Լրահոս
Օրվա լրահոսը

«ԶՈՆ

Հունիս 11,2005 00:00

«ԶՈՆ ՆԱՅՈՂ» ԱԳՌԱՎՆԵՐ ԷԼ ԿԱՆ Արդեն մի քանի տարի է, ինչ գարնանը՝ մայիսի վերջին-հունիսի սկզբին, Քանաքեռ-Զեյթուն համայնքի Սեւակի 1/2, ինչպես նաեւ հարակից շենքերի բնակիչները չեն կարողանում հանգիստ ելումուտ անել: Պատճառը բակի բարդիների վրա բուն դրած ագռավներն են: «Հենց երեկ առավոտ շուտ դուրս էի գալիս գործի գնալու, երեք ագռավ գաղտագողի հետեւից հարձակվեցին վրաս: Քանի որ սովոր ենք, միշտ մեզ մոտ անձրեւանոց ենք պահում, որ դրանով պաշտպանվենք: Բացեցի անձրեւանոցս ու վահանի պես պահեցի ագռավների դեմ: Այդպես հետ-հետ գնալով մի կերպ բակից հեռացա»,- մեզ պատմեց 1/2 շենքի երրորդ հարկի բնակչուհի տիկին Ալլան: Բացի ուղիղ հարձակումներից, ագռավները սիրում են նաեւ հոսանքագծերի վրայով՝ քայլելով կամ թռչկոտելով, ուղեկցել մուտքից դուրս եկածներին մինչեւ բակի վերջ: «Մենք նրանց չենք նեղացնում, նույնիսկ վերեւ էլ չենք նայում, ավելին՝ փայլփլուն ոչինչ չենք հագնում: Բայց վայն եկել է նրան տարել, ով առավոտյան ամենաառաջինն է դուրս գալիս շենքից. անմիջապես ենթարկվում է ագռավների գրոհին»,- շարունակեց տիկին Ալլան: Պաշտպանվելու համար բնակիչները՝ մեծ թե փոքր, անձրեւին թե արեւին, շրջում են բաց անձրեւանոցներով կամ գլուխները ծածկում են պայուսակներով: Իսկ շենքից շենք գնալիս երբեմն որպես վահան օգտագործում են խոհանոցային թավան: Անզգույշները դատապարտված են՝ անցյալ տարի օրը ցերեկով ագռավները հարձակվել են միջին տարիքի մի կնոջ վրա եւ կտցել նրա գլուխը եւ կնոջը ծակծկված գլխով տարել են հիվանդանոց: Նույն տիկին Ալլային նախորդ գարուն հարձակումից փրկել է շուկայից վերադարձող հարեւանը՝ կարտոֆիլներով «ռմբակոծելով գրոհայիններին»: Ընդ որում, ագռավները խտրություն չեն դնում մեծերի եւ երեխաների միջեւ, ինչը հատկապես անհանգստացնում է բնակիչներին: Հիշեցնենք, մի քանի տարի առաջ էլ Շենգավիթի համայնքի մանկապարտեզներից մեկն էր պաշարվել մոտակա ծառերին բնակվող ագռավների կողմից եւ հարցը լուծվել է որսորդների՝ օդում արձակած կրակոցներով: «Մենք չենք ուզում նրանց վնասել, կենդանի էակներ են, թող ապրեն: Ոչ էլ թույլ կտանք ծառերը կտրեն: Միեւնույն է, միշտ էլ մի տեղ կգտնեն բնավորվելու: Բայց չենք կողմնորոշվում նաեւ, թե ինչ անել: Չէ՞ որ հյուրեր էլ են գալիս մեզ մոտ, երեխաները չեն կարողանում խաղալ: Այս խնդիրը փորձեցինք հեռախոսով ներկայացնել Քանաքեռ -Զեյթունի թաղապետարանին, բայց զրուցակից տիկինը, որի անունը չիմացանք, ծիծաղեց ու անջատեց հեռախոսը: Էլ ո՞ւմ դիմենք»,- ասացին բնակիչները: Ագռավների հարձակումների պիկ օրերին բնակիչները նաեւ պատուհան չեն բացում՝ կարող է անկոչ հյուրեր ունենան: Ընդհանրապես, Երեւանում վերջին տարիներին ոչ միայն ագռավներն են շատացել, այլեւ սարյակները, տատրակները, սոխակներն ու վայրի այլ թռչունները: Մասնագետների կարծիքով, մի պատճառն այն է, որ մայրաքաղաքի էկոլոգիան գործարանների փակվելուց հետո բարելավվել է, իսկ փողոցում կուտակված աղբը՝ շատացել: Մյուս պատճառը՝ քաղաքի ծառերը ժամանակին չեն բուժվում, ինչի հետեւանքով ծածկված են թռչունների համար առատ կերով՝ որդերով: Իսկ մարդկանց վրա հարձակվելու «տասնօրյակը», բնակիչների եւ մասնագետների կարծիքով, հիմնականում կապված է նրանց ձվադրման շրջանի հետ: Այլ շարժառիթներ պարզելու համար փնտրեցինք եւ չգտանք թռչնագետ, վերջին տարիներին ագռավների վարքագիծը հատուկ ուսումնասիրող կենսաբան Մարտին Ադամյանին: Բնակիչներին խորհուրդ ենք տալիս դիմել հենց իրենց հարեւանությամբ տեղակայված Կենդանաբանության ինստիտուտ: Բնապահպանության նախարարությունից էլ ասացին, թե «մի կարգին մասնագետ էլ չունենք, որ այդ հարցով մի բան ասի»: Այնպես որ, բնակիչներին մնում է այս տարվա տասնօրյակն էլ անցկացնել ինքնապաշտպանությամբ: ՌՈՒԶԱՆ ԱՐՇԱԿՅԱՆՀ. Գ. Տարածքում գտնվելու ժամանակ փորձեցինք պարզաբանում ստանալ նաեւ բանավեճի հակառակ կողմից՝ ագռավներից եւ իմանալ իրենց հարձակողական պահվածքի պատճառը: Բայց նրանք տեղը տեղին թաքնվել էին լուսանկարչական ապարատից ու ձայնագրիչից:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել