Արդեն մի քանի տարի է, ինչ գարնանը՝
մայիսի վերջին-հունիսի սկզբին, Քանաքեռ-Զեյթուն համայնքի Սեւակի 1/2, ինչպես նաեւ
հարակից շենքերի բնակիչները չեն կարողանում հանգիստ ելումուտ անել: Պատճառը
բակի բարդիների վրա բուն դրած ագռավներն են: «Հենց երեկ առավոտ շուտ դուրս էի գալիս
գործի գնալու, երեք ագռավ գաղտագողի հետեւից հարձակվեցին վրաս: Քանի որ սովոր ենք,
միշտ մեզ մոտ անձրեւանոց ենք պահում, որ դրանով պաշտպանվենք: Բացեցի անձրեւանոցս
ու վահանի պես պահեցի ագռավների դեմ: Այդպես հետ-հետ գնալով մի կերպ բակից հեռացա»,-
մեզ պատմեց 1/2 շենքի երրորդ հարկի բնակչուհի տիկին Ալլան: Բացի ուղիղ հարձակումներից,
ագռավները սիրում են նաեւ հոսանքագծերի վրայով՝ քայլելով կամ թռչկոտելով, ուղեկցել
մուտքից դուրս եկածներին մինչեւ բակի վերջ: «Մենք նրանց չենք նեղացնում, նույնիսկ
վերեւ էլ չենք նայում, ավելին՝ փայլփլուն ոչինչ չենք հագնում: Բայց վայն եկել է նրան
տարել, ով առավոտյան ամենաառաջինն է դուրս գալիս շենքից. անմիջապես ենթարկվում է
ագռավների գրոհին»,- շարունակեց տիկին Ալլան: Պաշտպանվելու համար բնակիչները՝ մեծ
թե փոքր, անձրեւին թե արեւին, շրջում են բաց անձրեւանոցներով կամ գլուխները ծածկում
են պայուսակներով: Իսկ շենքից շենք գնալիս երբեմն որպես վահան օգտագործում են խոհանոցային
թավան: Անզգույշները դատապարտված են՝ անցյալ տարի օրը ցերեկով ագռավները հարձակվել
են միջին տարիքի մի կնոջ վրա եւ կտցել նրա գլուխը եւ կնոջը ծակծկված գլխով տարել
են հիվանդանոց: Նույն տիկին Ալլային նախորդ գարուն հարձակումից փրկել է շուկայից
վերադարձող հարեւանը՝ կարտոֆիլներով «ռմբակոծելով գրոհայիններին»: Ընդ որում, ագռավները
խտրություն չեն դնում մեծերի եւ երեխաների միջեւ, ինչը հատկապես անհանգստացնում է
բնակիչներին: Հիշեցնենք, մի քանի տարի առաջ էլ Շենգավիթի համայնքի մանկապարտեզներից
մեկն էր պաշարվել մոտակա ծառերին բնակվող ագռավների կողմից եւ հարցը լուծվել է որսորդների՝
օդում արձակած կրակոցներով: «Մենք չենք ուզում նրանց վնասել, կենդանի էակներ են,
թող ապրեն: Ոչ էլ թույլ կտանք ծառերը կտրեն: Միեւնույն է, միշտ էլ մի տեղ կգտնեն
բնավորվելու: Բայց չենք կողմնորոշվում նաեւ, թե ինչ անել: Չէ՞ որ հյուրեր էլ են գալիս
մեզ մոտ, երեխաները չեն կարողանում խաղալ: Այս խնդիրը փորձեցինք հեռախոսով ներկայացնել
Քանաքեռ -Զեյթունի թաղապետարանին, բայց զրուցակից տիկինը, որի անունը չիմացանք, ծիծաղեց
ու անջատեց հեռախոսը: Էլ ո՞ւմ դիմենք»,- ասացին բնակիչները: Ագռավների հարձակումների
պիկ օրերին բնակիչները նաեւ պատուհան չեն բացում՝ կարող է անկոչ հյուրեր ունենան:
Ընդհանրապես, Երեւանում վերջին տարիներին ոչ միայն ագռավներն են շատացել,
այլեւ սարյակները, տատրակները, սոխակներն ու վայրի այլ թռչունները: Մասնագետների
կարծիքով, մի պատճառն այն է, որ մայրաքաղաքի էկոլոգիան գործարանների փակվելուց հետո
բարելավվել է, իսկ փողոցում կուտակված աղբը՝ շատացել: Մյուս պատճառը՝ քաղաքի ծառերը
ժամանակին չեն բուժվում, ինչի հետեւանքով ծածկված են թռչունների համար առատ կերով՝
որդերով: Իսկ մարդկանց վրա հարձակվելու «տասնօրյակը», բնակիչների եւ մասնագետների
կարծիքով, հիմնականում կապված է նրանց ձվադրման շրջանի հետ: Այլ շարժառիթներ պարզելու
համար փնտրեցինք եւ չգտանք թռչնագետ, վերջին տարիներին ագռավների վարքագիծը հատուկ
ուսումնասիրող կենսաբան Մարտին Ադամյանին: Բնակիչներին խորհուրդ ենք տալիս դիմել
հենց իրենց հարեւանությամբ տեղակայված Կենդանաբանության ինստիտուտ: Բնապահպանության
նախարարությունից էլ ասացին, թե «մի կարգին մասնագետ էլ չունենք, որ այդ հարցով մի
բան ասի»: Այնպես որ, բնակիչներին մնում է այս տարվա տասնօրյակն էլ անցկացնել ինքնապաշտպանությամբ:
ՌՈՒԶԱՆ ԱՐՇԱԿՅԱՆՀ. Գ. Տարածքում գտնվելու
ժամանակ փորձեցինք պարզաբանում ստանալ նաեւ բանավեճի հակառակ կողմից՝ ագռավներից
եւ իմանալ իրենց հարձակողական պահվածքի պատճառը: Բայց նրանք տեղը տեղին թաքնվել էին
լուսանկարչական ապարատից ու ձայնագրիչից: