Լրահոս
Օրվա լրահոսը

ՈՉ

Հունիս 14,2005 00:00

ՈՉ ԹԵ ԷՄՈՑԻՈՆԱԼ, ԱՅԼ ԻՐԱՏԵՍԱԿԱՆ ԱՐՏԱՔԻՆ ԿՈՂՄՆՈՐՈՇՈՒՄ Հայաստանում ստեղծված ներկա անտանելի պայմանները շարունակական արտագաղթի պատճառ են դարձել Այս իրավիճակում, եթե ԱՄՆ-ը նպատակ ունենար առիթն օգտագործել եւ մեր հաշվին աջակցեր իր դաշնակից Թուրքիային, ապա նրա համար դժվար չէր Հայաստանից իր երկիր մշտական բնակության նպատակով մեկնել ցանկացողների մուտքը դարձնել ազատ, եւ կարճ ժամանակում Հայաստանը «կդատարկվեր»: Մինչդեռ ԱՄՆ իշխանություններն ամեն տարի, բազմապիսի աջակցություններից զատ, շուրջ 100 միլիոն դոլարի օգնություն են տրամադրում մեր երկրին: Դեռ երկա՞ր ենք պատրաստվում հանդուրժել այս վիճակը, երբ հայաթափման քաղաքականությունն իրականացնեն մեր իշխանավորները, իսկ հայապահպան քաղաքականության իրականացումն ակնկալենք ուրիշներից: Ի դեպ, այսօր նրանք, ովքեր ԱՄՆ-ին մեղադրում են, թե աշխարհում կարգուկանոն հաստատելու պատրվակով ուրիշների գործերին է միջամտում, գուցե հիշեն, որ ավելի քան 60 տարի առաջ, երբ չկար տեխնիկայի զարգացման այսպիսի բարձր մակարդակ, երկու օվկիանոսներով աշխարհից «մեկուսացված» ԱՄՆ-ը եթե չմիջամտեր Եվրոպայում ու Ասիայում տեղի ունեցող գործընթացներին, ի՞նչ կլիներ: Հուսով եմ՝ չեն մոռացել, որ Եվրոպայում Գերմանիան, Ասիայում Ճապոնիան ծնկի էին բերել բազմաթիվ պետությունների եւ խրոխտ քայլերով առաջ էին շարժվում: Անշուշտ, անգնահատելի է ԽՍՀՄ դերը ֆաշիզմի դեմ տարած հաղթանակում: Սակայն չպետք է մոռանալ, որ ԱՄՆ-ը, անգամ ԽՍՀՄ-ի հետ ունենալով գաղափարական անտագոնիզմ, համաշխարհային պատերազմի առաջին իսկ օրերից Եվրոպային, այնուհետեւ նաեւ ԽՍՀՄ-ին օգնեց բոլոր հնարավոր միջոցներով: Չէ՞ որ այն ժամանակ էլ շատերը մեղադրում էին ԱՄՆ-ին, թե ինչու ակտիվ նախաձեռնություն հանդես չի բերում ու կարգուկանոն հաստատում աշխարհում, թեպետ նա գերտերությանը հատուկ այնպիսի հնարավորություններ չուներ, ինչպիսիք՝ այժմ: Այսօր ժամանակակից զինտեխնիկայի առկայության պայմաններում աշխարհը դարձել է ավելի խոցելի եւ, ավելի քան երբեւէ, անհրաժեշտ է ոչ թե հայտարարված պատերազմների մեջ ներքաշվել ու ինչ-որ լուծումներ գտնել, այլ համապատասխան միջոցառումներ ձեռնարկելով՝ կանխարգելել քաղաքակրթական ձեռքբերումներին սպառնացող հավանական վտանգները: Եվ չպետք է մոռանալ, որ աշխարհի տարբեր տեղերում բռնկված պատերազմների ժամանակ շատ հաճախ հենց ԱՄՆ-ից են օգնություն խնդրում իրենց հարեւան երկրների ոտնձգություններից ու ասպատակություններից փրկվելու համար: Համեմատաբար վերջերս էր, երբ իրաքյան ագրեսիայի ժամանակ Քուվեյթի բնակիչները ապավինում էին ոչ թե արաբական լիգաներին, իսլամական կոնֆերանսներին, բազմապիսի կրոնական կազմակերպություններին, այլ՝ ԱՄՆ-ին: Աշխարհը «տեսել» է, թե ինչի են ընդունակ աշխարհակալական ամբիցիաներով Թուրքիան, Գերմանիան, Ճապոնիան եւ շատ ուրիշ երկրներ: Հակառակ դրան՝ տեսել ու տեսնում ենք, թե ինչպես է վարվում ԱՄՆ-ը: Ուստի հաշվի առնելով այն հանգամանքը, որ տեսանելի ապագայում Հայաստանը որեւէ շանս չունի դառնալ աշխարհի բեւեռ, իսկ պատմության ընթացքում աշխարհը երբեք առանց բեւեռ չի եղել, իրավունքը մերն է՝ թե՛ համեմատություններ անցկացնելու, թե՛ իրավիճակն օբյեկտիվ գնահատելու եւ թե՛ ընտրություն կատարելու: Տեղին է հիշել, որ Առաջին համաշխարհային պատերազմի ավարտից մինչեւ Երկրորդի սկսվելը ընդամենը քսան տարի էր անցել: Աշխարհում ռազմաքաղաքական կենսունակ համակարգերի բացակայությունը նպաստավոր պայմաններ ստեղծեց, որ պատերազմում պարտված Գերմանիան բոլորի աչքի առաջ ռազմատենչ գաղափարախոսությամբ հզորացներ իր բանակն ու հավակներ տիրանալ աշխարհին: Մինչդեռ Առաջին համաշխարհային պատերազմի ավարտից հետո Փարիզի հաշտության կոնֆերանսում Ազգերի լիգայի հիմնադրման նպատակը (կանոնադրությունը հաստատվել է 1919թ.՝ Վերսալի հաշտության պայմանագրով) ժողովուրդների միջեւ համագործակցության զարգացման, խաղաղության եւ անվտանգության ապահովումն էր: Ազգերի լիգային չէր անդամակցում ԱՄՆ-ը: Այդ պարագայում անդամ երկրներին հաջողվե՞ց իրենց հիմնադրած կառույցով լինել խաղաղության եւ անվտանգության երաշխավորն աշխարհում: Ակնհայտորեն՝ ո՛չ: Հենց սա էլ հանդիսացավ հիմնական պատճառը, որ ԱՄՆ-ի նախաձեռնությամբ Երկրորդ համաշխարհային պատերազմի ավարտից հետո հիմնադրվեց որակապես նոր միջազգային կառույց՝ ՄԱԿ-ը, իսկ մի քանի տարի անց Հյուսիսատլանտյան ռազմաքաղաքական դաշինքը՝ ՆԱՏՕ-ն: Աշխարհում հարաբերությունները գնալով բարդանում են, սրվում են էթնիկ, կրոնական, ռասայական հակամարտությունները, ահագնանում է միջազգային ահաբեկչության վտանգը, աշխարհաքաղաքական վերադասավորումներ են կատարվում, ատոմային տերություններ են ի հայտ գալիս: Դրան զուգընթաց ունենք 60 տարվա խաղաղություն, իսկ պատերազմները միայն լոկալ բնույթ են կրել: Վերջին ժամանակներում ԱՄՆ ղեկավար շրջանակներից լսվում են կարծիքներ, որ ներկա պայմաններում ՄԱԿ-ն այլեւս ի զորու չէ արդյունավետ հանդես գալ որպես աշխարհում խաղաղության եւ անվտանգության պահպանման ու ամրապնդման երաշխավոր: Ուստի կարծում եմ՝ ճիշտ կլինի պատմական դառը փորձն ու աշխարհաքաղաքական նոր իրողությունները հաշվի առնելով՝ նախօրոք մտածել թե՛ գոյություն ունեցող կառույցները բարեփոխելու եւ թե՛ անհրաժեշտության դեպքում նորը հիմնադրելու ուղղությամբ, որպեսզի հետագայում ստիպված չլինենք այդ անել հերթական համաշխարհային պատերազմից հետո: Անդրադառնամ նաեւ ԵՄ սահմանադրության վավերացման շուրջ բորբոքված կրքերին: Նրանք, ովքեր ստեղծված վիճակում կանխագուշակում են ԵՄ-ի մոտալուտ վախճանը, շատ թյուր պատկերացում ունեն ԵՄ-ի, նրա գործունեության եւ առհասարակ համամարդկային քաղաքակրթական արժեքների պահպանման նկատմամբ եվրոպացիների նպատակների մասին: Ի՞նչ է կատարվում իրականում: Եվրոպայում մի տեսակ արհեստական լիդերություն էր փորձում ստանձնել Ֆրանսիան՝ սերտ համագործակցելով Գերմանիայի հետ: Այդ ալյանսին ներգրավվել էր նաեւ Ռուսաստանը: Փաստորեն, ՄԱԿ-ի կողմից Իրաքի նկատմամբ իրականացվող նավթի արտահանման սահմանափակումների եւ տնտեսական պատժամիջոցների ավելի քան տասը տարիների ընթացքում Ռուսաստանը, Ֆրանսիան եւ Գերմանիան շահեկան գործընկերներ էին դարձել վերջինիս համար, որի պատճառով դեմ էին ԱՄՆ-ի կողմից Իրաքում իրականացվող ռազմական գործողություններին: Փոխադարձ հետաքրքրությունը սերտացրեց համագործակցությունը այդ երեք երկրների միջեւ: Սակայն գաղափարական ընդհանրություն այս ամենի մեջ փնտրել հնարավոր չէր: Արդյունքում՝ թե՛ Ֆրանսիայի նախագահ Շիրակը, թե՛ Գերմանիայի կանցլեր Շրյոդերը իրենց երկրներում վստահության կորուստ ունեցան: Ուստի բնական է, որ նրանք իրենց ժողովուրդների կողմից չստացան աջակցություն Եվրոպայի շահերին ոչ համահունչ եւ ԱՄՆ-ի հետ հակամարտություն պարունակող Ռուսաստանի հետ այդ կասկածելի գործընկերության համար: Դրան զուգահեռ՝ իր պաշտոնը պահպանեց ԱՄՆ-ի սերտ դաշնակից Մեծ Բրիտանիայի վարչապետ Թոնի Բլեերը: Մեծ հաշվով եվրոպացին դեմ է այն արհեստականորեն շրջանառվող գաղափարին, որ ԵՄ-ն զարգանա ի հակակշիռ ԱՄՆ-ի, որ պետք է ստեղծել եվրոպական անվտանգության համակարգ, որպեսզի նվազեցվի ԱՄՆ-ի գործոնը, եվրոն՝ ընդդեմ դոլարի եւ այլն: Քաղաքակիրթ աշխարհը զարգանում է հանուն, այլ ոչ թե ընդդեմ: Մինչ ընդլայնումը՝ ԵՄ-ն առաջնորդվում էր օրենքներով, որոնք նոր ընդգրկվածների համար չէին կարող ամբողջությամբ կիրառելի լինել, քանզի որքան էլ նրանք ընդգրկվել են նույն ընտանիքի մեջ, միեւնույն է՝ ԵՄ անդամ երկրների միջեւ զարգացածության մակարդակների զգալի տարբերություն կա: Նոր անդամների պայմաններում (եվրոպական համակեցության ընդհանուր կանոններ ունենալու եւ հսկայածավալ օրենքներ չընդունելու համար) ԵՄ-ն գնաց անդամ բոլոր երկրների համաձայնությամբ ընդունելի սահմանադրություն ունենալու ճանապարհով: Մնում է միայն վավերացման գործընթացը: Այստեղ է, որ ֆրանսիացիները ըստ էության ոչ ասացին՝ առաջին հերթին իրենց կառավարությունից դժգոհ լինելու պատճառով, եւ երկրորդ հերթին, դա նրանց վերաբերմունքն էր ԵՄ-ին Թուրքիայի անդամակցության հարցի նկատմամբ: Եվրոպացին այսօր չի հավատում Թուրքիայի քաղաքակրթվելու հեռանկարին եւ զգուշանում է ԵՄ-ին նրա անդամակցությունից: Մինչդեռ Հայաստանի համար կարեւոր է ՆԱՏՕ-ի անդամ, 70 միլիոն բնակչությամբ տարածաշրջանի ամենահզոր բանակն ունեցող մուսուլմանական Թուրքիայի անդամակցումը ԵՄ-ին: Այլապես՝ մեզ համար վտանգավոր է ժողովրդավարացման չձգտող, ԵՄ-ից մերժված ու քաղաքակիրթ աշխարհից նեղացած հարեւանի առկայությունը, որը կարող է վարել անկանխատեսելի քաղաքականություն: Նույն այս ընթացքում Եվրոպայի ամենապահպանողական երկիր համարվող Շվեյցարիան հանրաքվեով որոշեց դառնալ «Շենգենի» անդամ, դրանով իսկ փաստելով, որ եվրոպական զարգացումը նոր ու հեռանկարային փուլ է թեւակոխում: Այս կանխատեսելի խառնաշփոթը դարձյալ վկայեց, որ չպետք է փորձել արհեստականորեն նսեմացնել ԱՄՆ-ի դերն աշխարհում, քանի որ այդ դեպքում ստիպված կլինեն իրենց ձեռքով մեծացնել ԱՄՆ-ի դերը հենց Եվրոպայում: ԳԱՅԱՆԵ ԴԱԲԱՂՅԱՆ, ՀԱԱԿ քաղաքական խորհրդի անդամ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել