Լրահոս
Օրվա լրահոսը

Լրտեսը նաեւ կոմունիստ էր

Հունիս 14,2005 00:00

Լրտեսը նաեւ կոմունիստ էր Երեկ Մալաթիա-Սեբաստիա համայնքի առաջին ատյանի դատարանում շարունակվեց լրտեսության մեջ մեղադրվող Անդրեյ Մազիեւի քրեական գործը: Դատարանը լսեց գործով անցնող եւս 6 վկաների: Կոմունիստական կուսակցության ներկայացուցիչ Մելիք Վարդանյանն իր ցուցմունքում հաստատեց, որ 2000թ., իր դիմումի համաձայն, Մազիեւին տրվել է կուսակցական տոմս: Նրա կուսակցական ակտիվությունը դրսեւորվել է կուսակցության միջոցառումներին մասնակցելով: Մ. Վարդանյանը Մազիեւին տեսել է 2-3 անգամ, իսկ մինչ այդ նրան չի ճանաչել: Երկրորդ վկան Հայաստանի ասորական համայնքի ղեկավար Իրինա Գասպարյանն էր: Վերջին տարիներին նա եղել է Ադրբեջանում, Վրաստանում, այլ երկրներում եւ մասնակցել ազգային փոքրամասնությունների խնդիրներին նվիրված միջազգային սեմինարներին եւ համաժողովներին: 2000-ի գարնանը այդպիսի միջոցառմանը մասնակցելու նպատակով մեկնել է Ադրբեջան: Սահմանի վրա նրան դիմավորել են Զաուրը եւ Մահմուդը: Առաջինը ներկայացել է որպես Ադրբեջանի երիտասարդական միության նախագահ, իսկ երկրորդը՝ Ադրբեջանի ԱԱԾ բաժնի պետ: Ըստ վկայի, սկզբում իրեն ագրեսիվ են դիմավորել, խոսակցություն են բացել Հայաստանի եւ Ղարաբաղի մասին: Ինքը փորձել է խուսափել այդ բանավեճից, բայց, ի վերջո, ստիպված է եղել ներկայացնել իր պատկերացումներն ու պատմական իրողությունները: Երբ բանավեճը հանդարտվել է, նրան հումորով առաջարկել են տեղափոխվել Հայաստանից եւ բնակություն հաստատել Ադրբեջանում: Ինքը հրաժարվել է: Վերջին անգամ 2000-ին Ստրասբուրգում անցկացված նմանատիպ սեմինարի ընթացքում նա ծանոթացել է Ադրբեջանի ստրասբուրգյան ներկայացուցչի հետ, «որի անունը, կարծես թե Ֆայիդ էր»: Վերջինը մի գիրք է տվել նրան եւ խնդրել, որ կարդա եւ տեսնի, թե ինչ տեռորիստ ժողովուրդ են հայերը: Մազիեւին նա չէր ճանաչում: Սակայն, ըստ գործի նյութերի, Իրինա Գասպարյանի վերաբերյալ որոշ տվյալներ են հայտնաբերվել Մազիեւի բնակարանի խուզարկությունից, որոնք տրվել են Ադրբեջանի ԱԱ ծառայության աշխատակիցների կողմից եւ Մազիեւին հանձնարարություն է տրվել ծանոթանալ նրա հետ, ինչի մասին վկան տեղյակ չի եղել: Պետրոս Սողոմոնյանը իր ցուցմունքում նշեց, որ չի ճանաչել Մազիեւին: Երկար տարիներ աշխատել է Ադրբեջանում, Նախիջեւանում, այնուհետեւ՝ սովետա-իրանական արշավախմբում, իսկ հետո՝ նաեւ Հայաստանում: Նա նույնպես վերջին երեք տարիներին հաճախ է մասնակցել Հարավային Կովկասի խնդիրներին նվիրված միջազգային սեմինարների, որոնք անցկացվել են Ամերիկայում, Ֆրանսիայում: Այդ սեմինարներին մասնակցել են նաեւ ադրբեջանցիները, որոնց կողմից ներկայացված նախագծերին ինքը ղեկավարի կարգավիճակով տվել է եզրակացություն: Երկրորդ մեղադրող Արամ Ամիրզադյանի այն հարցին, թե կարո՞ղ էր ինքը հետաքրքրել Ադրբեջանի ԱԱԾ-ին, ասաց, որ հնարավոր է: Վկաներից Արմենակ Սիրականյանն աշխատում է ՊՆ-ում: Մազիեւին ճանաչում է դպրոցից: Իր ցուցմունքում հաստատեց այն դրվագը, որ Մազիեւի հետ գնացել է Նորքի 2-րդ զանգվածում գտնվող մի բնակարան, որի տանտերը Արմենակի աշխատանքային ընկերոջ բարեկամն էր: Մազիեւը խնդրել է տանտերերին՝ տալ ՌԴ-ում գտնվող իրենց որդու հասցեն: Հասցեն տվել են, սակայն Արմենակը այն վերցրել է ալկոհոլ օգտագործած Մազիեւի ձեռքից: ԷԼՄԻՐԱ ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2005
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930