ԱՐՄԵՆ
ՇԵԿՈՅԱՆ ՀԱՅԿԱԿԱՆ
ԺԱՄԱՆԱԿ Սկիզբը՝ Գլուխ
առաջին Գլուխ երկրորդ Գլուխ
երրորդ Գլուխ չորրորդ
Գլուխ հինգերորդ Գլուխ վեցերորդ
Գլուխ յոթերորդ Գլուխ
ութերորդ Գլուխ իններորդԳլուխ
տասներորդ Գլուխ տասնմեկերորդ Գլուխ
տասներեքերորդ Գլուխ տասնչորսերորդ Գլուխ
տասնհինգերորդ ¶ÉáõË
ï³ëÝí»ó»ñáñ¹
Գլուխ տասնյոթերորդ Գլուխ
տասնութերորդ Գլուխ տասնիններորդ ՄԱՅԱԿՈՎՍԿՈՒ
ԵՐԵԽԱՆԵՐԸ Երբ արդեն մոտենում էինք Մայակովսկու ծննդավայրին, Մարինա Կուդիմովան
ասաց. – Էդ մրցանակը գլխներիս փորձանք է դառնալու: – Քե՞զ ինչ կա,
Մարի՛նկա, մեջտեղը ես եմ բոլոր կողմերից վատամարդ դուրս գալու,- ասաց Եվտուշենկոն:
– Բա ո՞վ պիտի վատամարդ դուրս գար. վերջիվերջո, էդ ժյուրիի նախագահը դու ես,-
ասաց իռլանդուհին: – Ժյուրիի նախագահը ես եմ, բայց ես էդ մրցանակների հետ
ոչ մի կապ չեմ ունեցել,- ասաց Եվտուշենկոն, հետո նայեց Մարինային ու ավելացրեց.-
ես մենակ Մարինկայի մրցանակի հաշվով եմ մի քիչ խառնվել: – Ամբողջ էս դժգոհություններն
ու խոսակցություններն էլ հենց իմ մրցանակի հաշվով են,- ասաց Մարինան: – Էդ
հաստագլուխ ղազախին մենակ Մայակովսկու մրցանակն էր պակաս,- ասաց Եվտուշենկոն: –
Քե՛զ ասա,- ասաց իռլանդուհին: – Ինձ եմ ասում,- ասաց Եվտուշենկոն,- բայց ես
ի՞նչ իմանայի, որ մեր էս դելեգացիայի մեջ Արմենի պես հումորով տղա կա: – Պարտավոր
էիր իմանալ,- ասաց իռլանդուհին.- վերջիվերջո, ժյուրիի նախագահը դու ես, չէ՞: –
Ի՞նչ մրցանակի մասին է խոսքը. չէ՞ որ դուք իմ բանաստեղծությունները հեչ չեք էլ կարդացել,-
ասացի ես, ու քրտինքը տվեց վրաս: – Բանաստեղծությունները կարեւոր չեն,- ասաց
Եվտուշենկոն.- բանաստեղծություններով որ որոշվեր, էդ ղազախին ընդհա՛նրապես մրցանակ
չպիտի հասներ: – Ես ոչ մի մրցանակ չեմ ուզում,- ճակատիս քրտինքը սրբելով՝
ասացի ես: – Քո ուզել-չուզելը ոչ մի կապ չունի,- անսպասելի գոռաց Մարինան.-
եթե դու չես ուզում, էդ չի նշանակում, որ էդ հաստագլխին պիտի տային: Դրանով մեր մրցանակներն
էլ են, չէ՞, վարկաբեկվում: – Նախօրոք ցեկաների մակարդակով որոշել են, որ էդ
երրորդը պիտի ղազախին տան,- ասաց Եվտուշենկոն: – Ղազախը՝ ղազախ, թող գոնե
Օլժասին տային,- ասաց Մարինան: – Օլժասը համարյա իմ տարիքի մարդ է. էս մրցանակը
համեմատաբար երիտասարդներին են տալիս,- ասաց Եվտուշենկոն: – Տարիքի առումով
Տանյա Բեկն էլ էնպես ոչինչ,- ասաց Մարինան: – Հա, բայց Տանյայի իսկական տարիքը
մենակ Աստված գիտի,- ասաց Եվտուշենկոն: – Մեկ էլ՝ ինքը,- ասաց Մարինան: –
Չեմ հասկանում, էդ մրցանակներն էդքան կարեւոր ե՞ն,- ասաց իռլանդուհին: – Նայած
ում համար,- ասաց Եվտուշենկոն: – Կարեւորը պոեզիան չի՞, Ժենիչկա,- հարցրեց
իռլանդուհին: – Ձեր Իռլանդիայում երեւի պոեզիան է կարեւոր,- ասաց Եվտուշենկոն:
– Իսկ Վրաստանում մրցանակներն ե՞ն կարեւոր,- հարցրեց իռլանդուհին: –
Չէ. Վրաստանում ամենակարեւորը եկեղեցիներն են,- ասաց Եվտուշենկոն: – Էդ եկեղեցին
իսկական հրաշք էր,- ասաց Մարինան: – Հայկական եկեղեցի որ տեսած լինեիր, էդպես
չէիր խոսի,- ասաց Եվտուշենկոն: – Հայկականներն ավելի լավն ե՞ն,- ինձ նայեց
Մարինան: – Հայկականների համեմատ էս քո տեսածը հեչ բան էր, Մարի՛նկա,- ասաց
Եվտուշենկոն: – Իսկապե՞ս,- նորից ինձ նայեց Մարինան: – Թող Արմե՛նն
ասի,- խորամանկ ժպտաց Եվտուշենկոն: – Չգիտեմ. էդ եկեղեցուն ուշադիր չնայեցի,-
ասացի ես: – Բա ո՞ւմ էիր ուշադիր նայում, Մարինկայի՞ն,- հռհռաց Եվտուշենկոն:
– Իհա՛րկե. Մարինայի ֆոնին էդ եկեղեցին չէր երեւում,- ասացի ես: –
Կատակը մի կողմ, բայց Րիպսիմեի մակարդակի եկեղեցի աշխարհում երեւի շատ չկա,- լրջացավ
Եվտուշենկոն: – Ի՞նչ Րիպսիմե,- հարցրեց իռլանդուհին: – Եկեղեցի է,-
ասաց Եվտուշենկոն.- էս եկեղեցու պես եկեղեցի է, բայց մեջը ահավոր վեհություն կա:
– Էդքան ասում ես, բայց էդպես էլ ինձ Հայաստան չտարար,- ասաց իռլանդուհին:
– Ընդամենը երկու ամսվա պսակված ենք. կյանքներս դեմներս է,- ասաց Եվտուշենկոն:
– Ընդամենը երկու ամսվա պսակված ենք, բայց արդեն երկրորդ անգամ ես ինձ քարշ
տալիս էս նույն տեղերը,- դժգոհեց իռլանդուհին: – Ջանսուղը շատ խնդրեց: Ջանսուղն
ու Դումբաձեն շատ խնդրեցին,- ասաց Եվտուշենկոն: – Դումբաձեն ձեզ խնդրել է,
բայց ինքը չկա,- ասաց Մարինան: – Թռել է Մոսկվա. էնտեղ իր պետական մրցանակի
հարցն է էսօր-էգուց որոշվում,- ասաց Եվտուշենկոն: – Չեմ հասկանում, ձեր գրողները
գրո՞ւմ են, թե՞ մրցանակ են ստանում,- ասաց իռլանդուհին: – Աջ ձեռքով գրում
են, ձախով մրցանակ են ստանում,- ասաց Եվտուշենկոն: – Հակառակն ավելի հաճախ
է պատահում,- ասաց Մարինան.- ձախով գրում են, իսկ աջով մրցանակ են ստանում: –
Մարդ էլ կա, որ երկու ձեռքով է մրցանակ ստանում, ու քանի որ ձեռքերը մշտապես զբաղված
են, ոչ մի բան էլ չի գրում,- ասաց Եվտուշենկոն: – Բան չեմ հասկանում,- ասաց
իռլանդուհին: – Կհասկանաս,- ասաց Եվտուշենկոն,- կմեծանաս՝ կհասկանաս. դեռ
շատ փոքր ես: Ես ուշադիր լսում էի նրանց ու մտածում էի, որ մեզանից յուրաքանչյուրն
իր կյանքն ունի, իր կյանքի հետ կապված՝ զուտ անձնական իր խնդիրներն ունի, իր կարիքներն
ու իր պահանջներն ունի, իր նպատակներն ու իր հավակնություններն ունի, իր երազանքներն
ու իր էդ երազանքներից կառչելու իր չափազանց սահմանափակ ներուժն ունի, ու չնայած
էս վերջին ասածս հենց Եվտուշենկոյի՛ն չէր վերաբերում, ու չնայած Եվտուշենկոն մեջներիցս
ակնհայտորեն ամենահաջողակն էր, բայց հավանաբար ինքն արդեն հոգնել էր իր իսկ հաջողություններից
ու հաջողակությունից եւ շարունակ իր բարձունքներից իջնելու ու մահկանացուներիս հավասարվելու
փորձեր էր անում, բայց իր էդ մտադրությունն իրականացնելու նրա հնարավորություններն
արդեն չափազանց սահմանափակ էին, ու նրա ժամանակն էլ էր խիստ սահմանափակ, որովհետեւ
իր «Զրո վեցի» պարբրիսից անդին արդեն երեւում էին աղուհացով տարազավոր վրացուհիները,
որ մեր պատվիրակությանն ու հատկապես Եվգենի Եվտուշենկոյին էին սպասում: Մարինա
Կուդիմովան իր մշտապես անհանգիստ աչքերն էր ճպճպացնում, եւ իր աչքերի կտրուկ ու հաճախակի
ճպճպոցն ակնհայտորեն հիվանդության նշան էր, ու հիվանդությունն էլ, ըստ ամենայնի,
անբուժելի էր, որովհետեւ ակնհայտորեն նյարդերի հետ էր կապված, ու եթե նույնիսկ բուժելի
էլ լիներ, բուժումը ոչ միայն ուշացած, այլեւ արդեն անիմաստ էլ էր, որովհետեւ իր էդ
ընդհանուր վիճակն, ըստ ամենայնի, վաղուց արդեն իր նորմալ ու անշրջելի կացութաձեւն
էր, ու, չնայած էս նկարագրածս պահերի դրությամբ Մարինան մոտալուտ մրցանակի դափնեկիրն
ու շատերի նախանձի հիմնական օբյեկտն էր, բայց ինքն իր մրցանակներից, իր բանաստեղծություններից,
իր թարգմանություններից եւ, վերջապես, իր կյանքից երբեւէ չէր գոհանալու, քանզի գոհանալն
իր նպատակների մեջ չէր մտնում, եւ նույնիսկ իր տաղանդն էր իր համար չարիքի ու տաժանակրության
պես բան, ու ինքն իր էդ մշտական բեռից ճողոպրելու, խուսափելու որեւէ տարբերակ չուներ,
որովհետեւ այլ ունեցվածք չուներ: Ահա մարդաճանաչության մի փայլուն դրվագ իմ
կյանքից, ու էսպիսի առիթներով հաճախ եմ մեծամտանում՝ մի հավելյալ անգամ համոզվելով,
որ մարդաճանաչության մեծ պաշարների ու հզոր ներուժի տեր եմ, եւ Կուդիմովա Մառայի
մասով վերստին է հաստատվում մարդաճանաչության իմաստով իմ բացառիկությունը, որովհետեւ
իր մասին էս ամեն ինչը, որ մտածում էի մեր առաջին հանդիպման ժամանակ Եվտուշենկոյի
«Զրո վեցի» մեջ նստած, ես նույնությամբ ու գրեթե մեկին մեկ մտածում էի դրանից չորս
տարի անց Մեժիրովի մոսկովյան ամառանոցում, ուր հաճախ էի լինում Poker-ի ու բիլիարդի
առիթներով, ու էդ մի անգամ Մարինան էլ էր Մեժիրովի մոտ, ու ես, Մարինայի վերջին գրածներին
ծանոթանալով, իր մասին էլի նույն բաներն էի մտածում, ինչ մտածել էի մեր առաջին հանդիպման
ժամանակ: Երբ Մայակովսկու ծննդավայր Բաղդադի գյուղում մեքենայից իջանք, տարազավորներին
ու աղուհացին առաջինը Եվտուշենկոն մոտեցավ, ավելի ճիշտ՝ տարազավոր վրացուհիներն իրենք
մոտեցան Եվտուշենկոյին, եւ բանաստեղծն առաջինն ի՛նքը ռիսկով ու հմտորեն մի մեծ կտոր
պոկեց հացից, թաթախեց աղի մեջ ու ախորժակով կերավ, եւ իրենից հետո նոր միայն մյուսներս
մոտեցանք: Աղուհացից անմիջապես հետո մենք մտանք այն տունը, որտեղ ծնվել, մեծացել
ու հասակ էր առել հեղափոխության ամենամեծ երգիչը, այսինքն՝ դա հենց Մայակովսկու տուն-թանգարանն
էր, ու հիմա էդ տուն-թանգարանի իրերից միայն բանաստեղծի փայտե օրորոցն եմ հիշում,
որովհետեւ շուրջս վխտացող բանաստեղծներին ու բանաստեղծուհիներին ավելի ուշադիր էի
նայում, քան՝ թանգարանի իրերին, ու պիտի նաեւ ասեմ, որ ես երբեւէ թանգարանների սիրահար
չեմ եղել, չնայած էդ Բաղդադիից ուղիղ տասը տարի անց Երեւանի Թումանյանի թանգարանի
ոչ բարով տնօրենն էի, ու «ոչ բարով» եմ ասում, որովհետեւ Թումանյանի թանգարանում
աշխատածս էդ հինգ տարիներն էն տարիներն էին, երբ ես կտրված էի գրականությունից ընդհանրապես
եւ Թումանյանից մասնավորապես, եւ օրս անցնում էր թանգարանային կանացի վեճերի թոհուբոհում,
ու էդ վեճերին հաճախ ինքս էի տոն տալիս, քանի որ այլ զբաղմունք չունեի, որովհետեւ
իննսունականների սկզբներն էին՝ լույս չկար, ու այցելուներ էլ հազվադեպ էին պատահում:
Բանաստեղծներն ու բանաստեղծուհիներն ուշի-ուշով Մայակովսկու իրերն էին ուսումնասիրում,
իսկ ես ուշի-ուշով ուսումնասիրում էի բանաստեղծներին ու բանաստեղծուհիներին, որովհետեւ
էդ տուն-թանգարանում ավելի ուշագրավ առարկաներ չկային, ու էս առիթով կարող եմ նաեւ
ասել ու հաստատել, որ Մայակովսկու էդ տուն-թանգարանի համեմատ մեր Թումանյանի թանգարանը
շատ էլ ճոխ թանգարան է, ու էս առիթով պիտի նաեւ ասեմ, որ էդ երկու թանգարանների միակ
ընդհանրությունը փայտե օրորոցներն էին, չնայած Թումանյանինը ոչ թե օրորոց էր, այլ՝
ամենասովորական գյուղական խնոցի, որ տուրիստներին ու հատկապես ռուս տուրիստներին
հաճախ էր շփոթության մեջ գցում, եւ հատկապես ռուս տուրիստները տեսնելով էդ, ուրեմն,
խնոցին, ինձ ու իմ էքսկուրսավարուհուն հաճախ էին հարցնում՝ «ֆՑՏ ՁցՎՈվ’վՏՉրՍՈ’ ս’սՖՍՈ?»,
եւ շատ հաճախ ես ու իմ էքսկուրսավարուհին նրանց միանգամայն դրական պատասխան էինք
տալիս, որովհետեւ ինքներդ էլ եք երեւի պատկերացնում, թե մեզանից ինչքան գիտելիք ու
մանավանդ ժամանակ կպահանջվեր՝ արտասահմանցի տուրիստներին խնոցու բուն էությունը բացատրելու
համար: Մենք Մայակովսկու տուն-թանգարանում ահագին երկար մնացինք, որովհետեւ
բանաստեղծներն էդպիսի տեղերում սովորաբար շատ երկար են լռվում եւ երկար լռվելուց
հետո էլ սովորաբար ասում ու գրում են՝ «էդ տանը յուրաքանչյուր առարկա ներծծված էր
բանաստեղծի ոգով ու շնչով», բայց ես ճիշտ հակառակը պիտի ասեմ. պիտի ասեմ, որ էդ տունն
իր ամեն ինչով խորթ էր Մայակովսկու ոգուն, եւ յուրաքանչյուր շատ թե քիչ նորմալ արարած
իսկապես կզարմանար ու կապշեր, թե ոնց է Մայակովսկու անհատականությունն էդ տանն ու
մանավանդ էդ Բաղդադի գյուղի հույժ վրացական մթնոլորտում ձեւավորվել: Բայց,
այդուհանդերձ, բանաստեղծներն ու բանաստեղծուհիները լռվել ու դուրս չէին գալիս մանուկ
Մայակովսկու էդ, ուրեմն, ննջարանից, ու քիչ անց պարզվեց, որ հենց էդ ննջարանում երիտասարդ
բանաստեղծներիս մասնակցությամբ պոեզիայի ցերեկույթ է նախատեսված, բայց Եվտուշենկոն,
երեւի հաշվի առնելով Մայակովսկու ննջարանի փոքրությունը, միկրոֆոնը տեղափոխել տվեց
տուն-թանգարանի պատշգամբ, եւ, չնայած Եվտուշենկոն դեռեւս կինո չէր նկարահանել, բայց
հենց էդ պահին մենք որոշակիորեն տեսանք, զգացինք ու մեզ համար բացահայտեցինք իր ռեժիսորական
տաղանդը, որովհետեւ պատշգամբը, ուր նա տեղափոխել տվեց միկրոֆոնը, ոչ միայն ընդարձակ
էր, այլեւ նայում էր Բաղդադի գյուղի հենց մեյդանին, որտեղ արդեն ահագին բազմություն
էր հավաքված: Եվտուշենկոն Մայակովսկու մասին իր կարճ խոսքով բացեց միջոցառումը,
այնուհետեւ հերթով ձայն տվեց երիտասարդներին, եւ երիտասարդ բանաստեղծները կարդացին
իրենց բանաստեղծությունները՝ յուրաքանչյուրը երկու-երեք հատ, եւ, չնայած բավական
հզոր միկրոֆոն էր, բայց բանաստեղծների արտասանությունը չէր լսվում, որովհետեւ տուն-թանգարանի
պատշգամբում ու հատկապես պատշգամբի տակ ահավոր ժխոր էր, քանի որ դրսում՝ պատշգամբի
տակ շարված երկար սեղաններին արդեն վրացական ընտիր ու շողշողուն գինի էր հայտնվել,
եւ երբ Եվտուշենկոն ձայնը տվեց ինձ, ես արագ-արագ ռուսերեն կարդացի «Հայաստան» բանաստեղծությունս
եւ, հիշում եմ, ամբողջ երկու քառյակ բաց թողեցի, որովհետեւ զգում էի, որ ոչ ոք ինձ
չի լսում, ու ոչ ոքի չի հետաքրքրում կարդացածս, ու Եվտուշենկոն էլ, զգալով, որ ոչ
ոք մեր արտասանությունը չի լսում, ինձանից հետո այլեւս ոչ ոքի ձայն չտվեց ու անմիջապես
անցավ իր եզրափակիչ ելույթին: Երբ Եվգենի Եվտուշենկոն սկսեց արտասանել Մայակովսկու
մասին իր բանաստեղծությունը, արդեն քար լռություն էր, որովհետեւ Եվտուշենկոն պատշգամբում
ու ներքեւում հավաքվածներին կեսկատակ խնդրեց, որ լռեն ու իրեն հնարավորություն տան
ավարտել հանդիսավոր մասն ու միանալ ուտող-խմողներին, եւ երբ Եվտուշենկոյի աղաղակն
սկսեց թեւածել Բաղդադիի երկնքում ու մերձակա լեռների վրա, մենք հասկացանք, որ մնացածներս
իզուր ենք բանաստեղծություն գրում ու մանավանդ արտասանում, չնայած էդ պահին իմ ու
երեւի նաեւ մյուսների մտքում իր զուգահեռը ոչ թե մենք էինք, այլ միայն՝ Վլադիմիր
Մայակովսկին, եւ երբ Եվտուշենկոն ավարտեց իր արտասանությունը, որոշ ժամանակ քար լռությունը
շարունակվեց, ու հետո նոր միայն բոլորս ցնցվեցինք բոլորի ու մեր իսկ ծափահարություններից,
ու հետո, երբ երկարատեւ ծափահարությունը թուլացավ, Եվտուշենկոն հավաքվածներին խնդրեց,
որ եւս մի քանի վայրկյան լսեն իրեն, եւ երբ վերստին քար լռություն տիրեց, Եվտուշենկոն
եզրափակեց իր ելույթը, ասելով, որ չնայած Մայակովսկին շատ կարճ ապրեց ու երեխաներ
էլ չունեցավ, բայց նա աշխարհի ամենաբազմազավակ հայրն է, որովհետեւ մենք բոլորս Մայակովսկու
երեխաներն ենք: Հաջորդ առավոտ լույս տեսած բոլոր թերթերի, էդ թվում նաեւ «Լիտգազետայի»
Մայակովսկու տոնին նվիրված հոդվածները միեւնույն վերնագիրն էին կրում՝ «ժ. ժՉՑցՔպվՍՏ:
«Ծօ Չրպ ՊպՑՌ ԾՈ’ՍՏՉրՍՏչՏ»: Եվտուշենկոյի ելույթից հետո բոլորս իջանք ցած,
որտեղ, ինչպես արդեն ասացի, երկար սեղաններ էին գցված, ու ես վերստին Տատյանաների
մեջտեղում էի ու ըմբոշխնում էի վրացական ոսկեդեղին գինին, ինչպես նաեւ Տատյանաների
քչփչոցներն առ այն, որ, այնուամենայնիվ, արտիստիզմը, որով, իհարկե, լիովին օժտված
է Եվգենի Ալեքսանդրովիչը, ընդհանուր որեւէ բան չունի իսկական պոեզիայի հետ, ու ես,
հիշում եմ, լիուլի տոն էի տալիս իրենց կոնկրետ էդ քչփչոցին, ու իրենց էդ քչփչոցն
ինձ համար վերջին հույս էր, որովհետեւ, հիշում եմ, Եվտուշենկոյի՝ պատշգամբի էդ ելույթից
հետո ես հիասթափվել էի կյանքից ընդհանրապես ու ինձանից մասնավորապես: Իմ ու
մյուս բանաստեղծների բախտից, ներքեւում ոչ թե Եվտուշենկոն ելույթ ունեցավ, այլ միայն՝
Բաղդադիի դպրոցականներն ու գյուղապետը, ու էդ ելույթներից հետո Եվտուշենկոն, Ջանսուղը,
գյուղապետն ու իռլանդուհին գինի էին խմում, եւ, չնայած մենք իրենց դեմդիմաց էինք,
իռլանդուհին արդեն ինձ չէր ժպտում, այլ միայն՝ Բաղդադիի գյուղսովետի էդ, ուրեմն,
նախագահին: Ես, այնուամենայնիվ, իռլանդուհուց ժպիտներ կորզեցի մեր վերջին
ու եզրափակիչ ելույթի ժամանակ, ու էդ օրը Քութայիսի օպերայի ու բալետի թատրոնի դահլիճում
ոչ միայն իռլանդուհին էր ինձ ժպտում, այլեւ՝ շատ-շատերը, ու ես հիմա միանգամից ուզում
եմ անցում կատարել էդ, ուրեմն, վերջին օրվա իրադարձություններին ո՛չ միայն այն պատճառով,
որ դրան նախորդած երկու օրերին պատմելու արժանի առանձնապես որեւէ բան տեղի չունեցավ,
այլեւ այն պատճառով, որ, հասկանում եք, ես իրավունք էլ չունեմ ձեզ չափից ավելի զբաղեցնել
Մայակովսկու պոեզիայի տոնի մասին իմ էս հավելյալ սյուժեով, որովհետեւ, եթե հիշում
եք, իմ հիմնական սյուժեն վերաբերում էր իմ բանակային առաջին օրերին ընդհանրապես եւ
իմ բանակի ընկեր Բախվա Բուրչուլաձեին մասնավորապես, ու հիմա ձեզ նաեւ պիտի հիշեցնեմ,
որ ես հենց Բախվա Բուրչուլաձեի խաթեր թռա ու հասա ութսունմեկի Բաղդադի ու Քութայիս:
Եվտուշենկոյի Բաղդադիի ելույթից որոշակի դասեր ու եզրակացություններ քաղած՝
ես հաստատապես որոշել էի օպերայի մեր գլխավոր ու եզրափակիչ երեկոյի ժամանակ միանգամայն
արտիստիզմով ու ընդգծված առոգանությամբ արտասանել իմ ու քրոջս թարգմանած էդ, ուրեմն,
տողացիներս ու նաեւ որոշել էի, որ էդ պոեզիայի երեկոյից առաջ հյուրանոցի իմ համարում
հայելու դեմ մի քանի անգամ կփորձեմ, բայց մոռացա ու ոչ մի անգամ էլ չփորձեցի, որովհետեւ
էդ մեր գլխավոր ու եզրափակիչ երեկոյին նախորդած երկու օրերին էլ գինին լիուլի էր,
ու ես, իմ նախկին երամն ու իմ թռչուններին վերադարձած, անմնացորդ ինձ հանձնել էի
վրացական էդ աննախադեպ գինուն, որը նույնիսկ Ռուսթավելու բեղավոր բիձուկի գինուն
էր ակնհայտորեն գերազանցում: Հուլիսի տասնիննի երեկոյան Քութայիսի օպերայի
ու բալետի թատրոնի բեմում Տատյանաները վերստին իմ աջ ու ձախ կողքերին էին, ու մենք
նստած էինք նախագահության երկրորդ շարքում, եւ առաջին շարքում նստած էին Էնվերը,
Մարինան, Ջանսուղը, Ասլանբեկը, Քութայիսի քաղաքապետն ու Եվտուշենկոն, իսկ իռլանդուհին
ու Բաղդադիի գյուղապետը նստած էին ուղիղ մեր դիմաց՝ դահլիճի առաջին կարգում, եւ առաջին
կարգի մնացած բոլոր տեղերն ու նաեւ երկրորդ եւ երրորդ կարգերը զբաղեցրել էին օպերայի
արդեն տարազավորված ու գրիմավորված երգիչ-երգչուհիները, ինչպես նաեւ՝ նվագախմբի ֆրակավոր
ու թիթեռնիկավոր երաժիշտները, որովհետեւ նույն այդ բեմի վրա մեր պոեզիայի երեկոյից
անմիջապես հետո ներկայացվելու էր վրացական ազգային «Դաիսի» օպերան: Քաղաքապետի
չափազանց կարճ ելույթից անմիջապես հետո Եվտուշենկոն, նույնպես կարճ կապելով, առաջինը
միկրոֆոնի մոտ հրավիրեց Տատյանա Բեկին, եւ դա նշանակում էր, որ չնայած Բեկին մրցանակի
չէին արժանացրել, բայց լավ էլ կարեւորել էին, եւ Տատյանան, նույնպես կարեւորելով
իրեն, շատ դանդաղ մոտեցավ միկրոֆոնին, կես րոպեի չափ խորհրդավոր լռեց եւ ապա ի լուր
համայն Վրաստանի հայտարարեց, որ իր համար կարեւորը ոչ թե ինչ-որ մրցանակներ են, այլ
միայն պոեզիան ու նաեւ այն, որ ինքը վերջապես եղավ մեծ բանաստեղծի տանն ու մոտիկից
շփվեց դարավոր մշակույթի կրող ու չափազանց հյուրասեր վրաց ժողովրդի հետ: Ես
ասացի, որ Տանյա Բեկն էդ ամենն ի լուր համայն Վրաստանի հայտարարեց, որովհետեւ մեր
էդ եզրափակիչ երեկոն նկարահանվում էր Վրաստանի հեռուստատեսությամբ եւ հաջորդ իսկ
երեկոյան հեռարձակվելու էր հանրապետությունով մեկ: Ավարտելով էն օրերի համար
բավական համ արձակ իր նախաբանը՝ Տատյանան արտասանեց երեք թե չորս բանաստեղծություն,
որոնք բոլորն էլ, ի տարբերություն իր համարձակ ու խրոխտ նախաբանի, չափազանց քնքույշ
ու չափազանց եթերային էին՝ էնքան քնքույշ ու էնքան եթերային, որ դահլիճում ու նույնիսկ
նախագահությունում քչերն ընկալեցին: Դահլիճից ու նախագահությունից հատուկենտ
ծափեր կորզելով՝ Բեկը բավական հուզված վերադարձավ եւ նստեց կողքս ու ահագին ժամանակ
ողջ մարմնով ցնցվում ու դողում էր: Տատյանա Բեկից հետո Եվտուշենկոն ձայնը
տվեց Էնվեր Նիժարաձեին, որը նախ վրացերեն ողջունեց իր ժողովրդին եւ հետո բանաստեղծություններ
արտասանեց վրացերեն ու ռուսերեն, որոնք հավասարապես անհասկանալի էին ինձ, բայց, ըստ
երեւույթին, հասկանալի էին դահլիճին, որովհետեւ ծափերն ահագին շատ էին: Էնվերից
հետո Եվտուշենկոն ներկայացրեց Մարինա Կուդիմովային, ընդ որում՝ նրան նախ իբրեւ վրացական
պոեզիայի անզուգական թարգմանիչ ներկայացրեց եւ հետո նոր՝ իբրեւ պոետ, եւ հիմնականում
Եվտուշենկոյի էդ ներկայացման շնորհիվ էր, որ Կուդիմովա Մառայի նորարարական ու նյարդային
բանաստեղծություններին դահլիճն ավելի բուռն արձագանքեց ու ավելի մեծ քանակությամբ
ծափեր շնորհեց, քան նույնիսկ Էնվերին էր շնորհել: Հաջորդը հաջորդ մրցանակակիր
Ասլանբեկն էր: Եվտուշենկոն, իհարկե, ապագա մրցանակակիրներին ներկայացնելիս
չէր նշում, որ նրանք արդեն մրցանակակիրներ են, քանի որ, ըստ մրցանակաբաշխության կանոնադրության,
նաեւ էդ եզրափակիչ երեկոյի հիման վրա էին էդ, ուրեմն, մրցանակները տրվելու: Ասլանբեկը
նախ ռուսերեն հիշեցնող ինչ-որ անհոդաբաշխ բաներ մրմնջաց, այնուհետեւ մրմնջաց իր մի
քանի բանաստեղծությունները, որոնք, ըստ ամենայնի ու ըստ մրցանակաբաշխության կանոնադրության,
նույնպես ռուսերեն էին: Դահլիճն ու բեմում նստածներս Ասլանբեկի ելույթին արձագանքեցինք
քար անտարբերությամբ, եւ, իմ բախտից, Ասլանբեկի ելույթից անմիջապես հետո Եվգենի Ալեքսանդրովիչն
ի՛նձ ներկայացրեց, հայտարարելով, որ ձայնը տրվում է եղբայրական Հայաստանի ներկայացուցիչ,
բանաստեղծ Արմեն Շեկոյանին: Գլուխ
քսաներորդ