Հայտարարում
է երգիչ Արթուր Իսպիրյանը Արթուր Իսպիրյանի կարիերան այլեւս զուգահեռում է
«Գաֆեսճյան թանգարան հիմնադրամի» միջոցառումների կազմակերպչի աշխատանքի հետ: Սիրում
է նոր աշխատանքը, հավանաբար դրան նպաստում է կնոջ՝ Մադլենի մշտական ընկերակցությունը,
որն էլ «Գաֆեսճյան թանգարան հիմնադրամի» հանրային կապերի ու միջոցառումների տնօրենն
է: – Ինչո՞ւ վերջին շրջանում հաճախ չեք երեւում, նոր աշխատա՞նքն է պատճառը:
– Ես չեմ խցկվում, սիրում եմ, որ գան ու երեւացնեն ինձ, որովհետեւ իմ դեպքում
միշտ ադպես է եղել: Չեմ սիրում խնդրել, որ ինձ ցույց տան հեռուստատեսությամբ, հնչեցնեն
ռադիոյով կամ տեսահոլովակ նկարեն, բնավորություն չունեմ մտերմանալ բարձրաստիճան պաշտոնյաների
հետ: Իմ գործը ստեղծագործելն է: Այս տարի էլ 2 ձայնասկավառակ է թողարկվել՝ ART &
SPACE եւ «Ասում են թե»: Ի դեպ, «Ասում են թե»-ն մի 10 օր առաջ ԱՄՆ-ում կայացած Armenian
music world մրցույթում ճանաչվել է լավագույն ֆոլք-փոփ ալբոմ: Մի սքանչելի ձայնասկավառակ
էլ է թողարկվել ԱՄՆ-ում, որը մեր շուկայում դեռ չկա, կոչվում է «ՋԱԶԱՎԱՆՍ»: Ներկայացրել
եմ մեր հին էստրադային երգերը Վահագն Հայրապետյանի ջազ-տրիոյի հետ՝ նոր մեկնաբանությամբ:
– Ինչո՞ւ վերադարձ հին էստրադային երգերին, չկա՞ն մերօրյա կոմպոզիտորների
առաջարկներ, լավ ստեղծագործություններ: – Իհարկե կան կոմպոզիտորներ, որոնց
ստեղծագործությունները հնարավոր է կատարեմ ու կատարել եմ: Գտնում եմ, որ ինձ համար
ամենալավ երգերը կարող եմ ինքս գրել: Օրինակ, լավ կոմպոզիտոր է Արսեն Ադոնցը, որի
հետ հաճելի է աշխատել: Հիմա պատրաստում եմ մի նոր ալբոմ՝ հին երգրերով: Ու նպատակս
այն է, որ ժամանակակից գործիքավորման ու ջազային ձեւակերպման միջոցով հայկական երաժշտությունից
կտրված երիտասարդությանը ծանոթացնել 60-70-ականներին գրված ստեղծագործություններին:
Այդ շրջանի կոմպոզիտորների մասին նոր սերունդը ընդհանրապես չի ուզում լսել, որովհետեւ
համարյա ինֆորմացիա չկա: Եթե գնաք ձայնագրությունների խանութներ եւ ասեք՝ Ալեքսանդր
Աճեմյանի երգերի CD-ն ունե՞ք, հնարավոր է ձեզ պատասխանեն՝ Ալի՞կ, իհարկե ունենք,
ռաբիս Ալիկի բոլոր տարիների թողարկած CD-ներն ունենք: Արտեմի Այվազյան, Կոնստանտին
Օրբելյան, Խաչատուր Ավետիսյան՝ այս սերնդի կոմպոզիտորների ե՛ւ երաժշտությունն է ֆանտաստիկ
լավը, ե՛ւ բառերի հեղինակներն են լավագույն բանաստեղծները՝ Գեւորգ Էմին, Կապուտիկյան,
Գրաշի եւ այլք: Առաջիկայում որոշել եմ նրանց օրիգինալ երգերը իմ միջոցներով ձայնագրել
եւ ներկայացնել հանրությանը: Բայց խանգարողները շատ-շատ են: – Ովքե՞ր են…
– Խանգարողները բոլոր նրանք են, ովքեր չեն օգնում: Չեմ տա անուններ, որ ավելի
շատ չխանգարեն: – Ի տարբերություն ուրիշների, ձեր CD-ները կարծես այնքան էլ
տարածված չեն, մանավանդ ունեք ձայնագրման սեփական ստուդիա: – Իմ CD-ները չեն
տարածվում, որովհետեւ պիրատների ճաշակին չեմ համապատասխանում: Բացի դրանից, ես մյուսների
նման շլյագեր չեմ երգի, ոչ էլ կոմպրոմիսների կգնամ: – Հիմա մի տեսակ մոդայիկ
է դարձել մենահամերգով հանդես գալը, դուք դրա մասին դեռ չե՞ք մտածում: – Ես
երկար տարիներ եմ զբաղվում երաժշտությամբ եւ ամենամեծ փորձն ունեմ, բայց մոդայի հետեւից
չեմ ընկնում: Ես թույլ չեմ տա ինձ Օպերայում ելույթ ունենալ, որովհետեւ օպերայի բեմը
ինձ համար սրբություն է, իսկ այնտեղ համերգ տալը՝ մեծագույն պատասխանատվություն:
Փոխարենը կազմակերպում եմ բացօթյա համերգներ Կասկադում եւ փորձում եմ Կասկադը պահել
այնպես, որ այնտեղ մատուցվի միայն մաքուր դասական, մաքուր ֆոլք երաժշտություն: Օրինակ,
սեպտեմբերի 18-ին հրավիրում եմ գեղեցիկ համերգի, ելույթ կունենան Armenian Navy band-ը,
Վահագն Հայրապետյանի «Կատուները», Մարոկոյից ժամանած երաժիշտներ: – Ինչպես
եք վերաբերվում ձեր այն կոլեգաներին, ովքեր երգում են գիշերային ակումբներում ու
նման այլ հաստատություններում: – Չեմ մեղադրում: Նրանք ստիպված են այդպես
գումար վաստակում՝ ապրելու համար: Ես դրա կարիքը, փառք աստծո, չունեմ: Չէի ուզենա
այդ օրն ընկնել կամ էլ գիշերային ակումբներում երգել-պարել անհասկանալի հանդիսատեսի
համար՝ նիկելապատ ձողի մոտ, որ մեկն էլ փողոցում տեսնելիս ասի. «Հաա՜, էսի էնի ա,
էն օրը ընգերուհուս հետ իրան էինք լսըմ»: ԳՈՀԱՐ ՀԱԿՈԲՅԱՆ