Լրահոս
Օրվա լրահոսը

ԽՈՍԵԼ՝ ԱՌԱՆՑ ՁԱՅՆԸ ԲԱՐՁՐԱՑՆԵԼՈՒ

Հունիս 15,2005 00:00

ԽՈՍԵԼ՝
ԱՌԱՆՑ ՁԱՅՆԸ ԲԱՐՁՐԱՑՆԵԼՈՒ Թուրքական մամուլը լայնորեն անդրադարձել
է Թուրքիայի Ազգային մեծ ժողովի պատգամավոր, Արդարության եւ զարգացման կուսակցության
անդամ Թուրհան Չյոմեզի Երեւան կատարած այցին՝ նշելով, թե այն աննախադեպ էր թուրք
քաղաքական գործիչների եւ լրագրողների համար՝ թե՛ այցելած վայրերի եւ թե՛ հանդիպումների
մեծ թվի առումով: Ի դեպ, Չյոմեզը հանդիպումներ է ունեցել ջազի վարպետ Լեւոն Մալխասյանի,
Անուշավան Հովհաննիսյան անունով մի երեւանցու եւ Երեւանում ուսանող թուրք համալսարանականների
հետ: «Զաման» թերթի թղթակից Ֆաթիհ Ուղուրը նշում է, թե Երեւանի պետական համալսարանում
«Հայ-թուրքական հարաբերությունները» թեմայով կոնֆերանսի ընթացքում որոշ ուսանողներ
եւ դասախոսներ բացասաբար են արձագանքել պատվիրակությանն ուղղված այն հարցերին, թե՝
«Պատրաստվո՞ւմ եք ձեր այցելության ընթացքում այցելել հայերի ցեղասպանության զոհերի
հուշարձան» կամ «Խորհրդարանական բոլոր խմբակցությունները ունե՞ն ընդհանուր մոտեցում
ցեղասպանության եւ հայ-թուրքական հարաբերությունների հարցերի վերաբերյալ»: Մեջբերված
են Թուրհան Չյոմեզի խոսքերը, թե «Արմավիա» ավիաընկերության չվերթը լիքն էր Հայաստանի
քաղաքացիներով, որոնք արդեն սկսել են տնտեսական հարաբերություններ եւ երկխոսություն
Թուրքիայի հետ՝ Վրաստանի միջոցով: Ստամբուլի «Մարմարա» օրաթերթն այլ հետաքրքրական
մանրամասներ էլ է հաղորդում «Արմենիա-Մարիոթ» հյուրանոցում Չյոմեզի եւ ՀՅԴ Հայ դատի
եւ քաղաքական հարցերի գրասենյակի ներկայացուցիչ Կիրո Մանոյանի հանդիպման մասին: Ըստ
թուրք թղթակիցներից «Մարմարա»-ի ստացած տեղեկությունների՝ Կիրո Մանոյանը հայտնել
է, որ առաջին անգամ էր հանդիպում թուրք քաղաքական գործչի հետ եւ օգտակար է համարում
այդ երկխոսությունը: Երկուսն էլ համաձայնել են, որ պետք է շարունակվեն նման երկխոսությունները:
Չյոմեզն ասել է, որ այս հանդիպումների նպատակը հենց այդ է: Նա շնորհակալություն է
հայտնել Հայաստանում իր նկատմամբ ցուցաբերված հյուրասիրության համար: «Նույն աշխարհագրական
տարածքում կարող ենք քայլեր ձեռնարկել դեպի առաջ եւ իրար հետ խոսել առանց ձայնը բարձրացնելու»,-
նշել է թուրք պատգամավորը: Սեփ. լր.

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել