Լրահոս
Օրվա լրահոսը

«Զրկված

Հունիս 14,2005 00:00

«Զրկված եմ նույնիսկ գեղեցիկ տղաների հետ շփումից» Խոստովանում է կանադահայ ճանաչված ջութակահարուհի Քեթրին Մանուկյանը Աշխարհի ճանաչված՝ Վանկուվերի CBC, Տոկիոյի, Բոստոն Փոփս, Տորոնտոյի եւ այլ ճանաչված նվագախմբերի, ինչպես նաեւ մեծահամբավ Մարիո Բերնարդինի, Ռոյ Գուդմանի, Փիթեր Ունջյանի, Թոմոմի Նիշիմոտոնի եւ այլ դիրիժորների հետ հանդես եկած Ք. Մանուկյանը, բեմական կարիերային զուգահեռ, Տորոնտոյի փիլիսոփայության համալսարանում մագիստրոսի կոչում ստանալուց հետո պատրաստվում է պաշտպանել նաեւ դոկտորական թեզ: «Երիտասարդ եմ, բայց կյանքի մեծ զոհողությունների միջով եմ անցել: Գիտակցում եմ, որ բնական հաճույքներ կարող եմ վայելել նաեւ տարիներ անց: Մի խոսքով, կյանքիս այս հատվածում ինձ նվիրել եմ երաժշտությանն ու փիլիսոփայությանը»,- հայտնեց ջութակահարուհին: Ք. Մանուկյանը «Առավոտին» տեղեկացրեց, որ հունիսի 17-ի Հայաստանի պետական ֆիլհարմոնիկ նվագախմբի հետ իր համերգից հետո Երեւան կժամանի հայտնի JVC Victor ճապոնական ֆիրման, որը «Ա. Խաչատրյան» համերգասրահում կիրականացնի արդեն կայացած համերգում հնչած Ա. Խաչատրյանի եւ Շոստակովիչի ջութակի եւ նվագախմբի համար գրված ստեղծագործությունների ձայնագրությունը: Ք. Մանուկյանը տեղեկացրեց, որ ֆիրմայի հետ մեկ տարի տեւած բանակցությունների արդյունքում ինքը հասել է նրան, որ հենց Հայաստանում կատարվեն ձայնագրությունները, մանավանդ Խաչատրյանի երկը: «Ֆիրման արդեն վարել էր բանակցություններ՝ Մոսկվայում, տեղի կամերային նվագախմբի հետ ձայնագրություններն իրականացնելու, բայց ինձ հաջողվեց համոզել նրանց, որ այն մակարդակը, ինչ ակնկալում են իրենք, կապահովի միայն զուտ հայերից բաղկացած նվագախմբի ու հայ դիրիժորի կատարումը»,- նշեց ջութակահարը: Հետաքրքրվեցինք, թե ինչպե՞ս է նման ֆիրման ընդառաջել նրան: Ք. Մանուկյանը հայտնեց, որ միայն JVC-ն եւ նույնպես հայտնի Marquis Classics/EMI ֆիրմաներն են թողարկում իր CD-ները եւ ներկայանում են որպես ջութակահարուհու իմպրեսարիոներ: Մեզ հետ զրույցի ընթացքում, երկրորդ անգամ Հայաստան ժամանած երիտասարդ արվեստագետը սփոփեց մեր այն մտահոգությունը, որ մեզանում պատշաճ վերաբերմունք չի ցուցաբերվում դասական երաժշտարվեստին: «Ամբողջ աշխարհում է այսօր դասական երաժշտության հանդեպ հետաքրքրությունը կորել, ավելի ճիշտ կլինի ասել՝ նվազել: Այսօր ամենուր հնչող թեթեւ, թիթեռի կյանք ունեցող երաժշտությունը ավելի դյուրամարս է, որն ունկնդրելու համար առանձնակի կրթություն եւ պատրաստվածություն չի պահանջվում: Բայց սա, համոզված եմ, ժամանակավոր բնույթ է կրում: Հիշենք, 1790թ. ֆրանսիական հեղափոխությունից հետո, երբ դասական երաժշտությունը հարուստների տներից դուրս եկավ համերգասրահներ, ինչպիսի բում առաջացրեց, որին տարիներ հետո, ժամանակ առ ժամանակ հաջորդեց նաեւ անկումը: Համոզված եմ՝ այս երեւույթը ժամանակավոր բնույթ է կրում աշխարհում»,- ասաց արվեստագետը: Ս. ԴԱՆԻԵԼՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել