Լրահոս
Օրվա լրահոսը

Ադրբեջանցիները լրտես էին վարձել ընդամենը $2500-ով

Հունիս 10,2005 00:00

Անդրեյ
Մազիեւը իրեն մեղավոր ճանաչեց Երեկ Մալաթիա-Սեբաստիա համայնքի առաջին ատյանի
դատարանը, դատավոր Տիգրան Պետրոսյանի նախագահությամբ, քննության առավ Անդրեյ Մազիեւի
քրեական գործը, որը շուրջ 6 տարի լրտեսական գործունեություն է իրականացրել Ադրբեջանի
օգտին: Մեղադրանքը պաշտպանում էր գլխավոր դատախազ Աղվան Հովսեփյանը: Ա. Մազիեւը Ադրբեջանի
անվտանգության աշխատակիցների հետ համաձայնության գալով, պատրաստակամություն է հայտնել
ուսումնասիրություններ կատարել եւ անհրաժեշտ տեղեկատվություն տալ ՀՀ քաղաքական, տնտեսական
իրավիճակի, ինչպես նաեւ ռազմական դրության, պաշտպանական համակարգերի եւ Լեռնային
Ղարաբաղի մասին: 44-ամյա, ազգությամբ ռուս, հայաստանաբնակ Ա. Մազիեւը 1999-ին
Նուբարաշենի մեկուսարանում գտնվելու ընթացքում ծանոթացել է Արա անունով մի անձնավորության
հետ, որն էլ առաջարկել է օգնել իրեն մի գործում՝ գնալ մտերիմների մոտ՝ Կիրովաբադ
եւ հանձնել իր նամակը: Եվ քանի որ Մազիեւի ազատազրկման ժամկետն ավարտվելիս է եղել,
նա համաձայնել է: 1999թ. սեպտեմբերին մեկնել է Բագրատաշեն, անարգել անցել հայ-վրացական
սահմանը, իսկ ադրբեջանական հսկիչ անցագրային կետում վերցրել են հայկական անձնագիրը
եւ տարել Ղազախի համապատասխան բաժին, որտեղ պատասխանատու Ֆայիդ Շամիլովը գրավոր բացատրություն
է վերցրել նրանից: Այնուհետեւ, ըստ ամբաստանյալի, Շամիլովը զգուշացրել է իրեն, որ
ինքը կարող է պատասխանատվության ենթարկվել սահմանն անօրինական հատելու համար եւ առաջարկել
է համագործակցել: Մազիեւը համաձայնել է եւ առաջին հանձնարարություններից մեկը եղել
է Հայաստանում տպագրվող ռուսալեզու թերթերի տրամադրումը Ադրբեջանի անվտանգության
աշխատակիցներին: Հանդիպումները տեղի են ունեցել Հայաստան-Վրաստան-Ադրբեջան երթուղով՝
սկսած 1999-ից: 2002-ին նրան են կցել Ադրբեջանի եւս երկու աշխատակիցների՝ Զաուրին
եւ Մահմուդին: Նրանց պահանջով հայթայթել է ՀՀ բիզնես տեղեկատու, ստացել եւ իրականացրել
է ՀՀ նախագահի նստավայրը, ինքնաթիռը, երթեւեկության ուղիները, օդանավակայան մուտք
գործելու ճանապարհը եւ այլ «օբյեկտներ» լուսանկարելու հանձնարարությունը, ինչպես
նաեւ համաձայնել է ի հայտ բերել Ադրբեջանի նկատմամբ լոյալ վերաբերմունք ունեցող անձանց,
այդ թվում նախկին ադրբեջանաբնակների եւ լուսանկարել նրանց: Գործակալներն առաջարկել
են նաեւ ի հայտ բերել եւ ծանոթանալ ՀՀ զորամասերում ծառայող սպաների, հատուկ ծառայությունների
աշխատակիցների եւ տեղեկատվություն հավաքել նրանց մասին: Նա էլ այդ նպատակով հանդիպել
է փախստական Սամվել Բաբայանին, Ալեքսանդր Ժդանովին, Վահան Սարգսյանին, լուսանկարել
նրանց եւ համապատասխան տեղեկատվությամբ հանձնել համախոհներին: Ադրբեջանից նաեւ տեղեկատվություն
են խնդրել ՀԱԷԿ տեղափոխվող միջուկային վառելիքի ուղու, հսկողության վերաբերյալ, ինչը,
ըստ ամբաստանյալի, ինքը չի կատարել: Նա գրախանութներից ձեռք է բերել հայկական հանրակրթական
դպրոցի բարձր դասարանների հայ ժողովրդի պատմության դասագրքեր, դրանցում ընդգծել ցեղասպանությանը
վերաբերող հատվածները եւ հանձնել ադրբեջանցի գործակալներին: Վերջիններս Մազիեւին
խնդրել էին նաեւ տեղեկատվություն հայտնել Դրմբոնի լեռնամետալուրգիական կոմբինատի,
ինչպես նաեւ Հանքավանի գաղտնի զորամասի մասին, որտեղ պահվում են ադրբեջանցի գերյալներ:
Ըստ Մազիեւի, այդ տեղեկատվությունը ինքը չի հայտնել, իսկ ունեցածը ընդամենը թերթերից
վերցրած եւ շրջապատից լսած տեղեկություններն են եղել: Համագործակցության ընթացքում
գործակալներին հանդիպել է 17-18 անգամ եւ ստացել $2500: Մազիեւը ընդունեց իրեն առաջադրված
մեղադրանքը: Դատարանը լսեց նաեւ գործով անցնող 7 վկաներին, որոնց ցուցմունքներում
հնչածի հետ հակասություններ գրեթե չկար: Նիստը կշարունակվի հունիսի 13-ին: ԷԼՄԻՐԱ
ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել