Լրահոս
Օրվա լրահոսը

ԻՆՉ ԿԱՍԻ Ս. ԴԵՄԻՐՃՅԱՆԸ «ԱԶԴԱԿ» ԱԿՈՒՄԲՈՒՄ

Հունիս 11,2005 00:00

ԻՆՉ
ԿԱՍԻ Ս. ԴԵՄԻՐՃՅԱՆԸ «ԱԶԴԱԿ» ԱԿՈՒՄԲՈՒՄ Այսօր՝ շաբաթ օրը, ՀԺԿ
նախագահ Ստեփան Դեմիրճյանը «Ազդակ» ակումբի հյուրն է լինելու: Քանի որ օրաթերթերի
հաջորդ համարը լույս կտեսնի միայն երեքշաբթի, մեր ընթերցողների համար փորձեմ կանխագուշակել
այն, ինչ հավանաբար կասի պարոն Դեմիրճյանը լրագրողների հետ հանդիպման ժամանակ: «Մենք
վճռական ենք Հայաստանում սահմանադրական կարգ հաստատելու մեր պայքարում,- սա կլինի
պարոն Դեմիրճյանի ելույթի առանցքը։- Ժողովրդավարությունը այլընտրանք չունի, եւ մենք
կհասնենք նրան, որ Հայաստանում հաստատվեն ժողովրդավարական կարգեր»: Լրագրողների այն
հարցին, թե ինչպես է ՀԺԿ-ն պատրաստվում դա անել, Ս. Դեմիրճյանը կպատասխանի. «Մենք
մեր անելիքները գիտենք: Դրանք հետեւողական քայլեր են՝ ուղղված ժողովրդի համախմբմանը
եւ ժողովրդավարության վերջնական հաղթանակին»: Թղթակիցներից մեկը կհետաքրքրվի՝ արդյոք
ՀԺԿ-ն պատրաստվում է գնալ միայն սահմանադրակա՞ն ճանապարհով: Այդ հարցին պարոն Դեմիրճյանը
կպատասխանի. «Էդ սահմանադրական ճանապարհը էդքան պարզունակ մի հասկացեք: Դրա մեջ են
մտնում նաեւ հանրահավաքները, երթերը, հանդիպումները ժողովրդի հետ»: Իսկ ինչո՞ւ «Արդարությունը»
հանրահավաքներ եւ երթեր չի կազմակերպում՝ կհարցնեն լրագրողները: «Մենք դեմ ենք ինքնանպատակ
հանրահավաքներին,- կպատասխանի պարոն Դեմիրճյանը։- Հանրահավաքը նույնպես պետք է ինչ-որ
խնդիր լուծի: Երբ կգա ժամանակը, մենք հանրահավաք էլ կանենք, ցույց էլ, երթ էլ»: Իսկ
ե՞րբ է գալու այդ ժամանակը՝ կհարցնեն լրագրողները: «Ես ժամկետներ չեմ ուզում նշել:
Ժամկետների մասին ինձ մի հարցրեք: Երբ հասունանա պահը, մենք դա անպայման կանենք:
Ձեզ էլ կտեղեկացնենք»,- կլինի ՀԺԿ նախագահի պատասխանը: ՀԺԿ-ի աշխարհաքաղաքական
կողմնորոշման վերաբերյալ լրագրողներից մեկի հարցին պարոն Դեմիրճյանը կպատասխանի.
«Մենք կողմ ենք բոլոր երկրների հետ բարիդրացիական հարաբերություններ հաստատելուն:
Կողմնորոշման մասին խնդիրն արհեստական եմ համարում: Պետք է ոչ թե ամերիկամետ, ռուսամետ
կամ եվրոպամետ լինել, այլ՝ հայամետ: Ամեն ինչից բարձր դասել հայ ժողովրդի շահը: Վստահ
եմ՝ երբ Հայաստանում օրինական իշխանություն լինի, նա առաջնորդվելու է հենց ժողովրդի
շահերով»: ԱՐԱՄ ԱԲՐԱՀԱՄՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել