Լրահոս
Օրվա լրահոսը

Հաշված օրեր՝ «Ոսկե ծիրանին»

Հունիս 10,2005 00:00

Ինչպես տեղեկացրել ենք, հուլիսի 12-17-ը կկայանա «Ոսկե ծիրան» միջազգային կինոփառատոնը:

Կինոփառատոնի մամլո պատասխանատու Լուսինե Գեւորգյանից տեղեկացանք, որ անցյալ տարի փառատոնին մասնակցել է 20 երկիր՝ 150 ֆիլմով եւ մրցել են միայն սփյուռքահայերը. «Մենք սպասում էինք, որ այս տարի մասնակից երկրների թիվը ամենաշատը 30-ի կհասնի: Սակայն, ի զարմանս մեզ, այն գերազանցեց 40-ը եւ ներկայացված 300 հայտից ընտրեցինք ընդամենը 140-ը»: Ըստ նրա, մասնակից երկրների ավելացումը պայմանավորված էր աշնանը «Ոսկե ծիրան» փառատոնի՝ միջազգային կինոփառատոների ցանցի անդամ ընտրվելով: Արտասահմանցի կինոգործիչները, որոնք որպես ժյուրիի անդամ հանդես են եկել անցյալ տարվա «Ոսկե ծիրանին», տարբեր միջազգային փառատոներում ներկայացրել են Հայաստանը, ինչի հետեւանքով այս փառատոնին հայտ են ներկայացրել ստեղծագործողներ՝ Մալայզիայից մինչեւ Չիլի: Հիշեցնենք, որ այս տարի մասնակիցները մրցելու են միջազգային եւ «Հայկական համայնապատկեր» ճյուղերով: Փառատոնը կբացվի Էդգար Բաղդասարյանի «Մարիամ» ֆիլմի պրեմիերայով, որը մրցույթին չի մասնակցի, քանի որ ռեժիսորը մտադիր է այն ներկայացնել միջազգային առաջնակարգ կինոփառատոներում: Ժյուրիի նախագահ Ատոմ Էգոյանը այս տարի Հայաստան կժամանի կնոջ՝ Արսինե Խանջյանի հետ, որը կներկայացնի «Սաբահ» ֆիլմը, որում նա հանդես է գալիս գլխավոր դերում: Լ. Գեւորգյանը նշեց, որ նախորդ «Ոսկե ծիրանը» արդեն իր դրական պտուղներն ունի. «Անցյալ տարի Հայաստանում երկու ֆիլմ են նկարահանել սփյուռքահայեր Կարինե Թորոսյանն ու Կոմս Շահբազյանը, որոնք անչափ ոգեւորված էին հայրենիքով: Կ. Թորոսյանի ֆիլմը կմրցի «Հայկական համայնապատկերում»:

Այս տարի «Հարգանքի տուրք» խորագրով ծրագիր է նախատեսված, որը նվիրված է Հենրիկ Մալյանի, Աղասի Այվազյանի, Մհեր Մկրտչյանի, Խորեն Աբրահամյանի եւ Հրանտ Մաթեւոսյանի հոբելյաններին: Կցուցադրվեն հայկական խաղարկային ֆիլմեր՝ «Եռանկյունի», «Մենք ենք, մեր սարերը», «Աշնան արեւ», «Երկունք», «Վառած լապտեր» եւ այլն: Ծրագրեր կնվիրվեն նաեւ Եղեռնի 90-րդ տարելիցին, Հայաստանում Ռուսաստանի տարվան, Ֆրանսիայի ազգային տոնին, Արցախին եւ այլն: Մամլո պատասխանատուն նշեց, որ կազմակերպիչներն աշխատում են «Ոսկե ծիրանը» միայն ֆիլմերի սովորական դիտումների չվերածել, այլ ընդգրկել քննարկումներ, դասախոսություններ: Լ. Գեւորգյանը չցանկացավ մանրամասնել փառատոնի ֆինանսական խնդիրները, սակայն նշեց, որ այդ միջոցները, ինչպես անցյալ տարի, սուղ են:

ԼՈՒՍԻՆԵ ՕՀԱՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել