Լրահոս
Օրվա լրահոսը

Russian way

Հունիս 10,2005 00:00

Russian
way Մի քանի օր առաջ «Հյուման Ռայթս Ուոչ» միջազգային իրավապաշտպան
կազմակերպությունը եզրակացություն էր հրապարակել Ուզբեկստանի Անդիջան քաղաքում տեղի
ունեցած արյունալի իրադարձությունների մասին, որում խստագույն գնահատականներ էր տվել
պաշտոնական Տաշքենդի գործողություններին: Ըստ այդմ, նշվել էր, որ արմատական իսլամիստների
դեմ մղվող պայքարի քողի տակ գնդակահարվել են բազմաթիվ խաղաղ քաղաքացիներ, այդ թվում՝
կանայք, երեխաներ եւ ծերեր: Փաստաթղթում նաեւ շեշտվել է այդ իրադարձությունների կապակցությամբ
միջազգային անկախ հետաքննության անցկացման անհրաժեշտությունը, ինչը հնարավորություն
կտար վեր հանել ճշմարտությունն ու բացահայտել մեղավորներին: Այն, թե ինչպես
են տարբեր երկրներում արձագանքել այս եզրակացությանը, միանգամայն խոսուն բնութագիրն
է այդ երկրների՝ եթե չասենք ժողովրդավարության, ապա գոնե մարդկային կյանքի նկատմամբ
ունեցած վերաբերմունքի: Ուզբեկական իշխանությունների գործողությունները խստագույնս
դատապարտել են ԵՄ անդամ մի շարք երկրների առաջատար քաղաքական գործիչներ, այդ թվում՝
իշխող կուսակցությունների ներկայացուցիչներ: Մասնավորապես, բրիտանական պառլամենտի
բազմաթիվ պատգամավորներ վարչապետ Թոնի Բլերից պահանջել են նվազագույնի հասցնել պաշտոնական
Տաշքենդի հետ շփումներն ու օժանդակել միջազգային հետաքննության անցկացմանը: Անտարբեր
չեն գտնվել նաեւ ԱՄՆ Սենատի անդամները, թեեւ ընդունված է կարծել, ու ամենեւին ոչ
անհիմն, որ պաշտոնական Վաշինգթոնը հակված չէ փչացնել հարաբերություններն իր կենտրոնասիական
գործընկեր համարվող Ուզբեկստանի հետ: Ինչպես հանրապետական, այնպես էլ դեմոկրատական
կուսակցությունը ներկայացնող սենատորների մի պատկառելի խումբ օրերս ուղերձ է հղել
նախագահ Ջորջ Բուշին՝ հորդորելով վերանայել հարաբերությունները Քարիմովի վարչակազմի
հետ: «Մենք համարում ենք, որ ԱՄՆ-ն պետք է ձեռնպահ մնա սերտ հարաբերություններ պահպանելուց
մի երկրի հետ, որի կառավարությունը սպանել է հարյուրավոր խաղաղ ցուցարարների եւ այժմ
էլ հրաժարվում է արձագանքել թափանցիկ հետաքննություն անցկացնելու կոչերին»,- ասվում
է սենատորների ուղերձում: Թերեւս առանց ավելորդ ճիգերի կարելի էր պատկերացնել,
թե ինչպիսին կլինի պաշտոնական Մոսկվայի արձագանքը անդիջանյան ողբերգությանը, բայց
այն, ինչ արեց ՌԴ պաշտպանության նախարար Սերգեյ Իվանովը, գերազանցեց անգամ ամենամռայլ
կանխատեսումները: Վերջինս ուղղակի հայտարարեց, որ «Ռուսաստանը դեմ է Ուզբեկստանում
միջազգային հետաքննության անցկացմանը», քանի որ իրենք «տիրապետում են այդ իրադարձություններում
օտարերկրացիների մասնակցության վերաբերյալ անհերքելի ապացույցների»: Իրոք. էլ ի՞նչ
միջազգային հետաքննություն, երբ մարդը տեղեկություններ ունի ինչ-որ վարձկանների մասին:
Եվ ի՞նչ փույթ, որ մի 1000 մարդ էլ «կողից» սպանվել է: ՏԻԳՐԱՆ
ԱՎԵՏԻՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել