ՄԻՆՉԵՎ ԱՇՈՒՆ ՈՉԻՆՉ ՉԻ ՊԱՏԱՀԻ Կանխատեսում է քաղաքագետ Ռուբեն Անգալադյանը – Կարո՞ղ ենք այսօր քաղաքական իրավիճակը գնահատել կայուն: – Հանգիստ է, ասես ոչինչ չի կատարվում: Մենք հասարակություն չունենք, մենք կորցրել ենք հասարակությանը: Ընդդիմությունը զիջեց դիրքերը, գործող իշխանությունն էլ չի կարողանում հասարակությունից ռեալ կյանքի պատկերը ստանալ, ներկայացնել այն: Իմպոտենտ վիճակ է: Իսկ այս իներցիոն գործընթացը հետաքրքիր ժամանակահատված է, եթե հոգնած ժողովուրդը կարողանար վերադասավորվել, հստակեցնել իր խնդիրները: Աշխարհը դինամիկ շարժվում է, մեր կողքին աշխարհաքաղաքական խոշոր փոփոխություններ են տեղի ունենում, ինչը կապված է Իրանի, Իրաքի, Սիրիայի, Վրաստանի, Ադրբեջանի, Լիբանանի, Պաղեստին-իսրայելյան հարաբերությունների հետ: Մենք՝ որպես այս տարածքում ապրող պետություն, ունենք գործառույթներ: Ելնելով այդ հանգամանքից, կարող ենք արձանագրել, որ Հայաստանը չի ցանկանում միջազգային խաղի սուբյեկտ դառնալ: Ուզում է իներցիոն պրոցեսներով խնդիրը տեղափոխել մի ոլորտից այլ ոլորտ: Օրինակ, քաղաքական խնդրի ոլորտից տեղափոխել տնտեսական: Թուրքիայի հետ սահման է ուզում բացել, չունենալով պատասխանը՝ ինչ շուկա ես ուզում ստեղծել սահմանամերձ տարածքներում կամ հենց նույն Ստամբուլում: Եթե հիշում եք, «Առավոտում» նախորդ հարցազրույցի ժամանակ ասացի, որ մեր պետության հիմնական խնդիրը պետք է լինի ցեղասպանության դատապարտումը, որի հիման վրա պետք է կառուցեինք մեր բոլոր գործողությունները: Ցեղասպանության ճանաչման արդյունքում մենք դերակատար ենք Մերձավոր Արեւելքում՝ Սիրիայում, Լիբանանում, Արաբական աշխարհում, Իրաքում ու Իրանում, ելնելով այն հանգամանքից, որ ցեղասպանություն ենք ապրել եւ այնտեղ ունենք հայկական գաղութներ: Նահանգները ճշգրիտ են վարվում Մերձավոր Արեւելքում: Նրանք փորձում են ստեղծել մի գոտի, որը զերծ կլինի այնպիսի մտածելակերպից, ինչը հանգեցնում է ագրեսիվ իսլամի: ԱՄՆ-ն դա «Հակատեռորիստական գործողություններ» է անվանում: – Որքանո՞վ է Հայաստանը միջազգային քաղաքականության սուբյեկտ: – Ուզում ենք, թե չենք ուզում, մեզ սուբյեկտ դարձնում են: Ֆրանսիայում ԵՄ սահմանադրության հանրաքվեի ժամանակ Հայաստանին դիմեցին, որ վերջինս դիմի իր Սփյուռքին: Ասել է թե՝ քեզ հաշվի են առնում: Հետեւաբար ինքդ էլ քեզ պիտի հաշվի առնես: Չի կարելի ծափահարել Ազնավուրին, չմտածելով, թե ֆրանսիական գաղութը ինչպես կվարվի մեր խնդիրների հետ: Մենք սովորաբար չենք ուզում տեսնել խնդիրներ եւ տեսնում ենք այն ժամանակ, երբ մեր խնդիրները բարդանում են: Պետությունը չի ընդլայնում աշխարհաքաղաքական իր միտքը: Ե՞րբ է ավարտվելու պետության՝ իբրեւ ամբողջական մարմնի ձեւավորումը: Մեր կառավարիչները չեն օգտվում այն հանգամանքից, որ ներսում ունենալով մտավոր ներուժ, կարող ենք առաջ անցնել գործընկերներից, հակառակորդներից: Եվ ամենաբարդ հարցը մնում է ազգն արթնացնելը: Ծաղկաձորում թալիշների մասնակցությամբ գիտաժողով տեղի ունեցավ: Թալիշներն ամենամարտունակ, կռվող զանգվածն են ադրբեջանական բանակում: Անաղմուկ միջոցառում էր: Տեսեք՝ ի՞նչ է անում հարեւան պետությունը եւ ի՞նչ են անում հարեւանները: Վրաստանը մի դեպքում գործընկեր է խաղում Ռուսաստանի հետ, մի դեպքում՝ լուրջ բարեկամ է ԱՄՆ-ին: Իսկ երրորդ կողմը Եվրոպան է եւ պատահական չէ, որ Ֆրանսիայի քաղաքացին դարձավ Վրաստանի արտաքին գործերի նախարար, այնպես, ինչպես պատահական չէր, երբ ԱՄՆ քաղաքացին դարձավ մեր արտաքին գործերի նախարարը: Միակողմանի խաղը պարտության է բերում, նշանակում է, որ աշխարհը դարձյալ չենք տեսնում ամբողջության մեջ, հետեւաբար խոցելի ենք: Խոցելի ենք այն դեպքում, երբ անգամ գիտենք, որ ազգի 4/5-րդը Սփյուռքում է, գաղութում եւ, այսպես թե այնպես, կապի մեջ ենք այդ երկրների հետ մեր գաղութներով: Չի կարելի աշխարհը չըմբռնելով ղեկավարել որեւէ պետություն: – Ինչպիսի՞ կանխատեսումներ ունեք առաջիկայի համար: – Ընդդիմությունը չի կարողանում համակարգել իր անելիքները, որեւէ խելքը գլխին, ճշգրիտ վերլուծություն չկա: Չտեսա մի մասնագետի, երբ այսօր դոլարի գինը բարձրանում է, իսկ մեզ մոտ ընկնում, որը հասկանար, թե ո՞վ է այս ամենը նախաձեռնել: Եթե այսպես իրավիճակը զարգանա, կլինի անջրպետ. ժողովրդի ուղիղ կեսը կդառնա ընչազուրկ եւ այն օպոզիցիան, որը հնարավոր է ձեւավորվի, կհենվի ընչազուրկ այս ընտրազանգվածի վրա, որը ոչինչ չունի կորցնելու, բացի իր չունեցած… տան բանալիներից: – Իսկ արտաքին վտա՞նգը: – Ինչ վերաբերում է արտաքին վտանգին, մասնավորապես՝ ադրբեջանական «հնարավոր հարձակումներին», օրակարգից հանեք այդ: Նավթամուղը Ախալցխայով է մտնում Թուրքիա: Ախալքալաքը դառնում է Հայաստանի եւ Վրաստանի միջեւ բուֆերային գոտի: Նավթամուղը թույլ չի տա, որ Ադրբեջանը որեւէ գործողություն սկսի Ղարաբաղի դեմ: Հանգստացեք, մինչեւ աշուն ոչինչ չի կատարվի: Զրույցը՝ ՌՈՒԶԱՆ ՄԻՆԱՍՅԱՆԻ