ԱՐՄԵՆ ՇԵԿՈՅԱՆ
Գլուխ տասնիններորդ
ՄԱՅԱԿՈՎՍԿՈՒ ԵՐԵԽԱՆԵՐԸ
Երբ արդեն մոտենում էինք Մայակովսկու ծննդավայրին, Մարինա Կուդիմովան ասաց.
– Էդ մրցանակը գլխներիս փորձանք է դառնալու:
– Քե՞զ ինչ կա, Մարի՛նկա, մեջտեղը ես եմ բոլոր կողմերից վատամարդ դուրս գալու,- ասաց Եվտուշենկոն:
– Բա ո՞վ պիտի վատամարդ դուրս գար. վերջիվերջո, էդ ժյուրիի նախագահը դու ես,- ասաց իռլանդուհին:
– Ժյուրիի նախագահը ես եմ, բայց ես էդ մրցանակների հետ ոչ մի կապ չեմ ունեցել,- ասաց Եվտուշենկոն, հետո նայեց Մարինային ու ավելացրեց.- ես մենակ Մարինկայի մրցանակի հաշվով եմ մի քիչ խառնվել:
– Ամբողջ էս դժգոհություններն ու խոսակցություններն էլ հենց իմ մրցանակի հաշվով են,- ասաց Մարինան:
– Էդ հաստագլուխ ղազախին մենակ Մայակովսկու մրցանակն էր պակաս,- ասաց Եվտուշենկոն:
– Քե՛զ ասա,- ասաց իռլանդուհին:
– Ինձ եմ ասում,- ասաց Եվտուշենկոն,- բայց ես ի՞նչ իմանայի, որ մեր էս դելեգացիայի մեջ Արմենի պես հումորով տղա կա:
– Պարտավոր էիր իմանալ,- ասաց իռլանդուհին.- վերջիվերջո, ժյուրիի նախագահը դու ես, չէ՞:
– Ի՞նչ մրցանակի մասին է խոսքը. չէ՞ որ դուք իմ բանաստեղծությունները հեչ չեք էլ կարդացել,- ասացի ես, ու քրտինքը տվեց վրաս:
– Բանաստեղծությունները կարեւոր չեն,- ասաց Եվտուշենկոն.- բանաստեղծություններով որ որոշվեր, էդ ղազախին ընդհա՛նրապես մրցանակ չպիտի հասներ:
– Ես ոչ մի մրցանակ չեմ ուզում,- ճակատիս քրտինքը սրբելով՝ ասացի ես:
– Քո ուզել-չուզելը ոչ մի կապ չունի,- անսպասելի գոռաց Մարինան.- եթե դու չես ուզում, էդ չի նշանակում, որ էդ հաստագլխին պիտի տային: Դրանով մեր մրցանակներն էլ են, չէ՞, վարկաբեկվում:
– Նախօրոք ցեկաների մակարդակով որոշել են, որ էդ երրորդը պիտի ղազախին տան,- ասաց Եվտուշենկոն:
– Ղազախը՝ ղազախ, թող գոնե Օլժասին տային,- ասաց Մարինան:
– Օլժասը համարյա իմ տարիքի մարդ է. էս մրցանակը համեմատաբար երիտասարդներին են տալիս,- ասաց Եվտուշենկոն:
– Տարիքի առումով Տանյա Բեկն էլ էնպես ոչինչ,- ասաց Մարինան:
– Հա, բայց Տանյայի իսկական տարիքը մենակ Աստված գիտի,- ասաց Եվտուշենկոն:
– Մեկ էլ՝ ինքը,- ասաց Մարինան:
– Չեմ հասկանում, էդ մրցանակներն էդքան կարեւոր ե՞ն,- ասաց իռլանդուհին:
– Նայած ում համար,- ասաց Եվտուշենկոն:
– Կարեւորը պոեզիան չի՞, Ժենիչկա,- հարցրեց իռլանդուհին:
– Ձեր Իռլանդիայում երեւի պոեզիան է կարեւոր,- ասաց Եվտուշենկոն:
– Իսկ Վրաստանում մրցանակներն ե՞ն կարեւոր,- հարցրեց իռլանդուհին:
– Չէ. Վրաստանում ամենակարեւորը եկեղեցիներն են,- ասաց Եվտուշենկոն:
– Էդ եկեղեցին իսկական հրաշք էր,- ասաց Մարինան:
– Հայկական եկեղեցի որ տեսած լինեիր, էդպես չէիր խոսի,- ասաց Եվտուշենկոն:
– Հայկականներն ավելի լավն ե՞ն,- ինձ նայեց Մարինան:
– Հայկականների համեմատ էս քո տեսածը հեչ բան էր, Մարի՛նկա,- ասաց Եվտուշենկոն:
– Իսկապե՞ս,- նորից ինձ նայեց Մարինան:
– Թող Արմե՛նն ասի,- խորամանկ ժպտաց Եվտուշենկոն:
– Չգիտեմ. էդ եկեղեցուն ուշադիր չնայեցի,- ասացի ես:
– Բա ո՞ւմ էիր ուշադիր նայում, Մարինկայի՞ն,- հռհռաց Եվտուշենկոն:
– Իհա՛րկե. Մարինայի ֆոնին էդ եկեղեցին չէր երեւում,- ասացի ես:
– Կատակը մի կողմ, բայց Րիպսիմեի մակարդակի եկեղեցի աշխարհում երեւի շատ չկա,- լրջացավ Եվտուշենկոն:
– Ի՞նչ Րիպսիմե,- հարցրեց իռլանդուհին:
– Եկեղեցի է,- ասաց Եվտուշենկոն.- էս եկեղեցու պես եկեղեցի է, բայց մեջը ահավոր վեհություն կա:
– Էդքան ասում ես, բայց էդպես էլ ինձ Հայաստան չտարար,- ասաց իռլանդուհին:
– Ընդամենը երկու ամսվա պսակված ենք. կյանքներս դեմներս է,- ասաց Եվտուշենկոն:
– Ընդամենը երկու ամսվա պսակված ենք, բայց արդեն երկրորդ անգամ ես ինձ քարշ տալիս էս նույն տեղերը,- դժգոհեց իռլանդուհին:
– Ջանսուղը շատ խնդրեց: Ջանսուղն ու Դումբաձեն շատ խնդրեցին,- ասաց Եվտուշենկոն:
– Դումբաձեն ձեզ խնդրել է, բայց ինքը չկա,- ասաց Մարինան:
– Թռել է Մոսկվա. էնտեղ իր պետական մրցանակի հարցն է էսօր-էգուց որոշվում,- ասաց Եվտուշենկոն:
– Չեմ հասկանում, ձեր գրողները գրո՞ւմ են, թե՞ մրցանակ են ստանում,- ասաց իռլանդուհին:
– Աջ ձեռքով գրում են, ձախով մրցանակ են ստանում,- ասաց Եվտուշենկոն:
– Հակառակն ավելի հաճախ է պատահում,- ասաց Մարինան.- ձախով գրում են, իսկ աջով մրցանակ են ստանում:
– Մարդ էլ կա, որ երկու ձեռքով է մրցանակ ստանում, ու քանի որ ձեռքերը մշտապես զբաղված են, ոչ մի բան էլ չի գրում,- ասաց Եվտուշենկոն:
– Բան չեմ հասկանում,- ասաց իռլանդուհին:
– Կհասկանաս,- ասաց Եվտուշենկոն,- կմեծանաս՝ կհասկանաս. դեռ շատ փոքր ես:
Ես ուշադիր լսում էի նրանց ու մտածում էի, որ մեզանից յուրաքանչյուրն իր կյանքն ունի, իր կյանքի հետ կապված՝ զուտ անձնական իր խնդիրներն ունի, իր կարիքներն ու իր պահանջներն ունի, իր նպատակներն ու իր հավակնություններն ունի, իր երազանքներն ու իր էդ երազանքներից կառչելու իր չափազանց սահմանափակ ներուժն ունի, ու չնայած էս վերջին ասածս հենց Եվտուշենկոյի՛ն չէր վերաբերում, ու չնայած Եվտուշենկոն մեջներիցս ակնհայտորեն ամենահաջողակն էր, բայց հավանաբար ինքն արդեն հոգնել էր իր իսկ հաջողություններից ու հաջողակությունից եւ շարունակ իր բարձունքներից իջնելու ու մահկանացուներիս հավասարվելու փորձեր էր անում, բայց իր էդ մտադրությունն իրականացնելու նրա հնարավորություններն արդեն չափազանց սահմանափակ էին, ու նրա ժամանակն էլ էր խիստ սահմանափակ, որովհետեւ իր «Զրո վեցի» պարբրիսից անդին արդեն երեւում էին աղուհացով տարազավոր վրացուհիները, որ մեր պատվիրակությանն ու հատկապես Եվգենի Եվտուշենկոյին էին սպասում:
Մարինա Կուդիմովան իր մշտապես անհանգիստ աչքերն էր ճպճպացնում, եւ իր աչքերի կտրուկ ու հաճախակի ճպճպոցն ակնհայտորեն հիվանդության նշան էր, ու հիվանդությունն էլ, ըստ ամենայնի, անբուժելի էր, որովհետեւ ակնհայտորեն նյարդերի հետ էր կապված, ու եթե նույնիսկ բուժելի էլ լիներ, բուժումը ոչ միայն ուշացած, այլեւ արդեն անիմաստ էլ էր, որովհետեւ իր էդ ընդհանուր վիճակն, ըստ ամենայնի, վաղուց արդեն իր նորմալ ու անշրջելի կացութաձեւն էր, ու, չնայած էս նկարագրածս պահերի դրությամբ Մարինան մոտալուտ մրցանակի դափնեկիրն ու շատերի նախանձի հիմնական օբյեկտն էր, բայց ինքն իր մրցանակներից, իր բանաստեղծություններից, իր թարգմանություններից եւ, վերջապես, իր կյանքից երբեւէ չէր գոհանալու, քանզի գոհանալն իր նպատակների մեջ չէր մտնում, եւ նույնիսկ իր տաղանդն էր իր համար չարիքի ու տաժանակրության պես բան, ու ինքն իր էդ մշտական բեռից ճողոպրելու, խուսափելու որեւէ տարբերակ չուներ, որովհետեւ այլ ունեցվածք չուներ:
Ահա մարդաճանաչության մի փայլուն դրվագ իմ կյանքից, ու էսպիսի առիթներով հաճախ եմ մեծամտանում՝ մի հավելյալ անգամ համոզվելով, որ մարդաճանաչության մեծ պաշարների ու հզոր ներուժի տեր եմ, եւ Կուդիմովա Մառայի մասով վերստին է հաստատվում մարդաճանաչության իմաստով իմ բացառիկությունը, որովհետեւ իր մասին էս ամեն ինչը, որ մտածում էի մեր առաջին հանդիպման ժամանակ Եվտուշենկոյի «Զրո վեցի» մեջ նստած, ես նույնությամբ ու գրեթե մեկին մեկ մտածում էի դրանից չորս տարի անց Մեժիրովի մոսկովյան ամառանոցում, ուր հաճախ էի լինում Poker-ի ու բիլիարդի առիթներով, ու էդ մի անգամ Մարինան էլ էր Մեժիրովի մոտ, ու ես, Մարինայի վերջին գրածներին ծանոթանալով, իր մասին էլի նույն բաներն էի մտածում, ինչ մտածել էի մեր առաջին հանդիպման ժամանակ:
Երբ Մայակովսկու ծննդավայր Բաղդադի գյուղում մեքենայից իջանք, տարազավորներին ու աղուհացին առաջինը Եվտուշենկոն մոտեցավ, ավելի ճիշտ՝ տարազավոր վրացուհիներն իրենք մոտեցան Եվտուշենկոյին, եւ բանաստեղծն առաջինն ի՛նքը ռիսկով ու հմտորեն մի մեծ կտոր պոկեց հացից, թաթախեց աղի մեջ ու ախորժակով կերավ, եւ իրենից հետո նոր միայն մյուսներս մոտեցանք:
Աղուհացից անմիջապես հետո մենք մտանք այն տունը, որտեղ ծնվել, մեծացել ու հասակ էր առել հեղափոխության ամենամեծ երգիչը, այսինքն՝ դա հենց Մայակովսկու տուն-թանգարանն էր, ու հիմա էդ տուն-թանգարանի իրերից միայն բանաստեղծի փայտե օրորոցն եմ հիշում, որովհետեւ շուրջս վխտացող բանաստեղծներին ու բանաստեղծուհիներին ավելի ուշադիր էի նայում, քան՝ թանգարանի իրերին, ու պիտի նաեւ ասեմ, որ ես երբեւէ թանգարանների սիրահար չեմ եղել, չնայած էդ Բաղդադիից ուղիղ տասը տարի անց Երեւանի Թումանյանի թանգարանի ոչ բարով տնօրենն էի, ու «ոչ բարով» եմ ասում, որովհետեւ Թումանյանի թանգարանում աշխատածս էդ հինգ տարիներն էն տարիներն էին, երբ ես կտրված էի գրականությունից ընդհանրապես եւ Թումանյանից մասնավորապես, եւ օրս անցնում էր թանգարանային կանացի վեճերի թոհուբոհում, ու էդ վեճերին հաճախ ինքս էի տոն տալիս, քանի որ այլ զբաղմունք չունեի, որովհետեւ իննսունականների սկզբներն էին՝ լույս չկար, ու այցելուներ էլ հազվադեպ էին պատահում:
Բանաստեղծներն ու բանաստեղծուհիներն ուշի-ուշով Մայակովսկու իրերն էին ուսումնասիրում, իսկ ես ուշի-ուշով ուսումնասիրում էի բանաստեղծներին ու բանաստեղծուհիներին, որովհետեւ էդ տուն-թանգարանում ավելի ուշագրավ առարկաներ չկային, ու էս առիթով կարող եմ նաեւ ասել ու հաստատել, որ Մայակովսկու էդ տուն-թանգարանի համեմատ մեր Թումանյանի թանգարանը շատ էլ ճոխ թանգարան է, ու էս առիթով պիտի նաեւ ասեմ, որ էդ երկու թանգարանների միակ ընդհանրությունը փայտե օրորոցներն էին, չնայած Թումանյանինը ոչ թե օրորոց էր, այլ՝ ամենասովորական գյուղական խնոցի, որ տուրիստներին ու հատկապես ռուս տուրիստներին հաճախ էր շփոթության մեջ գցում, եւ հատկապես ռուս տուրիստները տեսնելով էդ, ուրեմն, խնոցին, ինձ ու իմ էքսկուրսավարուհուն հաճախ էին հարցնում՝ «ֆՑՏ ՁցՎՈվ