ՀԱՅՏՆՎԵՑԻՆ
«ՍԽԱԼ ՏԵՂՈՒՄ» Հունիսի 11-ին Մոսկվայից Երեւան ժամանեցին Հասարակածային
Գվինեայում պետական հեղաշրջման եւ ցեղասպանության մեջ մեղադրված 6 հայ օդաչուները:
Շղթայակապ անցկացրած 457 օրերն այլեւս ետեւում են: Ինքնաթիռի հրամանատար Աշոտ
Կարապետյանը, որին դատապարտել էին 24 տարվա ազատազրկման, ասում է, որ ինքը չէր կարող
24 տարի դիմանալ բանտում: «Եթե նույնիսկ այնտեղի 5 աստղանի հյուրանոցում էլ հանգստանաս,
միեւնույն է՝ կլիման արդեն անհանգստացնում է»,- ասաց նա: Նաեւ նույն համոզվածությամբ
շարունակում է, որ իրենց պատժելու պատճառ չկար, պարզապես իրենք հայտնվել էին սխալ
տեղում, սխալ ժամանակ: Օդաչուների նկատմամբ բանտակազմի վերաբերմունքը կտրուկ փոխվել
է, երբ ՌՀՄ նախագահ Արա Աբրահամյանը հանդիպել է Գվինեայի նախագահի փեսային, որը ՌԴ-ում
իր երկրի դեսպանն է: Օդաչուներին սկսել են փոխանցել նրանց ուղարկվող գումարի 20%-ը,
իսկ հայկական վեց կոնյակներից տեղ են հասցրել միայն 2-ը, 4-ը համտեսել են ճանապարհին:
Դրանից հետո այնքան են լավացել հարաբերությունները, որ նույնիսկ բանտապետն է նրանց
համար խանութ գնացել: «Տաքսու փողն էլ էինք տալիս, բայց նա ոտքով էր գնում-գալիս,
որ տրանսպորտի փողն իրեն մնա»,- պատմում է Սամվել Դարբինյանը: «Առավոտի» այն հարցին,
թե ինչո՞վ են զբաղվելու այսուհետեւ, ինքնաթիռի հրամանատար Աշոտ Կարապետյանը համեստորեն
պատասխանեց. «Ես առաջին կարգի օդաչու եմ եւ կարող եմ միայն օդաչու աշխատել, եթե Աստված
կամենա»: Է. ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆ