Լրահոս
Օրվա լրահոսը

ՈՒՍԱՆՈՂՆԵՐԸ ՉԵՆ ՀԱՎԱՏՈՒՄ ԿԳՆ-Ի ԱՆԱՉԱՌՈՒԹՅԱՆԸ

Հունիս 11,2005 00:00

Հետդիպլոմային
ուսուցման մասին որոշումներն ընդունվում են ոչ թափանցիկ եղանակով Այս տարի
կրթության եւ գիտության նախարարությունը զարմանալի շտապողականություն է դրսեւորել
Մ. Հերացու անվան բժշկական համալսարանին հատկացվող հետդիպլոմային մասնագիտական ուսուցման
տեղերի հարցում, որ իրականացվում է ՌԴ-ի հետ միջպետական համաձայնագրի շրջանակում:
Իրականում համաձայնագրի տրամաբանությունն այն է, որ Ռուսաստան ուղարկվեն ուսանողներ
այն մասնագիտությունների գծով, որոնք այստեղ կամ թերի են պատրաստվում, կամ ընդհանրապես
չեն պատրաստվում (օրինակ՝ ռեւմատոլոգիա, էնդոկրին վիրաբուժություն եւ այլն): Սակայն,
դեռ պետական քննաշրջանն էլ չի սկսվել, ԿԳՆ-ն վաղուց արդեն ընտրել է 5 ուսանողի, այն
էլ այն մասնագիտությունների գծով, որոնց համար մեր պետությունն անգամ արդեն քանի
տարի պետպատվերով տեղեր չի իջեցնում: Դրանք հիմնականում «գինեկոլոգիա» եւ «ընդհանուր
վիրաբուժություն» մասնագիտություններն են, որոնց պահանջարկն ըստ էության մենք չունենք,
եւ տրամաբանական էլ չէ միջպետական համաձայնագրով նախատեսված տեղերն օգտագործել այդ
մասնագիտությունների համար: Նախապես ԿԳՆ-ն պաշտոնական նամակով դիմել է ԵՊԲՀ
պրոռեկտոր Վլադիմիր Շեկոյանին, որպեսզի բուհը նախապատրաստի առավել անհրաժեշտ մասնագիտությունների
գծով ուսումը շարունակել ցանկացող լավագույն ուսանողների ցանկը: Եվ բուհը պատրաստել
է այն: Սակայն վերջնական մրցույթի անցկացման մասին որեւէ նամակ կամ դիմում չի եղել:
Այս մասին մեզ հայտնեց համալսարանի ուսխորհրդի նախագահ Կարեն Ավագյանը: Քանի որ Վ.
Շեկոյանը գործուղման մեջ է, ուսխորհրդի նախագահն անձամբ նորից ստուգեց փոստը՝ համոզվելու,
որ որեւէ տեղեկատվություն չի եկել: Իսկ բուհի կողմից նախնական փուլով անցած ուսանողներն
էլ հիմա բողոքում են, որ մրցույթն անցկացվել է առանց իրենց իմացության եւ պահանջում
են նոր, թափանցիկ, հրապարակային մրցույթ անցկացվի: Աննա Վանեսյան, ԱԺ սահմանած
«Ապագա լավագույն բժիշկ» կրթաթոշակառու. «Հաստատ կարող եմ ասել, որ մինչեւ հիմա ոչ
լավագույն ուսանողներն են գնացել, այս տարի էլ ԿԳՆ-ն բուհից պահանջել է ներկայացնել
հանրապետությանն անհրաժեշտ բժշկական մասնագիտությունների ցանկը: Բուհը առանձնացրել
է հնարավոր 5-6 թեկնածուներին՝ 4-5 մասնագիտությունների գծով: Նաեւ խոստացել էին,
որ մրցույթը բաց կանցկացվի եւ ուսխորհրդի նախագահը կլինի հանձնաժողովի կազմում: Սպասում
էինք մրցույթին ու մեկ էլ իմանում ենք, որ մայիսի վերջին ԿԳՆ-ն արդեն հապճեպ անցկացրել
է մրցույթ եւ որոշել հաղթողներին: Ընդ որում, սկզբում ընտրել են ուսանողներին, հետո՝
մասնագիտությունների ցանկը դրել են նրանց առաջ, որպեսզի նշեն իրենց նախընտրած մասնագիտությունը:
Մրցույթի հաղթողները բացարձակ գերազանցիկներ չեն, պարզապես նրանք եղածներից ընտրել
են՝ տարեկան միջին գնահատականով, միակ չափանիշը դա է եղել»: Ստեփան Մաթոսյան,
Կարեն Դեմիրճյանի անվան կրթաթոշակառու. «Դեռ պետական քննությունները չեն էլ սկսվել,
ի՞նչ է նշանակում հետդիպլոմային համակարգ ընդունել: Եթե իրոք արդարացի են անցել այդ
մարդիկ, պետական քննությունից հետո օրինական ձեւով թող նորից հնարավորինս հրապարակային
քննություն հանձնեն»: ԿԳՆ պատասխանատուներից մեզ հաջողվեց խոսել գիտության
գծով փոխնախարար Արտակ Սահրադյանի հետ. «Ես խնդիր չեմ տեսնում այն առումով, որ հայտարարություններ
եղել են լրատվամիջոցներով, ընդ որում հայտարարություն եղել է 2 անգամ՝ հաշվի առնելով
այն հանգամանքը, որ դիմումների թիվը քիչ էր: Այդ ընթացքում օրդինատուրայում 5 տեղի
վրա 40-ին մոտ դիմում էր տրվել: Որոշ ուսանողներ բողոքում էին, որ տեղյակ չեն եղել»:
Ինչ վերաբերում է մասնագիտություններին, որոնց ԿԳՆ-ն նախապատվություն է տվել, ապա
«նախարարությունում այդ հարցը քննարկվել է, եւ ես համոզված եմ, որ հաջորդ տարվանից
արտերկրում ե՛ւ ասպիրանտուրայում, ե՛ւ օրդինատուրայում սովորելու համար այդ տեղերը
կվերածվեն պետական նպատակային տեղերի: Այսինքն՝ մենք կուղարկենք այն մասնագիտությունների
գծով, որոնցով այսօր հանրապետությունում լուրջ դժվարություններ ունենք, կամ այն մակարդակով
չենք կարող պատրաստել, ինչպես կպատրաստեն մոսկովյան եւ ռուսական համալսարաններում:
Սա ժամանակի խնդիր է, եւ դա մենք պետք է լուծենք»: Թերթերում տրված հայտարարությունների
առնչությամբ ուսանողներն ասում են. «Եթե վիճակագրություն արվի, ուսանողներից ոչ ոք
թերթ չի կարդում: Տեղեկացվածությունը շատ ցածր է, մենք այնքան լավ երեխաներ ունենք,
որոնք չեն իմացել մրցույթի մասին: (Ի դեպ, բուհն ունի 50 գերազանցիկ, 15 անվանական
կրթաթոշակառու: Նրանցից միայն մեկն է անցել մրցույթով- Հ. Բ.): Իմացողներն էլ չեն
ասել ընկերներին: Պրոռեկտորն էլ ասում է, որ ինքը մրցույթի հաջորդ օրն է միայն իմացել
այդ մասին»: Բուհի ռեկտորի խորհրդական, ԱԺ պատգամավոր Արմեն Աշոտյանը մեզ
հետ զրույցում ասաց, որ դեռ ամիսներ առաջ Սերգո Երիցյանի հետ հանդիպումներից մեկի
ժամանակ, ի թիվս այլ խնդիրների, քննարկել է նաեւ այս մրցույթին առնչվող հարցեր եւ
հայտնել ուսանողների մտահոգությունը՝ մրցույթի անաչառության վերաբերյալ. «Ուսանողները
մտահոգություն ունեին, որ ամեն անգամվա պես մրցույթը թափանցիկ չի անցնի, եւ առաջարկել
եմ հանձնաժողովում ընդգրկել ուսխորհրդի նախագահին, որն ավելի ճշգրիտ կներկայացներ
ուսանողներին ու մասնագիտական խնդիրները»: Նախարարն էլ խոստացել է ուսխորհրդի նախագահին
ընդգրկել կազմում, սակայն հիմա փոխնախարարը այսպես է մեկնաբանում կատարվածը. «Ընդհանրապես
մասնագիտական հանձնաժողովում ընդգրկել ուսխորհուրդին՝ բարդ է: Ես կարծում եմ, ճիշտ
կլիներ, որ դիտորդի կարգավիճակով ներկա լիներ»: Բայց փաստն այն է, որ նույնիսկ դիտորդի
կարգավիճակով հանդես գալու մասին բուհին տեղյակ չի պահվել: «Գուցե ամեն ինչ նորմալ
է անցել,- ասում է Ա. Աշոտյանը,- բայց ուսանողները չեն հավատում անաչառությանը, եւ
կասկածը փարատելու համար հնարավորինս թափանցիկությունը պետք է ապահովվեր, ինչը չարվեց»:
ՀԱՍՄԻԿ ԲՈՒԴԱՂՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել