Վենետիկի հանձնաժողովը շարունակում է մնալ հուսախաբված Հայաստանի սահմանադրական փոփոխությունների կապակցությամբ:
Եվ շարունակում է հուսալ, թե կլինեն փոփոխություններ այս գործընթացում:
Երեկ Եվրախորհրդի Վենետիկի հանձնաժողովի նիստում քննարկվել է Հայաստանի սահմանադրական փոփոխությունների վերաբերյալ միջանկյալ երկրորդ եզրակացության հաստատումը: ԱԺ փոխնախագահ Տիգրան Թորոսյանը, որ մասնակցում է նիստին, հեռախոսով մեզ հայտնեց Վենետիկից, թե եզրակացությունը հաստատվել է. «Մինչ այդ պրն Բուքիքիոն արձանագրեց, որ Հայաստան այցը եղել է շատ օգտակար եւ արդյունավետ»: Ներկայացված եզրակացության նախագծին կից արձանագրվել է նաեւ այն հուշագիրը, որը կազմվել էր Երեւանում:
Ըստ պրն Թորոսյանի, միջանկյալ երկրորդ եզրակացությամբ արձանագրվել է հետեւյալը. «Նախ, որ առաջին ընթերցմամբ ընդունված նախագիծը նախնական նախագծի համեմատ ունի առաջընթաց՝ հատկապես մարդու իրավունքներին եւ ազատություններին վերաբերող գլխում: Կա որոշակի առաջընթաց տեղական ինքնակառավարման գլխում: Եվ կան որոշ փոփոխություններ՝ կապված դատական համակարգի, ինչպես նաեւ նախագահին, խորհրդարանին եւ կառավարությանը վերաբերող գլուխներում: Սակայն հանձնաժողովը նաեւ արձանագրում է, թե հուսախաբված է, որ այս նախագիծը դեռեւս լիովին չի համապատասխանում եվրոպական չափանիշներին: Եվ առաջարկում են նախագիծը լրամշակել այն 3 ուղղություններով, որոնք նշված էին հուշագրում եւ որոնց մասին հանձնաժողովի ներկայացուցիչները բազմիցս արձանագրումներ են արել երեւանյան այցի ժամանակ»:
Մեր հարցին, թե փաստորեն այդ այցի հետեւանքով սկզբունքային գնահատականներում չեղա՞ն փոփոխություններ միջանկյալ եզրակացությունում եւ պահպանվեցին հիասթափության եւ չլուծված խնդիրների մասին մատնանշումները՝ ԱԺ փոխնախագահը պատասխանեց. «Քանի որ դեռեւս նոր փոփոխություններ չկան, բնականաբար, գնահատականը չէր կարող փոխվել արմատապես: Իհարկե, որոշակի փոփոխություններ կան եզրակացության վերջնական տարբերակում նախնական տեքստի նկատմամբ, սակայն հիմնական շեշտադրումները նույնն են՝ հուսախաբությունը եւ հույսը, թե նշված 3 ուղղություններով առաջիկայում կլինեն լուրջ փոփոխություններ»:
Նիստի օրակարգում էր Վենետիկի հանձնաժողովի եւ ԵԱՀԿ-ի միացյալ եզրակացության ընդունումը Հայաստանի եւ Ադրբեջանի ընտրական օրենսգրքերում կատարված փոփոխությունների վերաբերյալ: Այս քննարկման մասին պրն Թորոսյանն ասաց. «Ընտրական օրենսգրքի» առնչությամբ հաստատվեց այն համատեղ եզրակացությունը, որը նախօրոք ուղարկվել էր Հայաստանի իշխանություններին: Բայց նշվեց հետեւյալը, որ Հայաստանում վերջերս ամբողջությամբ ընդունված «Ընտրական օրենսգրքի» փոփոխությունների տարբերակը պետք է ուղարկվի արդեն վերջնական եզրակացության համար»: Քանի որ այդ համատեղ եզրակացության տեքստն առայժմ չի հրապարակվել՝ հետաքրքրվեցինք, թե այնուամենայնիվ դրակա՞ն գնահատականի են արժանացել «Ընտրական օրենսգրքում» կատարված փոփոխությունները, թե՞ էլի մատնանշվում են եվրոպական փորձագետների չընդունված առաջարկները: «Ո՛չ, դրական են գնահատել,- հայտնեց ԱԺ փոխնախագահը:- Սակայն նշված է, թե քանի որ իրենց ձեռքի տակ չէ ընդունված տարբերակը՝ վերջնական եզրակացություն կներկայացնեն այդ տեքստը ստանալուց հետո»:
Քննարկվել են նաեւ Հայաստանի «Ժողովներ, հանրահավաքներ, երթեր ու ցույցեր անցկացնելու մասին» օրենքում կատարված փոփոխությունները: Դրանց հեղինակը, հիշեցնենք, Տիգրան Թորոսյանն է, որը նշեց, թե Վենետիկի հանձնաժողովը այս կապակցությամբ «որեւէ եզրակացություն չընդունեց, քանի որ՝ ինչպես հայտնի է, միայն վերջերս առաջին ընթերցմամբ ընդունվեց օրենքում փոփոխություններ կատարելու մասին նախագիծը: Հանձնաժողովի անդամ տիկին Ֆլանագանը նշեց, որ գործնականում հաշվի են առնվել իրենց բոլոր առաջարկությունները, բացի երկուսից, որոնցից մեկը վերաբերում է հանրահավաքներ անցկացնելու վայրերի վերաբերյալ արգելքին, իսկ մյուսը՝ ինքնաբուխ զանգվածային միջոցառումների անցկացմանը: Նա արձանագրեց շատ լավ առաջընթաց գործող օրենքի նկատմամբ եւ ասաց, թե առաջիկայում կնախապատրաստեն եզրակացություն առաջին ընթերցմամբ ընդունված նախագծի վերաբերյալ: Եթե եզրակացությունը շուտ լինի՝ նախագիծը կարելի է ավելի շուտ ընդունել երկրորդ ընթերցմամբ»:
ԱՆՆԱ ԻՍՐԱՅԵԼՅԱՆ