ՀՀ քաղծառայության մասին օրենքի պահանջով օրերս ատեստավորման ներկայացած Շիրակի մարզպետարանի աշխատակիցներից ոչ մեկը «չկտրվեց»:
Չնայած Գյումրիում ժամանակ առ ժամանակ խոսակցություններ են պտտվում մարզպետարանի որոշ վարչությունների պետերի մոտալուտ պաշտոնանկության մասին, երբեմն էլ գյումրեցիներն են քննադատախառն առաջարկներ անում, այնուամենայնիվ, ատեստավորման հետ կապված «ավանդական» պաշտոնյաների ցանկում ոչ մի փոփոխություն տեղի չունեցավ: Ավելին, Շիրակի մարզպետարանի աշխատակազմի ղեկավար Խաչատուր Պողոսյանի ասելով, նախորդների հետ համեմատ, այս տարի գրանցվել է ավելի բարձր ցուցանիշ, ատեստավորումն անցկացվել է 3 փուլով, եւ ձեւի համար ոչ մի քաղծառայող աշխատանքից չի ազատվել: Ի տարբերություն նախորդ տարիների, երբ շատերն են մարզպետարանը լքել չատեստավորվելու պատճառով, այս տարի կարծես թե վերջիններս որոշել էին չխայտառակել սեփական «ռեսպուբլիկան»:
Իսկ մի՞թե մարզպետարանում բոլորն այդքան գրագետ էին՝ մեր դիտարկմանը աշխատակազմի ղեկավարը պատասխանեց. «Իմ անձնական գնահատմամբ, առաջին տարին մարդիկ երեւի թե թերահավատորեն էին մոտենում քաղծառայության համակարգին, օրենսդրությամբ իրենց առաջ դրված խնդիրներին, լրջորեն չէին պարապել, շատ դեպքերում չիմանալը չէին գիտակցել ու փորձել էին ինչ-որ բաներ ասել՝ պարզվել էր՝ իրենք չգիտեին էդ ամեն ինչը ու իրականում չէին համապատասխանել իրենց զբաղեցրած պաշտոններին»: Այնուամենայնիվ, մարզպետարանում կային մարդիկ, որոնք նախորդ ատեստավորումից հետո համառորեն կորցրածը (իմա՝ պաշտոնները) հետ բերեցին՝ նորից նշանակվելով նույն պաշտոններին, չնայած մրցակցության ժամանակ հաղթողներ եղել էին նաեւ այլ վայրերից: Պարոն Պողոսյանի ասելով, տվյալ դեպքում նշանակումներ կատարելիս իրենք առաջնորդվել են այն տրամաբանությամբ, որ «որոշակիորեն ավելի բարձր չափանիշներով մարդիկ, ըստ էության, անցած մրցույթներին չեն եղել»:
Իսկ այս տարի, ըստ մարզպետարանի պաշտոնյայի, մարդիկ խիստ լրջորեն են վերաբերվել իրենց պարտականություններին, իրենց առջեւ դրված պահանջներին: Մինչդեռ որոշ մարդիկ էլ քննադատում են, թե ատեստավորումը ոչ մի էական փոփոխություն չի ենթադրում, հատկապես «սեփականաշնորհված որոշ աթոռների» պարագայում:
Սեփ. լր.