Ըստ
քաղաքագետ Ստեփան Գրիգորյանի, այդպիսին է լինելու ՀԱՊԿ խորհրդի հերթական նիստը Հունիսի
22-23-ը Մոսկվայում տեղի է ունենալու Հավաքական անվտանգության խորհրդի նիստ, որին
մասնակցելու է նաեւ Հայաստանի նախագահ Ռոբերտ Քոչարյանը: Կայանալու է նաեւ կազմակերպության
անդամ պետությունների արտգործնախարարների, պաշտպանության նախարարների եւ ազգային
անվտանգության խորհուրդների քարտուղարների նիստը: Նիստի օրակարգն առայժմ ճշտվում
է: Հայաստանի արտաքին գերատեսչության մամուլի եւ հասարակայնության հետ կապերի վարչությունից
միայն նախնական տեղեկություն տրամադրեցին, համաձայն որի՝ քննարկվելու են քաղաքական
եւ ռազմական ոլորտներում համագործակցության կատարելագործման ու զարգացման նախագծեր:
Նիստին ընդառաջ, երեկ Հայաստան է ժամանել Հավաքական անվտանգության պայմանագրի
կազմակերպության (ՀԱՊԿ) գլխավոր քարտուղար Նիկոլայ Բորդյուժան: Ըստ պաշտոնական տեղեկությունների,
նա հանդիպումներ կունենա Ռոբերտ Քոչարյանի եւ Ազգային անվտանգության խորհրդի քարտուղար,
պաշտպանության նախարար Սերժ Սարգսյանի հետ: Այցի ընթացքում Ն. Բորդյուժան կտեղեկացնի
Հավաքական անվտանգության խորհրդի նիստի օրակարգում ընդգրկված հարցերի, կազմակերպության
առջեւ ծառացած խնդիրների, դրանց լուծման ուղիների եւ ապագա անելիքների մասին: «Ռեգնում»
գործակալության հաղորդմամբ, Երեւան այցելությունից առաջ պարոն Բորդյուժան հայտարարել
է, որ Հայաստանը կազմակերպության ամենաակտիվ մասնակիցներից մեկն է, եւ ՀԱՊԿ շրջանակներում
այսօր իրականացվող նախաձեռնություններից շատերը գալիս են հենց այդ երկրից: Խորհրդի
նիստի պատրաստություններին ընդառաջ, Ն. Բորդյուժան արդեն հանդիպումներ է ունեցել
կազմակերպության գլխավոր քարտուղար ՌԴ նախագահի, Բելառուսի նախագահի եւ Ղրղըզստանի
նախագահի պաշտոնակատարի հետ: «Առավոտի» հետ զրույցում քաղաքագետ Ստեփան Գրիգորյանը
խորհուրդ տվեց սպասելիքներ չունենալ այս հանդիպումներից, մասնավորապես՝ կայանալիք
խորհրդի նիստից: Նրա գնահատմամբ, այն կլինի հերթական նիստերից մեկը, որի ընթացքում
հերթական անգամ կխոսվի կառույցն արդյունավետ եւ գործունյա դարձնելու մասին: «Արդեն
13 տարի է՝ այդ խոսակցությունները գնում են»,- նկատեց մեր զրուցակիցը: Ի դեպ, այս
առիթով նա հիշեցրեց մարտ ամսին ՌԴ նախագահ Վ. Պուտինի Երեւանում արած մի հայտարարություն:
Խոսելով ԱՊՀ-ի մասին՝ ՌԴ նախագահը նկատել էր, որ այն ստեղծվեց խորհրդային պետությունների
քաղաքակիրթ ապահարզանի համար, եւ որ քաղաքական, տնտեսական, ռազմական ոլորտներում
սպասելիքներն իզուր էին: «Այդ կառույցը չէր կարող այդպիսին լինել եւ ավելին չէր կարող
տալ»,- հայտարարել էր ՌԴ նախագահը: Նաեւ այս ամենից ելնելով՝ Ստեփան Գրիգորյանը մեկ
անգամ եւս փաստում է, որ անվտանգության այս համակարգը բավարար չէ՝ «հատկապես Հայաստանի
համար, որը տարածաշրջանում կղզիանում է նաեւ անվտանգության ապահովման ոլորտում»:
Նա այս համատեքստում է դիտարկում նաեւ Վրաստանից դուրս բերվող ռուսական ռազմաբազաների
Հայաստան տեղափոխումը: Չնայած այս ամենին, քաղաքագետի կանխատեսմամբ, ոչ ՀԱՊԿ-ն,
ոչ ԱՊՀ-ն ֆորմալ տեսանկյունից իրավաբանորեն չեն քանդվի: Բայց նաեւ չեն «վերակենդանանա»:
Ավելին՝ օրեցօր առավել ոչ գործունյա կդառնան՝ «քանի որ այդ կազմակերպություններն
իրենց անդամներից ոչինչ չեն պահանջում, անգամ՝ համատեղ ստորագրած փաստաթղթերի կատարում:
Ակումբային սկզբունքով՝ գալիս, խոսում, գնում են, հավաքները կշարունակվեն»: Ն.
ԳՐԻԳՈՐՅԱՆ