Իմիտացիա՞, թե՞ իրական հետապնդում Մարդու իրավունքների պաշտպանի լիազորությունները պետական մակարդակով սահմանափակելու փորձերը գուցե միտված են նրա հեղինակությունն ավելացնելո՞ւն: Այս հարցադրումը բազմիցս հնչեց երեկ անցկացված քննարկման ժամանակ, որի ընթացքում կուսակցությունները պիտի հայտարարություն ընդունեին Մարդու իրավունքների պաշտպանի դեմ իրականացվող ոտնձգությունների առնչությամբ: Նախ՝ Վազգեն Մանուկյանը հիշեցրեց, թե սկզբնապես ինչպես էին վերաբերվում Լարիսա Ալավերդյանի նշանակմանը՝ կարծելով, թե նա միայն ծառայելու է իշխանությանը, սակայն «պարզվեց, որ ե՛ւ մարդու որակի մեջ էինք սխալվում, ե՛ւ աշխատանքի որակի մեջ: Լարիսա Ալավերդյանը բավականին նորմալ սկսեց տանել իր գործը, բայց հենց մի տեղ փոքր կոշտուկ սեղմեց՝ միանգամից վճռական գործողությունների անցավ իշխանությունը՝ ցույց տալու համար, որ ամեն ինչ իր ձեռքում է»: Աշոտ Մանուչարյանը նշեց, թե սա արդեն երկրորդ դեպքն է, երբ պետական ինստիտուտն իր օրինական լիազորություններն իրականացնելու հետեւանքով դառնում է «համակարգված հարձակումների թիրախ»: Առաջին անգամ նման հարձակումներ կատարվեցին Սահմանադրական դատարանի վրա, երբ այն որոշում կայացրեց վստահության հանրաքվեի վերաբերյալ: Ձեռագիրը նույնն է՝ եզրակացրեց պրն Մանուչարյանը. «Կարծես թե մեկը հրահանգ է տվել, թե պետական ատյաններում կան համակարգեր, որոնց որոշումները պարտադիր են՝ դա նրանք են, որոնք ենթարկվում են հաստատված հանցավոր տրամաբանությանը: Եվ ո՛ր մեկը դրանից դուրս է գալիս՝ չեն ենթարկվում»: Սակայն հնչեցին նաեւ հակադիր տեսակետներ: Նախ՝ Արշակ Սադոյանը կասկած հայտնեց, թե գուցե ճնշումներն ուղղակի իմիտացիա՞ են՝ Մարդու իրավունքների պաշտպանի հեղինակությունը բարձրացնելու համար: Հետո Պետրոս Մակեյանն ասաց, որ Պաշտպանը որեւէ տեսանելի գործունեություն չի իրականացրել, եւ «Ժողովրդավարական Հայրենիքը» չի միանալու համատեղ հայտարարությանը. «Քանի որ ստացվում է, թե մենք ինչ-որ ձեւով ներքաշվում ենք ներիշխանական գզվռտոցի մեջ, դառնում մասնակից… Պաշտպանը որեւէ խնդիր չունի իշխանության հետ՝ միակն այն է, թե որքանն է իրենց հասանելի իշխանական տորթից օգտվելու»: Եվ վերջապես՝ Խոսրով Հարությունյանը հայտնեց, թե ծանոթացել է Պաշտպանի տարեկան զեկույցին ու դրան արդարադատության նախարարության արձագանքին եւ գտնում է, որ վերջինիս հիմնավորումների մեջ կա տրամաբանություն. «Մասնավորապես՝ եթե փաստ եք բերում, փորձեք հիմքերը ներկայացնել կամ օրինակներ բերել, որ զեկույցը դրանից շահի»: Քննարկմանը ներկա Պաշտպանի գլխավոր իրավախորհրդատու Ժորա Խաչատրյանն ասաց, թե իրենց օժանդակություն կլիներ, եթե հասարակական քննարկումներ լինեին տարեկան զեկույցի կապակցությամբ: Ավետիք Իշխանյանը խոստացավ, թե հաջորդ շաբաթ կլինեն նման քննարկումներ: Իսկ մինչ այդ՝ երեքշաբթի կհրապարակվի կուսակցությունների համատեղ հայտարարությունը, որով դատապարտվելու է ժողովրդավար երկրների այցեքարտը հանդիսացող Մարդու իրավունքների պաշտպանի ինստիտուտի դեմ ձեռնարկած որեւէ ոտնձգություն: Սակայն ՀԴԿ նախագահ Արամ Սարգսյանն արդեն իսկ կանխատեսեց. «Միեւնույն է՝ մեր դատապարտումը ոչինչ չի տալու, բացի նրանից, որ մենք ընդամենը մեկ անգամ եւս ներկայացնելու ենք մեր դիրքորոշումը: Պարզ է, որ այն, ինչ խանգարում է իրենց՝ մինչեւ վերջ վերացնելու են: Կկարողանա՞նք մենք պաշտպանել մարդու իրավունքների պաշտպանին»: Ա. ԻՍՐԱՅԵԼՅԱՆ