Լրահոս
Օրվա լրահոսը

«Կույր» հողհատկացում

Հունիս 10,2005 00:00

«Կույր» հողհատկացում Երեւանի քաղաքապետարանի՝ աճուրդի ներկայացվող հողերը հաճախ «համընկնում» են արդեն վաճառված կամ տրվածների հետ՝ դատական քաշքշուկի մեջ գցելով երկու սեփականատերերին էլ, որից, որպես կանոն, հաղթող է դուրս գալիս «լավ մեջք» ունեցողը: Ի պատիվ նոր քաղաքապետի, պետք է ասել, որ այդ «նակլադկաները» նրա օրոք անհամեմատ քչացել են, եթե չասենք՝ վերացել, բայց հին գործերն առայժմ շարունակվում եւ լուծվում են վերոհիշյալ ձեւով: Մեզ ծանոթ բազմաթիվ դեպքերի մեջ է նաեւ «Հայաստանի կույրերի միավորում» հասարակական կազմակերպության խնդիրը: 1947-ից սկսած, Երեւանի քաղաքային խորհուրդը երեք տարբեր որոշումներով կազմակերպությանը Ավ. Իսահակյան փողոցում հատկացրել է 4000 քմ տարածք: Որոշումների հիման վրա միավորումը կատարել է տարածքի սեփական տների իրացում՝ նույն տեղում կառուցել արտադրական-վարչական ու երկու բնակելի շենքեր, բնակարաններով ապահովելով իրացված սեփական տների բնակիչներին եւ միավորման աշխատակիցներին: 1998-ին կազմակերպությունը ստացել է տարածքի սեփականության իրավունքի վկայական: Սակայն Երեւանի քաղաքապետարանը, անտեսելով որոշումներն ու վկայականը, 2002-ի հոկտեմբերին միավորման տարածքից 20 քմ վարձակալությամբ տվել է բնակիչներից մեկին՝ Անահիտ Պապյանին, իսկ 2003-ի մայիսին, մեկ այլ որոշմամբ էլ 380 քմ-ն աճուրդով վաճառել է վանաձորցի Ռուֆինա Մեխակունուն: Կազմակերպությունը սկսել է դատական գործընթաց՝ քաղաքապետարանի հիշյալ որոշումներն անվավեր ճանաչելու պահանջով: Տնտեսական դատարանի դատավոր Ե. Խունդկարյանն այս տարվա ապրիլին կայացրել է որոշում՝ մերժել միավորման հայցը, հիմնվելով քաղաքապետարանի այն փաստարկի վրա, թե Կույրերի միավորմանը տրված հողամասերը իրենց հատկացման ժամանակ չեն եղել կազմակերպության սեփականության վկայականի հողամասի ուրվագծի մեջ: «Ճիշտ է, սեփականության իրավունքի գրանցման ժամանակ կազմակերպության ձեռքին եղել է միայն քաղաքապետարանի արխիվում գտնվող միավորմանը հատկացված 3150 քմ տարածքի գլխավոր հատակագիծը: Բայց դրանից հետո փնտրել ու Ազգային արխիվից գտել ենք ամբողջ 4000 քմ-ի հատակագիծը ու ներկայացրել կադաստր: Բայց վկայականում եղել է ողջ տարածքը, կան դրա ապացուցման մասին գրություններ կադաստրից, Կենտրոն թաղապետարանից, բազմաթիվ փաստաթղթեր, այդ թվում եւ՝ նոտարով հաստատված վկայություններ բնակիչներից: Բայց դատավորը, չգիտես ինչու, հաշվի չառավ գործի նյութերում առկա նշված հիմքերը»,- «Առավոտին» բողոքեց կազմակերպության փոխնախագահ Թովմաս Մովսիսյանը: ՌՈՒԶԱՆ ԱՐՇԱԿՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել