Լրահոս
Օրվա լրահոսը

Ո՞ՒՄ

Հունիս 14,2005 00:00

Ո՞ՒՄ ԵՆ ՊԵՏՔ ԱՏԵՍՏԱՑԻՈՆ ՔՆՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ Եթե նախկին շրջանավարտները քննություն հանձնելու համար բավարար չափով չեն տեղեկացվում Ոչ պետական բուհերի նախորդ տարիների շուրջ 17-18 հազար շրջանավարտներ, ովքեր ավարտել են մինչեւ 2000 թվականը, պետական նմուշի դիպլոմ ստանալու համար պետք է նորից քննություններ հանձնեն: Խնդիրն այն է, որ մինչեւ 2000 թ. ոչ պետական բուհերի հավատարմագրում դեռեւս չկար, այսինքն՝ լիցենզավորվելուց հետո այդ բուհերին պակասում էր որոշակի կարգավիճակ, որպեսզի այս բուհերն ավարտողները ստանային պետական նմուշի դիպլոմ: Իսկ «Կրթության մասին» օրենքի 45 հոդվածի 4-րդ կետն արգելում է առանց պետական նմուշի դիպլոմի աշխատանքի անցնել պետական համակարգում: Այդ շրջանավարտների համար, ըստ պետական քննությունների կազմակերպման կարգի, մինչեւ 2005-ի ավարտը ԿԳՆ-ն պարտավոր է կազմակերպել այդ ատեստացիոն քննությունները: 2003 թվականից մինչեւ այս տարվա հունիս ամիսն այս գործընթացը ձգձգվում էր, այնինչ դեռեւս 2003-ին քննություններ վերահանձնելու ցանկություն ցուցաբերած շրջանավարտներից արդեն գանձվել էին անհրաժեշտ գումարները՝ յուրաքանչյուր քննության համար՝ 3000-ական դրամ: Դեռ այն ժամանակ էլ այդ շրջանավարտների թիվը մեծ չէր՝ մոտ 800: Հիմա էլ, երբ վերջապես անցկացվեց այդ քննությունների առաջին փուլը, ակտիվություն է ցուցաբերել նախապես դիմում ներկայացրած 1156 անձանց միայն 43 տոկոսը: ԿԳ փոխնախարար, ընդունող հանձնաժողովի փոխնախագահ Արա Ավետիսյանի կարծիքով, նման պասիվությունը պայմանավորված է նրանով, որ «շրջանավարտները վստահ չեն իրենց գիտելիքների վրա»: Կամ էլ՝ իսկապես 10 տարիների բարձիթողի վիճակը տվել է իր դառը պտուղները: Ի դեպ, մինչ այսօր հավատարմագրված չեն նաեւ պետական բուհերը, եւ «Բարձրագույն եւ հետբուհական մասնագիտական կրթության մասին» օրենքը պահանջում է նաեւ վերջիններիս հավատարմագրումը: Շրջանավարտների պասիվության մեկ այլ պատճառ կարող է լինել այն, որ, ըստ վերոնշյալ օրենքի տառի, փաստորեն, վերանում է պետական նմուշի դիպլոմ ձեւակերպումը: Սակայն մասնագետները նշում են, որ ձեւակերպումները կհստակեցվեն այն պահից, երբ պետությունը կհավատարմագրի եւ կհավաստի բոլոր բուհերի կրթության որակը: Ըստ մեր դիտարկումների էլ՝ շրջանավարտների պասիվությունն ունի նաեւ օբյեկտիվ պատճառներ: Մենք ունենք կոնկրետ բողոքներ (առայժմ անուններ չենք նշում) այն շրջանավարտներից, ովքեր դեռեւս 2003-ին Մանկավարժական համալսարանում տեղակայված ԿԳՆ հանձնաժողով են ներկայացրել համապատասխան փաստաթղթեր, մուծել են անհրաժեշտ գումարը, որպեսզի հնարավորություն ունենան մասնակցել ատեստացիոն քննություններին: Ի դեպ, նրանց տեղեկացվել է, որ լրացուցիչ տեղեկություններ կհայտնեն ավելի ուշ: Դիմորդներից վերցրել են նաեւ հեռախոսահամարներ, սակայն մինչ օրս քննությունների մասին չեն տեղեկացրել: Ի դեպ, այս դիմորդները բողոքում են, որ նախատեսվող քննությունների մասին արված հայտարարությունները բավարար չափով հրապարակային չեն եղել ու իրենք զրկվել են քննություն հանձնելու իրավունքից: Ասենք՝ հայտարարություն են տեղադրել «Հայաստան» թերթում, որի տպաքանակը, ճիշտ է, համապատասխանում է անհրաժեշտ թվին, սակայն փաստն այն է, որ այդ թերթը շատ ավելի քիչ ընթերցող ունի: Բողոքներ կան նաեւ, որ դիմորդներին նախապես տրամադրվել է հարցերի շրջանակը, որոնց շուրջ պետք է անցկացվեր կոնկրետ լրագրություն մասնագիտության քննությունը: Սակայն մեզ դիմող շրջանավարտը քննությանը ականատես է եղել բոլորովին այլ հարցերի: Նա վկայում է, որ շատերը, այդ թվում եւ ինքը, թողել-հեռացել են քննությունից: Հանձնաժողովի անդամներն էլ են խոստովանել, որ դիմորդներին տրամադրված քննաթերթիկների նախնական տարբերակում կատարվել են փոփոխություններ: Ի դեպ, նախապես պլանավորված է եղել քննություններն անցկացնել մայիսի 15-ից հունիսի 15-ը, սակայն դրանք տեւել են անսպասելի կարճ՝ մոտ 10 օր եւ ավարտվել արդեն հունիսի 11-ին: Քննություններին ներկա են եղել նաեւ նախագահի վերահսկողական ծառայության աշխատակիցները: Արա Ավետիսյանի տեղեկացմամբ, նրանք նախապես ծանոթացել են բոլոր փաստաթղթերին, եւ մասնակցել են քննություններին մինչեւ հունիսի 5-ը, դրանից հետո այլեւս անհրաժեշտ չեն համարել ներկա գտնվել: Այս փուլում քննություն է հանձնվել տեղեկատվական համակարգեր, ապրանքագիտություն, լրագրություն, միջազգային հարաբերություններ, հայոց լեզու եւ գրականություն, իրավագիտություն, տարրական կրթության մանկավարժություն, ֆինանսներ եւ վարկ, օտար լեզուներ, անասնաբուժություն եւ մի շարք այլ մասնագիտությունների գծով: Քննությանը մասնակցած 504 հոգուց անբավարար է ստացել 91-ը՝ շուրջ 18,5 տոկոսը: Բավարար՝ 47 տոկոսը, լավ՝ 22,5 տոկոսը, գերազանց՝ 2,4 տոկոսը: Վերջնական արդյունքները կամփոփվեն մի քանի օրից: ՀԱՍՄԻԿ ԲՈՒԴԱՂՅԱՆՀ. Գ. Օրերս պաշտոնից հրաժարական է տվել ԿԳՆ լիցենզավորման եւ հավատարմագրման վարչության պետ Ռոբերտ Փոլադյանը:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2005
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930