«Դուռդ փակ պահիր՝ հարեւանիդ գող մի ասա» Խորհուրդ է տալիս Աշոտ Մանուչարյանը «Առայժմ գործ ունենք այն պետությունների հետ, որոնց հետ գործ ունենք, ոչ թե դրանց վարդագույն ապագայի»,- «Առավոտի» հետ զրույցում հայտարարեց Աշոտ Մանուչարյանը՝ հիմնավորելով Վրաստանից դուրս բերվող ռուսական ռազմաբազաների Հայաստան տեղափոխման՝ երկու ձեռքով ողջունելու իր քաղաքականությունը: Մինչ «վարդագույն ապագան», Սոցիալիստական ուժերի միավորման քաղաքական քարտուղարը զգուշացնում է, որ աշխարհն իր դրսեւորումներում մնում է «անարդար ու ստոր»: Ուստի խորհուրդ է տալիս մեկ վայրկյան անգամ չհապաղել մեր երկրի անվտանգության ապահովման հարցերում: Նա արձանագրում է, որ պաշտպանվածության աստիճանը, նկատի ունենալով Արեւմուտքի, նախ եւ առաջ՝ ԱՄՆ-ի ներգրավվածությունը կովկասյան տարածաշրջանային գործընթացներին, ինչ-որ չափով աճել է, սակայն «դա չի նշանակում, որ արդեն կարող ենք հրաժարվել պաշտպանության ցանկացած այլ համակարգերից եւ հույսը դնենք նրա վրա, որ ԱՄՆ-ն կկարողանա Թուրքիային կամ մի այլ թշնամական գործողություն՝ ուղղված Հայաստանի դեմ, սահմանափակել»: Պարոն Մանուչարյանը ճիշտ է համարում այսօր Թուրքիայի հետ խոսել պատմության կնճիռները հաղթահարելու եւ ապագայի մասին, բայց չմոռանալով, որ հենց 90-ականների սկզբին Թուրքիան ուղղակիորեն սպառնում էր Հայաստանին: «Մինչեւ բաղձալիին հասնելը՝ մենք պարտավոր ենք լինել պաշտպանված: Որովհետեւ եթե դու պաշտպանված չես, դժվար է ասել՝ ո՞վ է ավելի մեծ հանցագործ՝ դո՞ւ, որ պաշտպանությունդ չես ապահովել, թե՞ մյուսը, որն օգտվելով քո անպաշտպան վիճակից՝ ստորություններ է կատարում»: Սա միայն մեկ գործոն էր: Մեր զրուցակիցը վստահեցնում է, որ տասնյակ գործոններ կան կապված Հայաստանի պաշտպանությունն ապահովելու հետ, եւ այս համատեքստում վստահեցնում է, որ ռուսական բազաների մինչ այսօր տեղակայումը մեր երկրում խոսում է հենց իրական վտանգի գոյության մասին: Եթե մեզ համար հասկանալի է ռազմաբազաների Հայաստան տեղափոխման առիթով Ադրբեջանի անհանգստությունը, ապա փոքր-ինչ տարօրինակ է Վրաստանի դիրքորոշումը, որը դիվանագիտական խողովակներով նույնպես անհանգստություն արտահայտեց: Այդ առիթով Աշոտ Մանուչարյանը նկատեց. «Եթե Վրաստանը մտահոգություն արտահայտի նաեւ Ադրբեջանում ամերիկյան բազաների հնարավոր տեղաբաշխման վերաբերյալ, այդ դեպքում ես կհասկանամ, որ Վրաստանը նոր քաղաքականություն է որդեգրել, ըստ որի՝ տարածաշրջանում չպետք է լինի ոչ մի օտար զինված ուժ: Որպես հեռանկարային խնդիր, ես կողջունեի այս տեսակետը: Այլապես, ես հասկանում եմ, որ Վրաստանը ՌԴ-ի հետ շարունակում է մեծ գլխացավանքներ ունենալ, իսկ նման հայտարարությունները դրանց դրսեւորումներն են»: Ինչպես արդեն տեղեկացրել ենք, պարոն Մանուչարյանը անհամաձայնություն էր արտահայտել իրեն ռուսամետ գործիչ համարողներին: Մեզ հետ զրույցում նա պարզաբանեց, որ առաջնային հարցը տվյալ ժողովրդի, ազգի էության պահպանումն ու զարգացումն է: Պարոն Մանուչարյանի համոզմամբ, ժողովուրդների մեջ շփումները բերում են էության հարստացմանն ու ուժեղացմանը կամ թուլացմանն ու տարրալուծմանը: Այստեղ է մեր զրուցակիցը խնդիրներ տեսնում այս կամ այն ազգի, երկրի, նրա մշակույթի հետ շփումների առումով: «Այս իմաստով ռուսական մշակույթը, հոգեւոր դաշտը, իմ գնահատականներով, մեզ առավել մոտ է, նպաստում է մեր էության պահպանմանը եւ զարգացմանն ընդհանուր առմամբ: Արեւմուտքի կողմից նկատված շատ արժեքներ հակառակ դերն են խաղում: Նրանց առաջարկների մի մեծ զանգված կա, որոնք իրենց համար լավ են, բայց մեզ մոտ խիստ բացասական հետեւանքների կարող են բերել: Սրանով ես, իհարկե, չեմ փորձում արդարացնել մեր կրիմինալի ներկայացուցիչների վերջին ելույթները, որոնք խոսում են ինչ-որ մենթալիտետի մասին՝ փորձելով իրենց հանցագործությունները ծածկել: Խոսքը խորքային զարգացման մասին է, որոնք գալիս են հոգեւոր զարգացման խնդիրներից»,- ասում է Ա. Մանուչարյանը: ՆԵԼԼԻ ԳՐԻԳՈՐՅԱՆ