Լրահոս
Օրվա լրահոսը

ԻՆՉ

Հունիս 14,2005 00:00

ԻՆՉ Է ԻՐԱԿԱՆՈՒՄ ԵԶՐԱԿԱՑՐԵԼ ՎԵՆԵՏԻԿԻ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԸ Եվրոպայի խորհրդի Վենետիկի հանձնաժողովի ինտերնետային կայքում արդեն տեղադրվել են Հայաստանի «Ընտրական օրենսգրքում» եւ «Ժողովներ, հանրահավաքներ, երթեր ու ցույցեր անցկացնելու մասին» օրենքում կատարված փոփոխությունների շուրջ զրակացությունները: Դրանք հաստատվել են հանձնաժողովի վերջին նիստում, եւ այժմ հնարավորություն ունենք առավել ամբողջական պատկերացում կազմելու եվրոպական փորձագետների դիտողությունների վերաբերյալ: «Ընտրական օրենսգրքի» շուրջ Վենետիկի հանձնաժողովի եւ ԵԱՀԿ-ի մայիսի 13-ի համատեղ եզրակացությունից առանձնացնենք այն դրույթները, որոնցով մտահոգություն է արտահայտվել: Ընտրական հանձնաժողովների ձեւավորման առնչությամբ նշվում է, թե «քանի որ որեւէ օրենք չի կարող երաշխավորել ընտրական հանձնաժողովների իրական գործունեության անաչառությունը՝ ԵԱՀԿ-ն եւ Վենետիկի հանձնաժողովը եւս մեկ անգամ ընդգծում են, որ ազնիվ մտադրությունների իրականացումը ընտրական գործընթացներում մնում են կրիտիկական վիճակում»: Հանձնաժողովներում դատական իշխանության ներկայացուցիչների ընդգրկման առնչությամբ նշվում է, թե որեւէ հաստատություն չի առաջարկել, որ Հայաստանի ընտրությունները պիտի կառավարվեն դատավորների կողմից: Եվ առաջարկվում է օրենքում հստակ երաշխիքներ սահմանել, որ ընտրական հանձնաժողովներում ընդգրկված դատավորները չպիտի մասնակցություն ունենան դատարաններում այն գործերի քննությանը, որոնք առնչվում են ընտրական բողոքներին: Նաեւ հարցական է դիտվում, թե ի՞նչ ազդեցություն կունենա դատավորների ընդգրկումը հասարակական ընկալման եւ դատական իշխանության նկատմամբ հավատի վրա: Համատեղ եզրակացության մեջ մտահոգություն է արտահայտված ընտրական գրավի ավելացման առնչությամբ: ԵԱՀԿ-ի եւ Վենետիկի հանձնաժողովի ավելի վաղ էլ այս առնչությամբ արտահայտված մտահոգությանը հայկական կողմն արձագանքել է հակափաստարկով, թե գրավի այս չափը ողջամիտ է՝ հաշվի առնելով տնտեսական ներկա պայմանները. «ԵԱՀԿ-ն եւ Վենետիկի հանձնաժողովը որեւէ կարծիք չեն արտահայտում տնտեսական ներկա պայմանների առնչությամբ, սակայն կրկին հայտարարում են, թե ընտրական գրավի չափը պետք է սահմանվի այնպես, որ յուրաքանչյուր քաղաքացի էական հնարավորություն ունենա թեկնածու առաջադրվելու»: Ընտրական բողոքների առնչությամբ կատարված փոփոխությունների վերաբերյալ արձանագրվում է, թե դրանք պարունակում են «շատ երկիմաստություններ եւ անհստակություններ եւ դեռեւս էլի կարիք ունեն կատարելագործման»: Գլխավոր եզրակացությունն է, թե «Ընտրական օրենսգիրքը» դեռ պետք է կատարելագործվի՝ հատկապես ընտրությունների կազմակերպման, ընտրացուցակների, թափանցիկության եւ ընտրական բողոքներին առնչվող գործընթացների առումով: Անդրադառնանք «Ժողովներ, հանրահավաքներ, երթեր ու ցույցեր անցկացնելու մասին» օրենքում կատարված փոփոխությունների շուրջ եզրակացությանը, որ ընդունվել է հունիսի 6-ին: Դարձյալ առանձնացնում ենք պահպանված մտահոգությունները: Այսպես՝ նշվում է, թե օրենքը դեռ էական թերություններ ունի՝ այն մնում է չափազանց «դետալիզացված, չափազանց տարբերակված» զանգվածային միջոցառումների տարբեր տեսակների առումով: Փորձագետները կարծիք են արտահայտել, թե «հատուկ կարեւորագույն նշանակության օբյեկտներ» արտահայտությունը չափազանց լայն մեկնաբանության տեղիք է տալիս եւ պարունակում անհարկի ու ոչ համաչափ սահմանափակումների ներուժ. «Այն նաեւ մեծացնում է հնարավորությունը խտրական սահմանափակումների»: Այս կապակցությամբ տվյալ արտահայտությունը պարունակող հոդվածը եզրակացության մեջ գնահատվել է իբրեւ «որեւէ արդարացում չունեցող» եւ առաջարկվել է, որ այդ սահմանափակումն ամբողջովին վերացվի: Եզրակացության մեջ նաեւ նշվում է, թե հաշվի առնելով ցույցերի եւ երթերի կազմակերպման առնչությամբ նախկինում հարուցված խոչընդոտները՝ «կենսականորեն կարեւոր է, որ կառավարությունը խորհրդակցի տեղական ոչ կառավարական կազմակերպությունների, քաղաքացիական հասարակության ներկայացուցիչների հետ» վիճելի հարցերի շուրջ՝ մինչեւ օրենքի վերջնական ընդունումը: Իսկ Հայաստանի սահմանադրական փոփոխությունների վերաբերյալ միջանկյալ երկրորդ եզրակացության հաստատման ընթացքում Վենետիկի հանձնաժողովը արձանագրել է հետեւյալը. «Հիմք ընդունված նախագիծը բոլոր առումներով չի համապատասխանում եվրոպական չափանիշներին եւ չի արտացոլում այն առաջարկությունները, որոնք կատարվել են Վենետիկի հանձնաժողովի եւ ԵԽ-ի կողմից : Այս կապակցությամբ հանձնաժողովը խոր հիասթափություն է արտահայտում Հայաստանի իշխանությունների հետ համագործակցության մեջ առաջընթացի բացակայության համար»: Առավել մանրամասն միջանկյալ այս եզրակացության մասին՝ վաղվա համարում: ԱՆՆԱ ԻՍՐԱՅԵԼՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել