Հայաստանում գործող կազմակերպությունները,
որոնք զբաղվում են արտասահմանում ուսումը շարունակելու հարցերով, չեն բացառում, որ
ուսանողը կարող է եւ չվերադառնալ հայրենիք: Այս կազմակերպությունները, որպես
կանոն, ուսանողի ետվերադարձի որեւէ պայմանագիր չեն կնքում: «Մեր ծրագրով արտասահման
մեկնող ուսանողը չի կարող չվերադառնալ, քանի որ նա այդ հնարավորությունը չունի: Ուսանողը
մեկնում է J-1 վիզայով, որը երկկողմանի է: Մենք կազմակերպում ենք նրանց մեկնումը
եւ պարտավոր ենք վերադարձը եւս ապահովել»,- ասում է IREX կրթական ծրագրի ղեկավարի
օգնական Ժանետա Խաչատրյանը: Այսուհանդերձ, պատասխանատուները չեն ժխտում, որ պատահում
են նաեւ չվերադարձողներ, որոնք, սակայն, շատ քիչ թիվ են կազմում: Մեր զրույցներից
պարզվեց, որ նույն պատկերն է նաեւ TOIFL, ACCEIS ծրագրերի պարագայում: Մրցույթի միջոցով
ընտրում են ուսանողներին, կազմակերպում հարցազրույցներ՝ պարզելու, թե ուսանողը կարո՞ղ
է միայնակ ապրել արտասահմանում, արդյոք նա պատրա՞ստ է այդ կյանքին: Որովհետեւ ծրագրերի
պատասխանատուները չեն ժխտում, որ քիչ չեն դեպքերը, երբ մարդը պարզապես չի հարմարվում
օտար կենցաղին (շատ դեպքերում ուսանողներն ապրում են օտար ընտանիքներում): Ի դեպ,
ուսանողները սովորելու ընթացքում կարող են աշխատել տարբեր ոլորտներում: Եվ հենց այստեղ
է, որ պակասում է հայրենիք վերադառնալու ցանկությունը: ԵՊՀ, Տնտեսագիտական
եւ Լեզվաբանական համալսարանների շուրջ 200 ուսանողների շրջանում մեր անցկացրած հարցումներից
պարզվում է, որ նրանց 80 տոկոսը մեծ ցանկություն ունի ուսումը շարունակել արտասահմանում
եւ, որ կարեւոր ու մտահոգիչ է՝ այնտեղ հաստատվելու գերագույն նպատակով: ԵՊՀ ուսանող
Հայկ Աբրահամյանն ասում է. «Երբ ավարտեմ համալսարանը, անպայման գնալու եմ Հայաստանից:
Գիտեմ, որ ոչ աշխատանք եմ ունենալու, ոչ էլ ապրելու նորմալ պայմաններ կան մեր երկրում:
Գոնե արտասահմանում կարգին կապրեմ»: Ապագա ծրագրավորող Արմեն Նալբանդյանին էլ խոստացել
են աշխատանք՝ միաjն արտասահմանյան դիպլոմ ունենալու պարագայում. «Խոստացել են, որ
եթե արտասահմանյան դիպլոմը լինի, աշատանքս ապահովված է»: Կրակին յուղ են լցնում
արդեն արտասահմանյան պրակտիկա անցած ուսանողները: Օրինակ, Ֆրանսիական համալսարանի
4-րդ կուրսի ուսանողուհի Արինա Քեչյանը կարծում է, որ արտասահմանյան կրթական մեթոդներն
ավելի արդյունավետ են. «այնտեղ ուսանողն ինքնակրթությամբ է զբաղվում, գնում է գրադարաններ:
Իսկ այստեղ շատ բան կախված է միայն դասախոսից, նա պիտի ուսանողին մղի ինքնազարգացման»:
Հուսանք, որ կրթական նոր բարեփոխումները հիմնովին կփոխեն մեր ուսանողների կարծիքը
եւ դիրքորոշումները, կպակասեցնեն արտասահման փախչելու մղումը: ՏԱԹԵՎ
ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ, ուսանողուհի