Լրահոս
Օրվա լրահոսը

Փողոցային

Հունիս 14,2005 00:00

Փողոցային առեւտրի դեմ պայքարն ավարտվեց Քանի որ պայքարելու լծակներ ունեն միայն ոստիկանները, որոնց համար փողոցային առեւտրականները կաշառքի աղբյուր են: Փողոցային առեւտրի ստեղծած գլխավոր տհաճությունը մայթերի անանցանելիությունն է: Իսկ այս խնդիրը չի կարող լուծվել ամենախիստ միջոցառումներ կիրառելու դեպքում անգամ, որովհետեւ, ըստ գործող կարգի, փողոցում չի արգելվում ծաղիկներ, թերթեր վաճառել, իսկ պաղպաղակն ու հյութերը՝ սառնարաններից: Ճիշտ է, արտերկրում նույնպես վերոհիշյալ տեսականու վաճառքը փողոցներում արգելված չէ: Բայց այնտեղ մայթեզրի խանութներն իրենց ողջ տեսականին ի ցույց չեն հանում հենց մայթի վրա՝ բավարարվելով ցուցափեղկերով: Մեզ մոտ նմանատիպ խանութների բուն առեւտուրն ընթանում է փողոցում: Երեւանի քաղաքապետարանի՝ փողոցային առեւտուրը վերացնելու ուղղությամբ մինչ այժմ գործադրած ջանքերը լավագույն դեպքում սահմանափակվել են ժամանակ առ ժամանակ կազմակերպված մի քանի օրյա «ռեյդերով»: Վերջինը, օրինակ, Երեւանի կենտրոնում էր, շաբաթ օրը, կապված «Մաքուր Կենտրոն» ակցիայի հետ: Վաճառողները ժամանակին տեղեկացվում են «ռեյդերի» մասին, ըմբռնումով են մոտենում դրան եւ հաշտ են այդ օրվա կամ օրերի օգուտից զրկվելու հետ: Իսկ մայթային առեւտուրը ինչպես եղել է, այնպես էլ շարունակվում է, օրավճարներն էլ մուծվում են կամ ոստիկանին, կամ թաղապետարանի «տղերքին»: Երկու տարի առաջ քաղաքապետարանը գտավ մի ելք. մինի շուկաներ, որտեղ պետք է տեղափոխվեին փողոցային առեւտրականները, սկզբում արտոնյալ պայմաններով, հետո՝ ինչպես մնացած շուկաներում: Երեկ փոխքաղաքապետ Արման Սահակյանն ասաց, որ մինի շուկաների համար հատկացված 38 շուկաներից 21-ը գործում է, բավականին թեթեւացնելով հարակից մայթերը: Բայց իրականում հիմա էլ առաջվա պես փողոցներում կանգնում են մրգեր, շոր-կոշիկ եւ կենցաղային պարագաներ վաճառողները՝ կրկին անանցանելի դարձնելով մայթերը: Այնինչ, խնդիրը լուծելու համար հարկավոր էր ձեւ գտնել՝ բեռնաթափել մայթերը բոլոր առեւտրականներից: Փոխքաղաքապետը հստակ հայտարարեց, որ ոչ մի որոշումով սահմանված չէ, որ հենց Երեւանի քաղաքապետարանն է պարտավոր վերացնել փողոցային առեւտուրը: Ասաց, որ բոլոր այդ առեւտրականները համարվում են կարգազանցներ, քանի որ չունեն տվյալ տեղում առեւտուր կազմակերպելու թույլտվություն, ուրեմն նրանցով պետք է զբաղվեն օրինապահները, ինչպես նաեւ հիգիենիկ-հակահամաճարակային ծառայությունը: Վերջինիս անունից քաղաքապետարանի առողջապահության եւ սոցիալական վարչության պետ Արմեն Սողոյանը ասաց, որ ծառայությունն ունի ընդամենը ուսումնասիրելու եւ տվյալներ տրամադրելու գործառույթ եւ ոչ ավելին: Այսպիսով, մնացին ոստիկանները, որոնք էլ, ինչպես հայտնի է, առեւտրականներից հիմնական օրավճար գանձողներն են: Ասել է թե, փողոցում ծավալված առեւտուրը ոստիկաններին օգուտ է: Ուրեմն կարգազանցներին կարգի հրավիրելը, այն է՝ տեղից զրկելը, նրանց վնաս է: Սրանով էլ ավարտվում է փողոցային առեւտրի դեմ պայքարը: ՌՈՒԶԱՆ ԱՐՇԱԿՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2005
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930