Ռուսական
«Սիբիր» ավիաընկերության տերերից հայկական «Արմավիայի» բաժնետոմսերը գնելու գործարքին
ոլորտի մասնագետները հակասական գնահատականներ են տալիս: Ոմանք գործարքը գնահատում
են միանշանակորեն դրական, հիմնավորմամբ, որ այժմ այն լիովին հայկական ավիափոխադրող
դարձավ: Մեկ այլ տեսակետ ունեցողներ էլ կարծում են, որ ի դեմս «Սիբիրի», գործ ունեինք
լուրջ, ավիացիոն շուկայում ճանաչում եւ դիրք ունեցող ավիաընկերության հետ: «Միկա
լիմիթեդը» նման ճանաչում չունի: Հաշվի է առնվում նաեւ «Սիբիրի» հզոր «տանիքի» հանգամանքը,
որը, շրջանառվող լուրերի համաձայն, կապվում է անմիջապես Ռուսաստանի բարձրագույն ղեկավարության
անունների հետ: Ըստ այդմ՝ ոմանք գտնում են, որ «Սիբիրից» բաժնետոմսերը հետ գնելուց
հետո ռեալ չէ ակնկալել հայկական ավիացիոն շուկայի ընդլայնում, ինչպես դա բավական
ագրեսիվ տեմպերով (դրական իմաստով) տեղի էր ունենում «Սիբիրի» օրոք: Առավել
տեղեկացվածները կարծում են, որ եւ «Սիբիրի» ներկայությամբ, եւ առանց «Սիբիրի», հայկական
ավիացիայի համար գոյություն ունեն եւ՛ շահեկան, եւ՛ վնասաբեր կողմեր: Մասնավորապես,
նրանք գտնում են, որ այն, ինչ հնարավոր էր ստանալ «Սիբիրից»՝ կապեր, շուկա եւ այլն,
արդեն ստացել ենք, ավելին հնարավոր չէ ստանալ, ուստիեւ սա հիմնականում դրական ազդեցություն
ունեցող գործարք է: Բացի այդ, ՌԴ նախկին վարչապետ Միխայիլ Կասյանովի պաշտոնանկությունից,
ավիացիոն իշխանությունների փոփոխություններից հետո «Սիբիրը» կորցրեց իր ազդեցությունը,
իշխանական օղակներում կապերի մի մասը: Ավելին, Ռուսաստանի ավիացիոն բարձրագույն ղեկավարությունը
«Սիբիրի» մրցակցի՝ «Աերոֆլոտի» տնօրինության անդամ է: Այսինքն այս պայմաններում «Սիբիրից»
ավելին, քան արդեն ստացել ենք, ոլորտի շատ աշխատակիցների կարծիքով, ակնկալելը ռեալ
չէ: Իմիջիայլոց, տեղին է նկատել, որ «Սիբիրն» էլ իր շահերն ուներ «Արմավիայից». «Արմավիայի»
միջոցով «Սիբիրին» հաջողվում էր միջազգային երթուղիների սպասարկման իրավունք ձեռք
բերել՝ շրջանցելով ռուսական ավիացիոն իշխանություններին, որովհետեւ, ինչպես հայտնի
է, Ռուսաստանում այդ իրավունքը վերապահված է միայն «Աերոֆլոտին»: Երկու ընկերությունների
համար փոխշահավետ այս գործունեությամբ միաժամանակ իրականացվում էր Երեւանը տրանզիտ
փոխադրումների կետ դարձնելու ծրագիր: Այս գործարքի ուշագրավ կողմերից մեկն
էլ այն է, որ չի հաղորդվում, թե ում նախաձեռնությամբ է այն տեղի ունեցել: Մեզ հասած
տեղեկություններով, բավականին երկար է ձգձգվել ընդունման-հանձնման գործընթացը: Իհարկե,
բուն այս տեղեկությունը ոչինչ չի պարզաբանում այդ հարցում: Ինչպես նաեւ այն, որ ռուսական
«Կոմերսանտ» թերթի տվյալներով, գործարքի համար հայկական կողմը «Սիբիրի» սեփականատերերին
առաջարկել է մոտ 50 միլիոն դոլար: Նշենք, որ ներդրումային պայմանագրով «Սիբիրը» պարտավոր
էր բաժնետոմսերի ձեռքբերման համար Հայաստանին 13 տարվա ընթացքում վճարել 15 միլիոն
դոլար: Պաշտոնյաները դեռ հաշվարկում են, թե ով է շահում այս պատմության մեջ: Մեզ
հասած տեղեկություններով, «Արմավիան» անցած տարին փակել է վնասով: Այդ ամենից
առավել կարեւոր է երկու հարց. առաջին, արդյոք «Արմավիան» կշարունակի՞ կատարել ներդրումային
պարտավորությունները, որոնք իրականացնելու պայմանով «Արմավիային» բացառիկ իրավունքներով
սպասարկելու թույլտվությամբ մասնավորեցվեցին հայկական օդուղիները: Մեր տեղեկություններով,
այժմ այդ հարցերը քննարկվում են միջգերատեսչական հանձնաժողովում, որը պետք է նոր
պայմանագիր կնքի: Երկրորդ, Աղքատության կրճատման ռազմավարական ծրագրով, որը
ստորագրվել է Համաշխարհային բանկի հետ, Հայաստանը պարտավորություն է ստանձնել ազատականացնել
օդուղիները, վարել «բաց երկնքի» քաղաքականություն: Սակայն սա չէր անում «Արմավիային»
տրված բացառիկ իրավունքների մասին միջազգային պայմանագրի պատճառով: Քանի որ այժմ
այդ պայմանագիրը շուտով կլուծարվի, ուստի Հայաստանը հնարավորություն կստանա ազատականացնել
իր օդային շուկան: Մեր տեղեկություններով, Համաշխարհային բանկը պնդում է, որ Հայաստանը
կատարի՛ իր այդ պարտականությունը: ԼԻԼԻԹ ԳԵՎՈՐԳՅԱՆ