Լրահոս
Օրվա լրահոսը

«Հանրապետությունը» դեմ է

Հունիս 10,2005 00:00

«Հանրապետությունը» դեմ է Խոսքը երկքաղաքացիության եւ ռուսական ռազմաբազաները Վրաստանից Հայաստան տեղափոխելու մասին է: Վերջերս ՀՅԴ Գերագույն մարմնի նախաձեռնությամբ հայաստանցի եւ սփյուռքահայ մասնագետների մասնակցությամբ երկքաղաքացիության հարցին նվիրված սեմինար էր կազմակերպվել, որի մասնակիցները պնդում էին ՀՀ Սահմանադրությամբ երկքաղաքացիության արգելանքը հանելու անհրաժեշտությունը: Երեկ «Հանրապետություն» կուսակցության քաղխորհրդի անդամ Սուրեն Սուրենյանցը հայտարարեց, թե «Հանրապետությունը» կտրականապես դեմ է երկքաղաքացիությանը. «Այսօր Հայաստան պետության համար ամենամեծ արժեքը ժամանակակից պետության քաղաքացին է։ Այն մարդը, որ իր ծնունդով, գործունեությամբ ու նաեւ կյանքով ուղղակիորեն կապված է այս երկրի հետ: Նախ՝ մենք 21-րդ դարում ենք ապրում, եւ ժամանակն է պետությունը բնորոշել քաղաքացիական հատկանիշով, այլ ոչ թե ազգային»,- նկատեց Ս. Սուրենյանցն ու հավելեց, թե՝ ՀՀ քաղաքացիության խնդիրը նաեւ ազգային անվտանգության հարց է։ «Սփյուռք հասկացությունը, ըստ իս, միասնական հասկացություն չէ: Այն բազմաշերտ, բազմերանգ, նույնիսկ հակասական շահեր ունեցող միավոր է։ Նրանք, ովքեր երկքաղաքացիության օգտին են խոսում, ցայսօր չեն ներկայացրել այն մեխանիզմը, որը պետք է երաշխավորի երկքաղաքացիություն ունեցող մարդկանց իրավունքների եւ պարտականությունների հավասարակշռությունը։ Երկքաղաքացիության մասին խոսակցությունները էժանագին քարոզչական հնարքներ են, որովհետեւ Սփյուռքին հայրենիքի հետ պետք է կապեն ոչ թե երկքաղաքացիության մասին ֆորմալ ձեւակերպումները, այլ Հայաստանի հզորացումը, օրինական իշխանություն ունենալը։ Կարծում եմ, պետք չէ էժանագին հնարքներով հարցը տեղափոխել ազգայինի կամ ապազգայինի հարթություններ»,- կարծիք հայտնեց «Հանրապետության» ներկայացուցիչը: Ի դեպ, ՀՅԴ Բյուրոյի ներկայացուցիչ Հրանտ Մարգարյանը հայտարարել էր, թե՝ երկքաղաքացիությանը դեմ են նրանք, ովքեր քարոզում են, թե՝ թուրքերի եւ ադրբեջանցիների հետ պետք է ախպեր լինել: «Հրանտ Մարգարյանին ուզում եմ հիշեցնել, որ եթե հայ իրականության մեջ եղել են կուսակցություններ, որոնք փորձել են հարաբերություններ հաստատել մասնավորապես երիտթուրքերի կառավարության հետ, դա առաջին հերթին հենց ՀՅԴ-ն է եղել։ Կարծում եմ, Թուրքիան եւ Ադրբեջանը Հայաստանի հարեւաններն են, եւ ՀՀ յուրաքանչյուր առողջ քաղաքացի, քաղաքական ուժ պետք է հարգի մեր Սահմանադրության պահանջները եւ իրենից կախված ամեն ինչ անի հարեւանների հետ նորմալ եւ բնականոն հարաբերություններ ունենալու համար։ Ես հասկանում եմ որոշ քաղաքական ուժերի մտահոգությունը, որոնք Հայ դատը հանգանակությունների եւ կենացի առարկա են դարձրել եւ իրենց մենաշնորհն են համարում խոսել հայ-թուրքական հարաբերությունների մասին, բայց Հայաստանը պետք է ապրի իր պետության եւ քաղաքացիների շահերով։ Հայաստանը դատապարտված է նորմալ հարաբերություններ ունենալ իր հարեւանների հետ»,- հայտարարեց Ս. Սուրենյանցը։ Վերջինս նաեւ անդրադառնալով Վրաստանից ռուսական ռազմաբազաները Հայաստան տեղափոխելուն՝ ասաց, թե՝ «Հանրապետություն» կուսակցությունը կտրականապես դեմ է նաեւ դրան, որովհետեւ, Ս. Սուրենյանցի ասելով, դա հակոտնյա է ՀՀ քաղաքացիների, տարածաշրջանային համագործակցության լիարժեք սուբյեկտ դառնալու Հայաստանի ձգտումներին, նաեւ՝ Հարավային Կովկասում միասնական անվտանգության համակարգ ունենալու մասին մեր պատկերացումներին։ «Ես պատերազմի չեմ պատրաստվում եւ հակված չեմ հարեւան որեւէ երկրի մեջ թշնամի տեսնել։ Մյուս կողմից՝ չպետք է մոռանալ, որ Ռուսաստանը բազմաթիվ անգամ հայտարարել է, որ Հայաստան տեղափոխվող զենքը Հայաստանին չի փոխանցվելու եւ որ ռուսական զենքը երբեք Ադրբեջանի դեմ չի ուղղվի: Ի վերջո, Հայաստանը պետք է սովորի ինքնուրույնաբար իր հարեւանների հետ հարաբերություններ հաստատել եւ ապահովել իր անվտանգությունը, ընդ որում՝ ելակետ ունենալով արժանապատիվ խաղաղություն հաստատելու ձգտումը»,- հայտարարեց Ս. Սուրենյանցը։ ՆԱԻՐԱ ՄԱՄԻԿՈՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել