Լրահոս
Օրվա լրահոսը

GRECO-Ն ԴԺԳՈՀ Է ՀՀ-ՈՒՄ ԿՈՌՈՒՊՑԻԱՅԻ
ԴԵՄ ՊԱՅՔԱՐԻՑ

Հունիս 10,2005 00:00

Կազմակերպությունը
առաջիկայում կհրապարակի ՀՀ-ում իր դիտարկումների արդյունքները 2005 թվականի
հոկտեմբեր-նոյեմբեր ամիսներին Կոռուպցիայի դեմ պայքարի երկրների խմբի փորձագիտական
հանձնախումբը փակ լիակազմ նիստի ընթացքում ներկայացնելու է Հայաստանում ընթացիկ տարվա
մայիսի 28-ից մինչեւ հունիսի 3-ը իրականացված հակակոռուպցիոն դիտարկումի արդյունքները:
Այս մասին այսօր տեղի ունեցած մամուլի ասուլիսի ընթացքում հայտարարել է ՀՀ փոխարտգործնախարար,
GRECO-ում հայկական պատվիրակության ղեկավար Աշոտ Գալոյանը: Նրա խոսքերով՝ Հայաստանին
տրվելու են հանձնարարականներ, որոնք պետք է կյանքի կոչվեն մեկուկես տարվա ընթացքում:
Ինչպես նշել է Գալոյանը, անցյալ տարի Հայաստանը ներկայացրել է 180-էջանոց փաստաթուղթ,
որտեղ ընդգրկվել էին կոռուպցիայի դեմ պայքարի մոտեցումները, հակակոռուպցիոն ծրագրերի
գնահատումը, կոնկրետ քայլեր: Իր հերթին, եվրափորձագետներ-հակակոռուպցիոներները
ցանկություն են հայտնել գալ եւ անձամբ ծանոթանալ տվյալ ոլորտում տիրող իրավիճակին,
նշել որոշակի քայլեր: Շուտով, Գալոյանի խոսքերով՝ ակնկալվում է Գերմանիայի վերաբերյալ
դիտարկումների արդյունքների ներկայացումը, Վրաստանն արդեն անցել է գնահատման փուլը:
Նա նշել է նաեւ, որ տարածաշրջանի բոլոր երկրները, բացի Իրանից, GRECO-ի անդամներ
են: Փորձագետների հանդիպումների արդյունքում հանրապետության ոստիկանությունում, արդարադատության
նախարարությունում, դատախազությունում, դատական համակարգում, քաղաքացիական ծառայության
խորհրդում, պետգնումների գործակալությունում, Առեւտրաարդյունաբերական պալատում եւ
խորհրդարանում նշվել են որոշակի խնդիրներ: Այսպես, Գալոյանի խոսքերով՝ կողմերը նշել
են, որ դատական համակարգն առայժմ հեռու է բավարար գնահատականից եւ այստեղ անհրաժեշտ
է իրականացնել որոշակի բարեփոխումներ, անհրաժեշտ է նաեւ օրենսդրական մակարդակում
կարգավորել հարցն այն մասին, թե իրավունք ունի՞ պաշտոնյան ստանալ նվերներ: «Եվրոպական
փորձագետների համար այդ հասկացությունն օտար է»,- նշել է ՀՀ ԱԳ փոխնախարարը: Ըստ
Ա. Գալոյանի՝ առաջացել են եւ այնպիսի հարցեր, թե ինչպես կարող է իրավական անձը կոռուպցիոն
գործունեության համար պատիժ կրել կամ ինչպես պայքարել կոռուպցիայի դեմ, եթե Հայաստանում
չկա վկայի պաշտպանման ինստիտուտ: Լրագրողների հարցին, թե գիտե՞ն
GRECO-ի փորձագետները, ով է հայ պաշտոնյաներից զբաղվում բիզնեսով, ով ինչ խնդիրներ
ունի, ում ինչ է պատկանում եւ այլն, Աշոտ Գալոյանը պատասխանել է, որ «նրանք եկել
են այստեղ ոչ թե գնահատելու կոնկրետ մարդու, այլ իրավիճակն ամբողջությամբ»: Ավարտին
GRECO-ում հայկական պատվիրակության ղեկավարը իրազեկել է, որ ՄԱԿ-ում Հայաստանի դեսպանը
ստորագրել է Կոռուպցիայի դեմ պայքարի եվրոպական իրավունքի կոնվենցիան, որը շուտով
պետք է ներկայացվի Հայաստանի Ազգային ժողովի քննարկմանը: Նշենք, որ Հայաստանն անցել
է GRECO-ի անդամ-մասնակիցների թիվը 2004 թվականի հունվարին, տեղեկացնում է «Պանարմենիեն»
լրատվական գործակալությունը:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել