Լրահոս
Օրվա լրահոսը

ՀԱՂԹԱՆԱԿ ԵՎ ԴՐԱՄԱԿԱՆ ԽՈՇՈՐ ՊԱՐԳԵՎՆԵՐ

Հունիս 14,2005 00:00

ՀԱՂԹԱՆԱԿ ԵՎ ԴՐԱՄԱԿԱՆ ԽՈՇՈՐ ՊԱՐԳԵՎՆԵՐ Տեւական նիրհից հետո ձիասպորտը Հայաստանում բավականին աշխուժացում է սկսել ապրել Զգալիորեն մեծացել է ոչ միայն այս էլիտար մարզաձեւով զբաղվողների թվաքանակը, այլեւ ավելի հաճախակի են դարձել ամենատարբեր մրցումները: Ավելին, օրերս մարզաձեւի ֆեդերացիայի գործկոմը որոշել է դրանց թիվը հասցնել ամսական առնվազն երկուսի: Շաբաթ օրը Հովիկ Հայրապետյանի անվան ձիասպորտի կենտրոնում անցկացվեց «Մուլտի Գրուպ» կոնցեռնի փոխանցիկ գավաթի առաջնությունը՝ արգելքների հաղթահարում մրցաձեւից, որին մասնակցեցին վեց ակումբների 18 հեծյալներ: Առաջին փուլում նրանք պետք է?510 մետր երկարությամբ մրցատարածությունում տեղադրված 11 արգելքները հաղթահարեին ստուգողական 88 վայրկյանում: Մասնակիցներից երկուսը նժույգների վատառողջության պատճառով դուրս չեկավ մեկնարկի, իսկ չորսը մրցատարածությունում չկարողացան պահանջվածի պես կառավարել նժույգներին ու դուրս մնաց պայքարից: Այնպես որ, «Մուլտի Գրուպի» գավաթը եւ դրամական խոշոր մրցանակները վիճարկեցին 12 հեծյալներ: Առաջին փուլն ամենից ավելի հաջող հաղթահարեց «Մուլտի Գրուպի» ձիասպորտի ակումբի ներկայացուցիչ, սպորտի վարպետ Գեւորգ Հովհաննիսյանը, որը իր Աստրա խառնածին նժույգով մրցատարածությունն անցավ 79 վայրկյանում՝ չստանալով ոչ մի տուգանային միավոր: Երկրորդ արդյունքը ցույց տվեց Ձիասպորտի կենտրոնի անդամ, սպորտի վարպետ Միքայել Ղազարյանը: Նա իր Ախալթեքեյան ցեղի Սարինգյուլ նժույգով ընդամենը մեկ վայրկյան զիջեց առաջատարին՝ նույնպես չստանալով տուգանային միավոր: Իսկ երրորդը, թերեւս, ամենափորձառու մասնակիցն էր՝ Միքայելի թիմակից, սպորտի վարպետ Նորայր Ստեփանյանը: Նա նույնպես Ախալթեքեյան ցեղի Դնեպր անունով նժույգով տարածությունը «մաքուր» հաղթահարեց, սակայն դրա համար վատնեց 86 վայրկյան: Հենց այս երեք նժույգավարներն էլ մտան եզրափակիչ փուլ: Այստեղ նրանց ներկայացվող պահանջները փոխվեցին: Մրցատարածությունը կրճատվեց եւ հասցվեց 210 մետրի, արգելքների թիվը նվազեցվեց 6-ի, իսկ ստուգողական ժամանակը սահմանվեց 36 վայրկյան: Սակայն յուրաքանչյուր աննշան խախտման համար մրցավարները մասնակցին պատժելու էին տուգանային միավորներով: Նորայր Ստեփանյանը ցույց տվեց 37 վրկ եւ 0 տուգանային միավոր արդյունք, Միքայել Ղազարյանը, համապատասխանաբար, 35 եւ 4, իսկ Գեւորգ Հովհաննիսյանը՝ 36 եւ 4: Եվ մրցանակային եռյակը նույն հաջորդականությամբ էլ որոշվեց: «Մուլտի Գրուպի» գավաթը եւ 1մլն դրամ դրամական պարգեւը հանձնվեց հաղթողին, 2-րդ տեղն զբաղեցրած հեծյալն ստացավ 600 հազար դրամ, 3-րդ մրցանակակիրը՝ 400 հազար դրամ: Վերջում նշենք, որ չնայած մրցումներն ընթանում էին շոգ ու հեղձուցիչ եղանակային պայմաններում, բավականին մեծ թվով մարզասերներ էին հետեւում դրանց: Իսկ «Մուլտի Գրուպը» ներկաների տապը մեղմելու նպատակով անվճար զովացուցիչ ըմպելիքներ էր բաժանում: ԱՇՈՏ ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2005
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930