«ԷՎՈԼՅՈՒՑԻՈՆ ՏՐԱՆՍՖՈՐՄԱՑԻԱ»` ԻՇԽԱՆԱՓՈԽՈՒԹՅԱՆ ՓՈԽԱՐԵՆ Րաֆֆի Հովհաննիսյանն ուզում է «համալիր այլընտրանք» առաջարկել ժողովրդին «Եթե այս տարվա ընթացքում տեղի չունենա ազգային տրանսֆորմացիային սկիզբը՝ մենք այդ վտանգի ողբերգականության ականատեսները կլինենք»,- երեկ հրավիրած մամուլի ասուլիսում հայտարարեց «Ժառանգություն» կուսակցության նախագահ Րաֆֆի Հովհաննիսյանը: Պարոն Հովհաննիսյանի մատնանշած վտանգն այն է, որ Հայաստանն ինքնիշխանության առաջին տարիների ժողովրդավարության կղզյակից այսօր վերածվել է տարածաշրջանի ետեւից վազող պետության: Բանն այն է, սակայն, որ օրեր առաջ տեղի ունեցած համագումարում պարոն Հովհաննիսյանը հայտարարեց, որ կընտրվի կուսակցության վարչության նոր կազմ, եւ այդ ժամանակ «Ժառանգություն» կուսակցությունն ավելի հստակ դիրքորոշումներ կարտահայտի: Երեկվա ասուլիսում, սակայն, այդքան էլ պարզ չէր, թե ինչ նկատի ունեն «Ժառանգության» վարչության անդամները «տրանսֆորմացիա» ասելով: «Նախընտրելի է, որ դա տեղի ունենա էվոլյուցիոն ճանապարհով: Մարդիկ կան, որ հեղափոխական կոչեր են անում, ոմանք զուտ աթոռափոխության հարց են դնում: Բայց բոլորը նույն մղումն ունեն՝ եթե գործող իշխանությունը պատասխանատվություն չվերցնի այս իրավիճակի համար, ապա իրենց կուսակցությունները այլ ճանապարհ կորդեգրեն, որը մեզ համար ընդունելի չէ: Տրանսֆորմացիան լինում է ոչ հերթական, ոչ արտահերթ, այն լինում է հրամայական եւ ըստ էության: Պիտի շարունակենք այս ուղղությամբ աշխատել, որպեսզի կարողանանք անցումը կատարել համակարգային՝ համալիր այլընտրանք ներկայացնելով մեր ժողովրդին: Դա պետք է լինի բոլորիս պարտքը, եւ միայն այդ կերպ կկարողանանք խուսափել առճակատումից»,- ասաց պարոն Հովհաննիսյանը: «Ժառանգությունը» իր բաժին տրանսֆորմացիան սկսում է կուսակցական շինարարությունից: Ամռան ընթացքում ծրագրված է 28 գրասենյակների թիվը հասցնել 46-ի, հանդիպումներ ունենալ կուսակիցների հետ, լսել նրանց տեսակետները: «Հնարավո՞ր է, որ ժողովրդական տրանսֆորմացիայի արդյունքում Հայաստանը թեքվի դեպի ՆԱՏՕ»՝ լրագրողներից մեկի հարցին պարոն Հովհաննիսյանը պատասխանեց. «ՆԱՏՕ-ի հետ հետագա հարաբերությունների խնդիրը Հայաստանի ինքնիշխան շահի եւ դրա ներկայացուցիչների խնդիրն է: Հայաստանի պետական շահը ենթադրում է ոչ միայն քաղաքական, տնտեսական, այլեւ ազգի եւ պետության անվտանգության, ինքնիշխանության սկզբունքի պահպանություն»: Այդ կառույցի հետ համագործակցության մեծ հեռանկարներ չտեսնելով՝ նա ողջունում է ԵՄ-ի, ԱՄՆ-ի, ԱՊՀ-ի, ՌԴ-ի, մուսուլմանական աշխարհի եւ մեր մյուս հարեւանների հետ հարաբերությունների սերտացումը: Իսկ կուսակցության արտաքին դիրքորոշումը բխելու է Հայաստանի ինքնիշխանության շահերից: Ամենաուշագրավն այն է, որ կուսակցության վարչությունը նախագահին լիազորել է այսուհետեւ արեւմտամետ ֆորմատի ձեւավորման բանակցությունները վարել կուսակցության անունից: Բացի Հայաստանի ազատական առաջադիմական եւ «Հանրապետություն» կուսակցությունների հետ ինտենսիվ հանդիպում-բանակցություններից, հանդիպումներ կլինեն նաեւ քաղաքական դաշտի այլ կուսակցությունների հետ՝ համակիրներ, համախոհներ հայտնագործելու եւ համագործակցելու նպատակով: Ինչ վերաբերում է սահմանադրական փոփոխությունների գործընթացին, կուսակցության վարչությունն ըստ էության կողմ արտահայտվեց դրան: Առանձնացնելով առանձին առաջխաղացումները՝ պարոն Հովհաննիսյանը եւս մտահոգություններ արտահայտեց իշխանության թեւերի տարանջատման սկզբունքների, Երեւանի քաղաքապետի կարգավիճակի առումներով: Այս հարցի վերաբերյալ վերջնական դիրքորոշում կուսակցությունը կարտահայտի բարեփոխված Սահմանադրության վերջնական տարբերակի առկայության ժամանակ: Ն. ԳՐԻԳՈՐՅԱՆ