GRECO-Ն ԴԺԳՈՀ Է ՀՀ-ՈՒՄ ԿՈՌՈՒՊՑԻԱՅԻ ԴԵՄ ՊԱՅՔԱՐԻՑ Կազմակերպությունը առաջիկայում կհրապարակի ՀՀ-ում իր դիտարկումների արդյունքները 2005 թվականի հոկտեմբեր-նոյեմբեր ամիսներին Կոռուպցիայի դեմ պայքարի երկրների խմբի փորձագիտական հանձնախումբը փակ լիակազմ նիստի ընթացքում ներկայացնելու է Հայաստանում ընթացիկ տարվա մայիսի 28-ից մինչեւ հունիսի 3-ը իրականացված հակակոռուպցիոն դիտարկումի արդյունքները: Այս մասին այսօր տեղի ունեցած մամուլի ասուլիսի ընթացքում հայտարարել է ՀՀ փոխարտգործնախարար, GRECO-ում հայկական պատվիրակության ղեկավար Աշոտ Գալոյանը: Նրա խոսքերով՝ Հայաստանին տրվելու են հանձնարարականներ, որոնք պետք է կյանքի կոչվեն մեկուկես տարվա ընթացքում: Ինչպես նշել է Գալոյանը, անցյալ տարի Հայաստանը ներկայացրել է 180-էջանոց փաստաթուղթ, որտեղ ընդգրկվել էին կոռուպցիայի դեմ պայքարի մոտեցումները, հակակոռուպցիոն ծրագրերի գնահատումը, կոնկրետ քայլեր: Իր հերթին, եվրափորձագետներ-հակակոռուպցիոներները ցանկություն են հայտնել գալ եւ անձամբ ծանոթանալ տվյալ ոլորտում տիրող իրավիճակին, նշել որոշակի քայլեր: Շուտով, Գալոյանի խոսքերով՝ ակնկալվում է Գերմանիայի վերաբերյալ դիտարկումների արդյունքների ներկայացումը, Վրաստանն արդեն անցել է գնահատման փուլը: Նա նշել է նաեւ, որ տարածաշրջանի բոլոր երկրները, բացի Իրանից, GRECO-ի անդամներ են: Փորձագետների հանդիպումների արդյունքում հանրապետության ոստիկանությունում, արդարադատության նախարարությունում, դատախազությունում, դատական համակարգում, քաղաքացիական ծառայության խորհրդում, պետգնումների գործակալությունում, Առեւտրաարդյունաբերական պալատում եւ խորհրդարանում նշվել են որոշակի խնդիրներ: Այսպես, Գալոյանի խոսքերով՝ կողմերը նշել են, որ դատական համակարգն առայժմ հեռու է բավարար գնահատականից եւ այստեղ անհրաժեշտ է իրականացնել որոշակի բարեփոխումներ, անհրաժեշտ է նաեւ օրենսդրական մակարդակում կարգավորել հարցն այն մասին, թե իրավունք ունի՞ պաշտոնյան ստանալ նվերներ: «Եվրոպական փորձագետների համար այդ հասկացությունն օտար է»,- նշել է ՀՀ ԱԳ փոխնախարարը: Ըստ Ա. Գալոյանի՝ առաջացել են եւ այնպիսի հարցեր, թե ինչպես կարող է իրավական անձը կոռուպցիոն գործունեության համար պատիժ կրել կամ ինչպես պայքարել կոռուպցիայի դեմ, եթե Հայաստանում չկա վկայի պաշտպանման ինստիտուտ: Լրագրողների հարցին, թե գիտե՞ն GRECO-ի փորձագետները, ով է հայ պաշտոնյաներից զբաղվում բիզնեսով, ով ինչ խնդիրներ ունի, ում ինչ է պատկանում եւ այլն, Աշոտ Գալոյանը պատասխանել է, որ «նրանք եկել են այստեղ ոչ թե գնահատելու կոնկրետ մարդու, այլ իրավիճակն ամբողջությամբ»: Ավարտին GRECO-ում հայկական պատվիրակության ղեկավարը իրազեկել է, որ ՄԱԿ-ում Հայաստանի դեսպանը ստորագրել է Կոռուպցիայի դեմ պայքարի եվրոպական իրավունքի կոնվենցիան, որը շուտով պետք է ներկայացվի Հայաստանի Ազգային ժողովի քննարկմանը: Նշենք, որ Հայաստանն անցել է GRECO-ի անդամ-մասնակիցների թիվը 2004 թվականի հունվարին, տեղեկացնում է «Պանարմենիեն» լրատվական գործակալությունը: