«ՈՒԺԵՂ ՆԱԽԱԳԱՀԸ ԸՆՏՐՎԱԾ ՆԱԽԱԳԱՀՆ Է» Ներկայացնում ենք ՀԺԿ նախագահ Ստեփան Դեմիրճյանի պատասխանները լրագրողների հարցերին` շաբաթ օրը «Ազդակ» ակումբում կայացած հանդիպման ժամանակ. Դրսի ազդակների մասին. «Ինձ անձամբ տհաճություն է պատճառում դրսի ուժերին այդչափ ապավինելը. ոմանք նպաստում են այն խոսակցությունների տարածմանը, այն տեսակետի արմատավորմանը, թե ամեն ինչ դրսում է որոշվում՝ այս թեկնածուի վրա են կանգնել, այն թեկնածուի վրա են կանգնել: Լուրջ չէ այս ամենը, հարցերը մենք պետք է լուծենք մեր երկրի ներսում, մենք պետք է գնանք ժողովրդավարացման ճանապարհով, բայց դա առաջին հերթին կախված է մեր ձգտումից եւ մեր ջանքերից: Միաժամանակ, մենք, իհարկե, բարձր ենք գնահատում միջազգային հանրության աջակցությունը ժողովրդավարացման ճանապարհին, բայց, ինչ խոսք, պետք է ապավինենք մեր ուժերին»: Արամ Զ. Սարգսյան- Արթուր Բաղդասարյան փոխադարձ «կոմպլիմենտների» մասին. «Հանրապետություն» կուսակցությունը որեւէ հայտարարություն չի արել դաշինքից դուրս գալու մասին. առհասարակ տարբեր երեւույթների շատ հանգիստ եմ վերաբերվում, տարբեր խոսակցություններով պարզապես չեմ հետաքրքրվում, որովհետեւ մենք հստակ ունենք մեր գիծը եւ այն իրականացնելու ենք: Ինչ վերաբերում է ձեր նշած կոմպլիմենտներին, ես գտնում եմ, որ կոալիցիայում ընդգրկված բոլոր ուժերը հավասարապես պատասխանատու են թե 2003-ի կեղծիքների, թե 2004-ի բռնությունների համար: Այնպես որ, լուրջ չեմ վերաբերվում, որ այս վարչախմբին սատարող որեւէ ուժ կարող է հայտնվել ընդդիմադիր դաշտում, առավել եւս՝ միավորվել»: Կարելի՞ է ասել, որ Արամ Զ. Սարգսյանն այսօր ամերիկյան նախընտրելի թեկնածուն է. «Ինչ վերաբերում է նախընտրելի թեկնածուին, կարծեմ շատ հստակ արտահայտվեցի, եւ ասել եմ ոչ միայն այստեղ, ոչ միայն այսօր, որ հարցը լուծելու է մեր ժողովուրդը»: Ինչպե՞ս է վերաբերվում Արամ Զ. Սարգսյանի ամերիկյան այցին. «Շատ նորմալ եմ վերաբերվում. կարծում եմ, ճիշտ կլինի այցի մասին հարցերը տալ Արամ Սարգսյանին, երբ նա կվերադառնա»: Մեր երկրին անհրաժե՞շտ է ուժեղ նախագահ, ինչպես վենետիկցիներին փորձում էր համոզել Ռ. Քոչարյանը. «Ես գտնում եմ, որ ուժեղ նախագահն առաջին հերթին ընտրված նախագահն է»: Պատրաստեց ՄԱՐԳԱՐԻՏ ԵՍԱՅԱՆԸ