ԻՆՉ ԿԱՍԻ Ս. ԴԵՄԻՐՃՅԱՆԸ «ԱԶԴԱԿ» ԱԿՈՒՄԲՈՒՄ Այսօր՝ շաբաթ օրը, ՀԺԿ նախագահ Ստեփան Դեմիրճյանը «Ազդակ» ակումբի հյուրն է լինելու: Քանի որ օրաթերթերի հաջորդ համարը լույս կտեսնի միայն երեքշաբթի, մեր ընթերցողների համար փորձեմ կանխագուշակել այն, ինչ հավանաբար կասի պարոն Դեմիրճյանը լրագրողների հետ հանդիպման ժամանակ: «Մենք վճռական ենք Հայաստանում սահմանադրական կարգ հաստատելու մեր պայքարում,- սա կլինի պարոն Դեմիրճյանի ելույթի առանցքը։- Ժողովրդավարությունը այլընտրանք չունի, եւ մենք կհասնենք նրան, որ Հայաստանում հաստատվեն ժողովրդավարական կարգեր»: Լրագրողների այն հարցին, թե ինչպես է ՀԺԿ-ն պատրաստվում դա անել, Ս. Դեմիրճյանը կպատասխանի. «Մենք մեր անելիքները գիտենք: Դրանք հետեւողական քայլեր են՝ ուղղված ժողովրդի համախմբմանը եւ ժողովրդավարության վերջնական հաղթանակին»: Թղթակիցներից մեկը կհետաքրքրվի՝ արդյոք ՀԺԿ-ն պատրաստվում է գնալ միայն սահմանադրակա՞ն ճանապարհով: Այդ հարցին պարոն Դեմիրճյանը կպատասխանի. «Էդ սահմանադրական ճանապարհը էդքան պարզունակ մի հասկացեք: Դրա մեջ են մտնում նաեւ հանրահավաքները, երթերը, հանդիպումները ժողովրդի հետ»: Իսկ ինչո՞ւ «Արդարությունը» հանրահավաքներ եւ երթեր չի կազմակերպում՝ կհարցնեն լրագրողները: «Մենք դեմ ենք ինքնանպատակ հանրահավաքներին,- կպատասխանի պարոն Դեմիրճյանը։- Հանրահավաքը նույնպես պետք է ինչ-որ խնդիր լուծի: Երբ կգա ժամանակը, մենք հանրահավաք էլ կանենք, ցույց էլ, երթ էլ»: Իսկ ե՞րբ է գալու այդ ժամանակը՝ կհարցնեն լրագրողները: «Ես ժամկետներ չեմ ուզում նշել: Ժամկետների մասին ինձ մի հարցրեք: Երբ հասունանա պահը, մենք դա անպայման կանենք: Ձեզ էլ կտեղեկացնենք»,- կլինի ՀԺԿ նախագահի պատասխանը: ՀԺԿ-ի աշխարհաքաղաքական կողմնորոշման վերաբերյալ լրագրողներից մեկի հարցին պարոն Դեմիրճյանը կպատասխանի. «Մենք կողմ ենք բոլոր երկրների հետ բարիդրացիական հարաբերություններ հաստատելուն: Կողմնորոշման մասին խնդիրն արհեստական եմ համարում: Պետք է ոչ թե ամերիկամետ, ռուսամետ կամ եվրոպամետ լինել, այլ՝ հայամետ: Ամեն ինչից բարձր դասել հայ ժողովրդի շահը: Վստահ եմ՝ երբ Հայաստանում օրինական իշխանություն լինի, նա առաջնորդվելու է հենց ժողովրդի շահերով»: ԱՐԱՄ ԱԲՐԱՀԱՄՅԱՆ