Լրահոս
Օրվա լրահոսը

Ադրբեջանցիները

Հունիս 10,2005 00:00

Ադրբեջանցիները լրտես էին վարձել ընդամենը $2500-ով Անդրեյ Մազիեւը իրեն մեղավոր ճանաչեց Երեկ Մալաթիա-Սեբաստիա համայնքի առաջին ատյանի դատարանը, դատավոր Տիգրան Պետրոսյանի նախագահությամբ, քննության առավ Անդրեյ Մազիեւի քրեական գործը, որը շուրջ 6 տարի լրտեսական գործունեություն է իրականացրել Ադրբեջանի օգտին: Մեղադրանքը պաշտպանում էր գլխավոր դատախազ Աղվան Հովսեփյանը: Ա. Մազիեւը Ադրբեջանի անվտանգության աշխատակիցների հետ համաձայնության գալով, պատրաստակամություն է հայտնել ուսումնասիրություններ կատարել եւ անհրաժեշտ տեղեկատվություն տալ ՀՀ քաղաքական, տնտեսական իրավիճակի, ինչպես նաեւ ռազմական դրության, պաշտպանական համակարգերի եւ Լեռնային Ղարաբաղի մասին: 44-ամյա, ազգությամբ ռուս, հայաստանաբնակ Ա. Մազիեւը 1999-ին Նուբարաշենի մեկուսարանում գտնվելու ընթացքում ծանոթացել է Արա անունով մի անձնավորության հետ, որն էլ առաջարկել է օգնել իրեն մի գործում՝ գնալ մտերիմների մոտ՝ Կիրովաբադ եւ հանձնել իր նամակը: Եվ քանի որ Մազիեւի ազատազրկման ժամկետն ավարտվելիս է եղել, նա համաձայնել է: 1999թ. սեպտեմբերին մեկնել է Բագրատաշեն, անարգել անցել հայ-վրացական սահմանը, իսկ ադրբեջանական հսկիչ անցագրային կետում վերցրել են հայկական անձնագիրը եւ տարել Ղազախի համապատասխան բաժին, որտեղ պատասխանատու Ֆայիդ Շամիլովը գրավոր բացատրություն է վերցրել նրանից: Այնուհետեւ, ըստ ամբաստանյալի, Շամիլովը զգուշացրել է իրեն, որ ինքը կարող է պատասխանատվության ենթարկվել սահմանն անօրինական հատելու համար եւ առաջարկել է համագործակցել: Մազիեւը համաձայնել է եւ առաջին հանձնարարություններից մեկը եղել է Հայաստանում տպագրվող ռուսալեզու թերթերի տրամադրումը Ադրբեջանի անվտանգության աշխատակիցներին: Հանդիպումները տեղի են ունեցել Հայաստան-Վրաստան-Ադրբեջան երթուղով՝ սկսած 1999-ից: 2002-ին նրան են կցել Ադրբեջանի եւս երկու աշխատակիցների՝ Զաուրին եւ Մահմուդին: Նրանց պահանջով հայթայթել է ՀՀ բիզնես տեղեկատու, ստացել եւ իրականացրել է ՀՀ նախագահի նստավայրը, ինքնաթիռը, երթեւեկության ուղիները, օդանավակայան մուտք գործելու ճանապարհը եւ այլ «օբյեկտներ» լուսանկարելու հանձնարարությունը, ինչպես նաեւ համաձայնել է ի հայտ բերել Ադրբեջանի նկատմամբ լոյալ վերաբերմունք ունեցող անձանց, այդ թվում նախկին ադրբեջանաբնակների եւ լուսանկարել նրանց: Գործակալներն առաջարկել են նաեւ ի հայտ բերել եւ ծանոթանալ ՀՀ զորամասերում ծառայող սպաների, հատուկ ծառայությունների աշխատակիցների եւ տեղեկատվություն հավաքել նրանց մասին: Նա էլ այդ նպատակով հանդիպել է փախստական Սամվել Բաբայանին, Ալեքսանդր Ժդանովին, Վահան Սարգսյանին, լուսանկարել նրանց եւ համապատասխան տեղեկատվությամբ հանձնել համախոհներին: Ադրբեջանից նաեւ տեղեկատվություն են խնդրել ՀԱԷԿ տեղափոխվող միջուկային վառելիքի ուղու, հսկողության վերաբերյալ, ինչը, ըստ ամբաստանյալի, ինքը չի կատարել: Նա գրախանութներից ձեռք է բերել հայկական հանրակրթական դպրոցի բարձր դասարանների հայ ժողովրդի պատմության դասագրքեր, դրանցում ընդգծել ցեղասպանությանը վերաբերող հատվածները եւ հանձնել ադրբեջանցի գործակալներին: Վերջիններս Մազիեւին խնդրել էին նաեւ տեղեկատվություն հայտնել Դրմբոնի լեռնամետալուրգիական կոմբինատի, ինչպես նաեւ Հանքավանի գաղտնի զորամասի մասին, որտեղ պահվում են ադրբեջանցի գերյալներ: Ըստ Մազիեւի, այդ տեղեկատվությունը ինքը չի հայտնել, իսկ ունեցածը ընդամենը թերթերից վերցրած եւ շրջապատից լսած տեղեկություններն են եղել: Համագործակցության ընթացքում գործակալներին հանդիպել է 17-18 անգամ եւ ստացել $2500: Մազիեւը ընդունեց իրեն առաջադրված մեղադրանքը: Դատարանը լսեց նաեւ գործով անցնող 7 վկաներին, որոնց ցուցմունքներում հնչածի հետ հակասություններ գրեթե չկար: Նիստը կշարունակվի հունիսի 13-ին: ԷԼՄԻՐԱ ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել