Լրահոս
Օրվա լրահոսը

ՍԿՍՆԱԿ

Հունիս 10,2005 00:00

ՍԿՍՆԱԿ ՖՈՒՏԲՈԼԱՍԵՐԻ ԴԻՏԱՐԿՈՒՄՆԵՐ «Բեխեր ոտք ունես՝ տղաները պարտվեցին»,- երեկվանից ասում են ինձ նրանք, ովքեր տեղյակ են, որ ես էլ եմ ներկա եղել Հայաստան-Ռումինիա ֆուտբոլային հանդիպումներին: Կարծես թե այս գործում կարեւորը խաղին ներկաների եւ ոչ ֆուտբոլիստների ոտքերն են: Չեմ փորձի վերլուծություններ անել Հայաստանի ազգային եւ երիտասարդական հավաքականների ֆուտբոլային հանդիպումների պարտությունների պատճառների մասին: Գլխավոր եւ ամենահիմնական պատճառն այն է, որ ունակ չեմ խորիմաստ դատողություններ անել աջ եզրաշերտից հասցված լայնակի, սակայն անհասցե փոխանցումների մասին կամ, թե ինչու են մեր ֆուտբոլիստները պարտվում «երկրորդ հարկում»: Որպես մարզական մեկնաբան՝ ես, շատ մեղմ ասած, կատարյալ չեմ եւ զարմանքով էի լսում, երբ պարտություններից հետո մեր ֆուտբոլի պրոֆեսիոնալներից մեկը համոզում էր, թե այս խաղերում կար առաջընթաց: Հիմնավորումներն այն էին, որ նախ՝ մեր երիտասարդներն այս խաղում ընդամենը 2:0 հաշվով պարտվեցին, մինչդեռ ռումինացիների հետ նախորդ հանդիպումն ավարտվել էր 5:0 հաշվով, իսկ դրանից հետո մեր թիմը դեռ առավել երիտասարդացել է, եւ տղաների միջին տարիքը զիջում է ռումին պատանի ֆուտբոլիստներին: «Իսկ այս գործում ամիսներն էլ նշանակություն ունեն»,- լուսավորեց ինձ պրոֆեսիոնալը: Ազգային հավաքականի պարտության մեջ էլ նա լուսավոր կետեր տեսավ՝ Ռոբերտ Արզումանյանի եւ Արա Հակոբյանի խաղը: Հետո պնդեց, որ արդեն երեւում է նոր մարզչի՝ Հենկ Վիսմանի ձեռագիրը: Ինձ նման ֆուտբոլային դիլետանտին, որը խաղի մասին դատում է միայն ըստ հաշվի՝ անհարիր էին այս բոլոր նրբությունները, սակայն պարզվեց, որ ոչ միայն ինձ համար: Քանզի զրույցին ներկա «Հայկական ժամանակի» միանգամայն մարզական մեկնաբանն էլ այս բոլոր փաստարկներն ամփոփեց մի նախադասությամբ. «Փաստորեն՝ վիրահատությունը լավ անցավ: Ուղղակի հիվանդը մահացավ»: …Իսկ գուցե ձախողման պատճառն այն էր, որ մեր ֆուտբոլային թիմը չկարողացա՞վ ժամանակին ստանալ Կոնստանցա քաղաքի թեմի առաջնորդ Ավետիս ավագ քահանա Մանդալյանի օրհնությունը: Հայ համայնքի հետ հանդիպման ընթացքում Ռումինիայում Հայաստանի դեսպանը պատմեց, որ անցած տարի, երբ նավահանգստային այս քաղաքում 3 օրով խարիսխ էր ձգել «Կիլիկիա» առագաստանավը՝ քահանան օրհնել էր այն, եւ ոչ մի ալիք չէր խանգարել նավին: Մինչդեռ մեր ֆուտբոլային թիմերին, դեսպանի իսկ խոստովանությամբ, բռնացնելը դժվար էր: Խաղին նախորդող 2 օրերին նրանք մարզումներ եւ վարժանքներ էին անցկացնում, եւ դժվար էր ազատ պահ գտնել անգամ հայրենակիցների հետաքրքրասիրությունը բավարարելու համար, որոնցից մեկը 1978-ից չէր եղել Հայաստանում եւ հետաքրքրվում էր, թե դրանից հետո ինչ նորություններ են եղել… Կոնստանցայում մեծությամբ երկրորդը ռումինական հայ համայնքն է՝ 250 հոգի, որոնք այսուհանդերձ իրենց եկեղեցին ունեն (Ռումինիայի 15 քաղաքներում կան հայկական եկեղեցիներ, իսկ այս մեկը Կոնստանցայի ամենահին շենքերից մեկն է), ակումբը եւ շաբաթօրյա դպրոցը: Հայ համայնքի ներկայացուցիչները ներկա էին նաեւ «Գեորգի Հաջի» մարզադաշտում, ուր անցկացվեց հանդիպումը Հայաստանի եւ Ռումինիայի հավաքականների միջեւ: Ռումինահայերն իրենց հետ բերել էին մեր երկրի դրոշների փոքրիկ ժապավենները: Սակայն նրանք չէին կարող համեմատվել ռումինացի կազմակերպված ֆուտբոլասերների խմբի հետ, որ մարզադաշտ էին եկել մեր եռագույնի խառնած հաջորդականությամբ իրենց ազգային հսկայական դրոշներով: Եվ իրենց թիմին ոգեւորում էին ոչ այնպես, ինչպես սովորաբար մերոնք են անում՝ ընդամենը «հայե՜ր» գոռալով, այլ ծափերով, վանկարկումներով, սուլոցներով: Թերեւս կրքերի առավելագույն բորբոքումը զսպելու համար էր, որ անգամ երիտասարդականների ֆուտբոլային հանդիպմանը ներկա էին ոչ միայն ժանդարմներ՝ իրենց շներով, այլ նաեւ ջրցան մեքենաներ: Տարբերությունն ակնհայտ էր ոչ միայն ֆուտբոլասերների վերաբերմունքում, այլ նաեւ թիմի հանդեպ դրսեւորված հոգատարության մեջ՝ ասենք, մեր թիմը միայն մի հովանավոր ունի՝ «Զվարթնոց» օդանավակայանը: Իսկ Ռումինիայի ազգային հավաքականի հովանավորների թվարկումը տեւեց մի քանի րոպե: Եվս մի մանրամասն. հայ համայնքի հետ հանդիպման ժամանակ Հայաստանի ֆեդերացիայի մրցավարական կոմիտեի նախագահ Լեւոն Հասրաթյանը վաղօրոք զգուշացրեց մեր հայրենակիցներին, թե խաղը հեշտ չի լինելու՝ պետք չէ փայփայել շատ մեծ հույսեր: Իր այս իրականացած կանխատեսումը պրն Հասրաթյանը հիմնավորեց այն հանգամանքով, թե «ռումինացիները վիրավոր առյուծի պես են խաղալու՝ նրանց խնդիրները սկսվեցին հենց Հայաստանից»: Ակնարկը վերաբերում էր Երեւանում կայացած հանդիպմանը, որի 1:1 հաշիվը Ռումինիայի ազգային հավաքականի համար միավորների կորստի վերափոխվեց, եւ դրանից հետո հրաժարական տվեց նրանց մարզիչը: Ի վերջո՝ Լեւոն Հասրաթյանը հանաքի տվեց, թե չեն ուզում հաղթանակով խնդիրներ ստեղծել իրենց ռումինահայ հայրենակիցների համար: Եվ այսուհանդերձ՝ Ավետիս ավագ քահանա Մանդալյանը խոստացավ, թե աղոթելու է մեր ֆուտբոլիստների հաջողության համար: Այդ խոստման մասին հիշում էի ամեն անգամ, երբ դեպի մեր դարպաս «շեշտակի գրոհներն» ինչ-ինչ պատճառներով չէին պսակվում հաջողությամբ: Եվ երբ հերթական անգամ հայ լրագրողներս ծափահարություններով ընդունեցինք այն, որ դարպասապահ Ռոման Բերեզովսկին կատարեց իր պարտականությունները եւ որսաց գնդակը՝ կողքիս նստած ռումին լրագրողը խայթող տոնով հետաքրքրվեց. «Ինչի՞ն եք ծափահարում՝ մեր հարվածի՞ն, թե՞ ձեր դարպասապահին»: Այդ հարցից հասկացա, թե ինչու են մարզադաշտերում այդքան հաճախակի կռիվներն ու տուրուդմփոցները, եւ այստեղ կարող են խիստ անտեղի հնչել հանդուրժողականության եւ մրցակցի զգացողությունները եւս հարգելու կոչերը: Ի դեպ, դարպասապահների մասին: Երիտասարդական թիմերի հանդիպման ժամանակ մեր դարպասը ձգտում էր անառիկ պահել Էդիմա Ապուլան: Ու նրա ու նաեւ Կարլ Լոմբեի խաղը դիտելուց հետո հատուկ ֆուտբոլային նպատակներով փոքր-ինչ վերափոխեցինք հայտնի կոչը. «Ո՜վ հայ ժողովուրդ, քո միակ փրկությունը սեւամորթների մեջ է»: Սա, իհարկե, չափազանցություն է, եւ միայն Էդգար Մանուչարյանը բավական է, որ հավատանք մեր ուժերին: Սակայն թե ե՛րբ այդ հավատը կամրապնդվի իրական հաղթանակներով՝ թերեւս ավելի ճշգրիտ կարողանան կանխատեսել մարզական մեկնաբանները: ԱՆՆԱ ԻՍՐԱՅԵԼՅԱՆԿոնստանցա-ԵրեւանՆկարում՝ սա այն մարզադաշտն է, ուր պարտվեց մեր հավաքականը: Իսկ սա՝ այն ոտքը, որին չար լեզուները վերագրում են այդ պարտությունը:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2005
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930