Լրահոս
Օրվա լրահոսը

«ՉԻ

Հունիս 11,2005 00:00

«ՉԻ ԿԱՐԵԼԻ ԱՄԵՆ ԻՆՉ ԿՈՒՐՈՐԵՆ ԱՐՏԱԳՐԵԼ» Զգուշացնում է հայոց լեզվի նախկին ուսուցիչ Գալուստ Սահակյանը Սահմանադրական փոփոխությունների կոալիցիայի նախագծին «կողմ» քվեարկած ամենամեծ խմբակցությունը «Հանրապետականն» է, որի ղեկավար Գալուստ Սահակյանը երեկ մեզ հետ զրույցում ասաց, որ իրենք ընդունում են Վենետիկի հանձնաժողովի առաջարկությունները եւ պատրաստ են դրանք քննարկել եւ հաշվի առնել: Մենք հետաքրքրվեցինք՝ արդյոք խորհրդարանական ամենամեծ խմբակցությունը մասնակի՞ց է սահմանադրական փոփոխությունների նախագիծը վենետիկցիների առաջարկությունների ոգով նորացնելու գործընթացին։ «Քննարկումներն այսօր ընթանում են ոչ միայն կոալիցիայի ներսում, այլեւ քաղաքական գործիչների միջեւ: Մենք, այո, տեսնում ենք ե՛ւ Երեւանի կարգավիճակի ու քաղաքապետի ընտրովիության խնդիրը, ե՛ւ Արդարադատության խորհրդի ու կառավարության ձեւավորմանը վերաբերող խնդիրները: Սակայն Վենետիկի փորձագետների հետ վերջին հանդիպման ժամանակ մեզ որեւէ փաստարկ չներկայացվեց, որովհետեւ այս երկու ուղղությունների մասով վերցված է աշխարհի փորձը, առավել եւս, նույն Բուքիքիոն մեզ հետ հանդիպման ժամանակ ասաց, որ իր հայրենի Իտալիայում Արդարադատության խորհուրդը ղեկավարում է երկրի նախագահը: Բայց, իրենց ասելով, իրենք ուզում են, որ մերը լինի ամենալավագույնը: Մենք, սակայն, հակված չենք արտագրությամբ զբաղվել: Մենք պետք է քննարկենք եւ ընդունենք այն, ինչ կարող է առաջընթաց ապահովել: Տրամադրված ենք, այո, որոշակի փոփոխություններ կատարել նշված երեք կետերում»,- պատասխանեց Գ. Սահակյանը: Այդ դեպքում ստացվում է, որ մայիսի 25-ին ՀՀԿ-ն կողմ էր քվեարկում մի բանի, որին համաձայն չէր կամ ծանոթ չէր: Հակառակ դեպքում՝ Վենետիկի հանձնաժողովի կողմից ներկայացված առաջարկների մասին այսօր այսպես չէր խոսվի: Մենք դեռ այն ժամանակ նշել էինք, որ պատգամավորները բացարձակ մեծամասնությամբ չեն էլ կարդացել այն փաստաթուղթը, որի օգտին քվեարկում են: Սա խորհրդարանի համար դարձել է վատ «խասյաթ». շատերին քվեարկությունից հետո մոտեցել եւ հարցրել ենք, թե ո՞ր օրինագծին ինքը կողմ քվեարկեց՝ չեն իմացել: Խոսքը, իհարկե, պարոն Սահակյանի մասին չէ, որովհետեւ ով-ով, բայց նա միշտ գիտի, թե ինչ է անում: Սահմանադրական փոփոխությունների թեմային զուգահեռ, քննարկվում եւ ծանրութեթեւ է արվում նաեւ ղարաբաղյան թեման, որի մասին քաղաքական գործիչները կարծիք են հայտնում առանց կոնկրետ տեղեկատվության: Գալուստ Սահակյանը անկեղծորեն խոստովանեց, որ ինքը որեւէ տեղեկություն չունի ղարաբաղյան հիմնահարցի շուրջ ընթացող բանակցային գործընթացից: Ենթադրելի է, որ դրա մասին տեղեկություն չունեն նույնիսկ վարչապետը եւ ԱԺ նախագահը։ Եթե առաջ խնդրին փորձագիտական մակարդակով տիրապետում էր 6 հոգի, ապա այսօր՝ մեկուկես (կեսն՝ Օսկանյանն է)։ Սակայն բոլորն էլ, այդ թվում նաեւ Գալուստ Սահակյանը, վստահ են, որ ղարաբաղյան հակամարտության խնդրի շուրջ չկա լարված կամ ծանրագույն իրավիճակ. «Բնական է, նման ինֆորմացիա չունեմ, չեմ էլ կարծում, որ ղարաբաղյան հարցում լարված, տաք իրավիճակ է: Պարզապես, Ադրբեջանում սպասվում են խորհրդարանական ընտրություններ, եւ, բնականաբար, ադրբեջանական քարոզչությունը մուտք է գործում նաեւ Հայաստան եւ որոշ քաղաքական ուժերի հիմք է տալիս շահարկել Ղարաբաղի հարցը»: Գալուստ Սահակյանին հարցրինք նաեւ, թե ի՞նչ է մտածում ադրբեջանական հնարավոր հեղաշրջման մասին, եւ չի՞ զարմանում, որ այն, ինչ հնարավոր չեղավ մեզ մոտ, կարծես ուզում է իրականություն դառնալ հարեւան երկրում: «Տա Աստված, որ մեր պետության մեջ նման լարվածություն չլինի, իսկ Ադրբեջանում լարվածությունը խորհրդարանական ընտրությունների պատճառով է, եւ պատահական չէ, որ ամերիկյան բավականին նշանավոր գործիչներ իրենց դժգոհությունը հայտնեցին ադրբեջանական իշխանություններից՝ հանձին Ալիեւի, այսինքն՝ Ադրբեջանում ժողովրդավարացման գործընթացը շատ ավելի անհրաժեշտ է նաեւ ԱՄՆ-ին, ոչ միայն Եվրոպային: Իմ կռահումով, աշխարհը դեմոկրատ նախագահ է պահանջում Ադրբեջանի համար»: Իսկ Հայաստանի համար երեւի աշխարհը դեմոկրատ նախագահ չի պահանջում: Մեր այս ռեպլիկին պատասխանելով՝ ՀՀԿ խմբակցության ղեկավարն ասաց. «Ես կարծում եմ, որ մեր ազգային գործընթացներն այնպիսին են, որ անկախ որեւէ դիտարկումից, մեր պետությունը որդեգրել է ժողովրդավարությունը, իսկ սա այն գործիքն է, որը մեկ օրվա մեջ չի ստեղծվում, դրան պիտի եւ հասարակությունը պատրաստ լինի, եւ իշխանությունը: Մենք որդեգրել ենք այդ քաղաքականությունը եւ քայլ առ քայլ այն իրականացնում ենք»: ՄԱՐԳԱՐԻՏ ԵՍԱՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2005
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930