում՝ հրապարակման պահից տասնօրյա ժամկետում»:
«Ո՞վ է այն շահագրգիռ անձը, որը պետք է բողոքարկի վերաքննիչ դատարան, եթե ոչ ես»,- հարցնում է չորս տարի դատարանների դռները մաշած Խռայանը, որին վճռաբեկն էլ մերժելու է, քանի որ այս երկրում տուժողը կամ տուժողի իրավահաջորդը երբեք բողոքարկող սուբյեկտ չեն դիտվում:
«Այնտեղ, որտեղ արյուն է թափվել, ոչ մի ներում չպետք է լինի»,- ասում էր ՀՀ նախկին հանգուցյալ դատախազ Հենրիկ Խաչատրյանը: Իրավաբանների լռությունն այս գործով ավելի քան կասկածելի է, որովհետեւ նրանցից յուրաքանչյուրը անգիր գիտի, որ «եթե դատավճիռ կայացնելուց հետո, բայց մինչեւ պատժի լրիվ կրելը դատապարտյալը նոր հանցանք է կատարել, ապա նոր դատավճռով նշանակված պատժին լրիվ կամ մասնակիորեն գումարվում է նախորդ դատավճռով նշանակված պատժի չկրած մասը»: Իրավաբանական կրթություն հաստատ ստացած դատավորն ու դատախազը լավ գիտեն նաեւ. «Եթե կատարվել է անզգույշ հանցանք, դատարանը վերացնում է պայմանական վաղաժամկետ ազատումը»: Հետեւաբար, դատապարտյալն իր ո՞ր արժանիքի համար է հայտնվել դրսում: 27-ամյա երիտասարդին կյանքից զրկելո՞ւ, թե՞ դատարաններին իր սպառնալից կամքը թելադրելու:
ՌՈՒԶԱՆ ՄԻՆԱՍՅԱՆ