Լրահոս
Օրվա լրահոսը

«ԻՄ

Հունիս 10,2005 00:00

«ԻՄ ԱՄԵՆԱԼԱՎ ԵՐԳԵՐ ԳՐՈՂԸ ԵՍ ԵՄ» Հայտարարում է երգիչ Արթուր Իսպիրյանը Արթուր Իսպիրյանի կարիերան այլեւս զուգահեռում է «Գաֆեսճյան թանգարան հիմնադրամի» միջոցառումների կազմակերպչի աշխատանքի հետ: Սիրում է նոր աշխատանքը, հավանաբար դրան նպաստում է կնոջ՝ Մադլենի մշտական ընկերակցությունը, որն էլ «Գաֆեսճյան թանգարան հիմնադրամի» հանրային կապերի ու միջոցառումների տնօրենն է: – Ինչո՞ւ վերջին շրջանում հաճախ չեք երեւում, նոր աշխատա՞նքն է պատճառը: – Ես չեմ խցկվում, սիրում եմ, որ գան ու երեւացնեն ինձ, որովհետեւ իմ դեպքում միշտ ադպես է եղել: Չեմ սիրում խնդրել, որ ինձ ցույց տան հեռուստատեսությամբ, հնչեցնեն ռադիոյով կամ տեսահոլովակ նկարեն, բնավորություն չունեմ մտերմանալ բարձրաստիճան պաշտոնյաների հետ: Իմ գործը ստեղծագործելն է: Այս տարի էլ 2 ձայնասկավառակ է թողարկվել՝ ART & SPACE եւ «Ասում են թե»: Ի դեպ, «Ասում են թե»-ն մի 10 օր առաջ ԱՄՆ-ում կայացած Armenian music world մրցույթում ճանաչվել է լավագույն ֆոլք-փոփ ալբոմ: Մի սքանչելի ձայնասկավառակ էլ է թողարկվել ԱՄՆ-ում, որը մեր շուկայում դեռ չկա, կոչվում է «ՋԱԶԱՎԱՆՍ»: Ներկայացրել եմ մեր հին էստրադային երգերը Վահագն Հայրապետյանի ջազ-տրիոյի հետ՝ նոր մեկնաբանությամբ: – Ինչո՞ւ վերադարձ հին էստրադային երգերին, չկա՞ն մերօրյա կոմպոզիտորների առաջարկներ, լավ ստեղծագործություններ: – Իհարկե կան կոմպոզիտորներ, որոնց ստեղծագործությունները հնարավոր է կատարեմ ու կատարել եմ: Գտնում եմ, որ ինձ համար ամենալավ երգերը կարող եմ ինքս գրել: Օրինակ, լավ կոմպոզիտոր է Արսեն Ադոնցը, որի հետ հաճելի է աշխատել: Հիմա պատրաստում եմ մի նոր ալբոմ՝ հին երգրերով: Ու նպատակս այն է, որ ժամանակակից գործիքավորման ու ջազային ձեւակերպման միջոցով հայկական երաժշտությունից կտրված երիտասարդությանը ծանոթացնել 60-70-ականներին գրված ստեղծագործություններին: Այդ շրջանի կոմպոզիտորների մասին նոր սերունդը ընդհանրապես չի ուզում լսել, որովհետեւ համարյա ինֆորմացիա չկա: Եթե գնաք ձայնագրությունների խանութներ եւ ասեք՝ Ալեքսանդր Աճեմյանի երգերի CD-ն ունե՞ք, հնարավոր է ձեզ պատասխանեն՝ Ալի՞կ, իհարկե ունենք, ռաբիս Ալիկի բոլոր տարիների թողարկած CD-ներն ունենք: Արտեմի Այվազյան, Կոնստանտին Օրբելյան, Խաչատուր Ավետիսյան՝ այս սերնդի կոմպոզիտորների ե՛ւ երաժշտությունն է ֆանտաստիկ լավը, ե՛ւ բառերի հեղինակներն են լավագույն բանաստեղծները՝ Գեւորգ Էմին, Կապուտիկյան, Գրաշի եւ այլք: Առաջիկայում որոշել եմ նրանց օրիգինալ երգերը իմ միջոցներով ձայնագրել եւ ներկայացնել հանրությանը: Բայց խանգարողները շատ-շատ են: – Ովքե՞ր են… – Խանգարողները բոլոր նրանք են, ովքեր չեն օգնում: Չեմ տա անուններ, որ ավելի շատ չխանգարեն: – Ի տարբերություն ուրիշների, ձեր CD-ները կարծես այնքան էլ տարածված չեն, մանավանդ ունեք ձայնագրման սեփական ստուդիա: – Իմ CD-ները չեն տարածվում, որովհետեւ պիրատների ճաշակին չեմ համապատասխանում: Բացի դրանից, ես մյուսների նման շլյագեր չեմ երգի, ոչ էլ կոմպրոմիսների կգնամ: – Հիմա մի տեսակ մոդայիկ է դարձել մենահամերգով հանդես գալը, դուք դրա մասին դեռ չե՞ք մտածում: – Ես երկար տարիներ եմ զբաղվում երաժշտությամբ եւ ամենամեծ փորձն ունեմ, բայց մոդայի հետեւից չեմ ընկնում: Ես թույլ չեմ տա ինձ Օպերայում ելույթ ունենալ, որովհետեւ օպերայի բեմը ինձ համար սրբություն է, իսկ այնտեղ համերգ տալը՝ մեծագույն պատասխանատվություն: Փոխարենը կազմակերպում եմ բացօթյա համերգներ Կասկադում եւ փորձում եմ Կասկադը պահել այնպես, որ այնտեղ մատուցվի միայն մաքուր դասական, մաքուր ֆոլք երաժշտություն: Օրինակ, սեպտեմբերի 18-ին հրավիրում եմ գեղեցիկ համերգի, ելույթ կունենան Armenian Navy band-ը, Վահագն Հայրապետյանի «Կատուները», Մարոկոյից ժամանած երաժիշտներ: – Ինչպես եք վերաբերվում ձեր այն կոլեգաներին, ովքեր երգում են գիշերային ակումբներում ու նման այլ հաստատություններում: – Չեմ մեղադրում: Նրանք ստիպված են այդպես գումար վաստակում՝ ապրելու համար: Ես դրա կարիքը, փառք աստծո, չունեմ: Չէի ուզենա այդ օրն ընկնել կամ էլ գիշերային ակումբներում երգել-պարել անհասկանալի հանդիսատեսի համար՝ նիկելապատ ձողի մոտ, որ մեկն էլ փողոցում տեսնելիս ասի. «Հաա՜, էսի էնի ա, էն օրը ընգերուհուս հետ իրան էինք լսըմ»: ԳՈՀԱՐ ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել