Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

ՆԱԽԱԳԱՀԻ ԹԵՎԵՐԻ ՏԱԿ ՊԵՏՔ Է ՁՄԵՐՈՒԿ ԴՆԵԼ

Հունիս 10,2005 00:00

Ճնշման
այդպիսի ձեւ է առաջարկում Խորեն Թռչունիչը «Հայաստանում էս 13 տարի բարեփոխում
են կատարում: Բարեփոխում բառը մեր ժողովուրդը որ լսում է, ոնց որ հրշեջ մեքենայի
սիգնալի ձայնը լսի, գիտի, որ մի փորձանք գալու է: Սահմանադրության մեջ ինչ էլ գրած
լինի, պետք է մարդ լինի՝ դա կատարելու համար: Սահմանադրությունը հո բաժակաճառ չի,
որ վերցնես հարսին ասես՝ խելոք կլինես, կեսրարիդ մոտ գլուխ կիջեցնես, լեզու չերկարացնես:
Հարսի միջից պիտի լինի, չէ՞»,- երեկ «Առավոտի» հետ զրույցում սահմանադրական բարեփոխումների
վերաբերյալ նման զվարճալի, տնական համեմատություններ արեց ԱԺ նախկին պատգամավոր Խորեն
Սարգսյանը: Ավելի քաղաքական համատեքստում նա շարունակեց. «Սահմանադրությունը նա չի,
որ ձեռքդ դնես՝ երդվես ու առավոտն էլ չկատարես: Քանի՞ անգամ երկրի նախագահը Սահմանադրությունը
չի կատարել: Պատժվե՞լ է: Ոչ: Սահմանադրության կողմից չպատժվեց, «Աստվածաշնչի» կողմից
էլ չպատժվեց… «Աստվածաշնչի» վրա էլ ձեռքը դրած երդվեց… չեմ ուզում էս անգամ էլ
ինձ աթեիզմի մեջ մեղադրեն, բայց…»: Մի խոսքով, Խորեն Սարգսյանը այս սահմանադրական
բարեփոխումներից ոչ մի սպասելիք չունի: Առավել եւս, որ «էդ ամեն ինչը գրվում-պատրաստվում
է նախագահի նստավայրում ու ԱԺ մեծամասնության կողմից էլ անցկացնում են»: Ընդդիմության
սպասումների առումով՝ Սահմանադրության հանրաքվեն վերածել իշխանությունների անվստահության
հանրաքվեի, Խորեն Թռչունիչը վերապահումներ ունի. «Եթե նախագահը անցկացրեց Սահմանադրությունը
ու դրեց հանրաքվեի՝ զգաց, որ մի տեղ վտանգ կա, ճամփի կեսից հետ է կանգնելու»: Որ
Սահմանադրությունը չի անցնելու՝ նա կասկած չունի. «Մեր ժողովուրդը, ոչ մեկը ոչ մի
բանի տեղը չգիտի: Հենց գրողն էլ չգիտի՝ ինչ բան է էդ Սահմանադրությունը: Մենք գոնե
գիտենք, որ նպատակը նախագահի երրորդ ընտրության համար սողանցք թողնելն է: Էդ որ ասում
են՝ մենք խոստացել ենք Եվրոպային, պետք է անենք՝ էնքա՜ն բան եք խոստացել, որ չեք
արել: Էս էլ չէիք անի էլի, մեկ է՝ տակից դուրս գալու հնարավորություն կունենայիք»:
Խորեն Թռչունիչի մտավախությունն այն է, թե ի՞նչ է լինելու հետո. «Մենք նման կետ չունենք,
բայց հանրաքվեն չանցնելուց հետո իշխանությունները պարտավոր են հրաժարական տալ: Էդքան
տղամարդ կգտնվե՞ն՝ չանցնելուց հետո հրաժարվեն, թե՞ նորից կշարունակեն ղեկավարել մինչեւ
իրենց ժամկետը»: Մեր զրուցակիցը քաղաքական գործիչներին առաջարկում է լրջորեն մտածել՝
ի՞նչ է լինելու մեր քաղաքական դաշտում, այլապես ժողովուրդն այլեւս չի սպասի, մինչեւ
իրենք ամբիցիաներ խաղացնեն՝ «իրեն լիդեր կգտնի ու նրա ետեւից կգնա, մենք ասում ենք,
որ էդ լիդերը լինի խելոք, իշխանափոխությունն էլ՝ առանց արյան»: Իբրեւ կոմունիստ,
ընկեր Սարգսյանը մի ճանապարհ է տեսնում՝ «որը Իսրայել Օրին բացել է հայ ժողովրդի
համար»: Այս համատեքստում ողջունելով ռուսական ռազմաբազաների Հայաստան տեղափոխումը՝
մեր զրուցակիցն իր պատգամավորական անցյալից մի հետաքրքիր դրվագ հիշեց. «Տարիներ առաջ
Եվրոպառլամենտի կովկասյան տարածաշրջանի նիստի ժամանակ մեզ հարցրին, թե երբ է ռուսական
զորքը մեր սահմանից դուրս գալու: Նույն ընկերը, որ այսօր դատապարտում է այդ ռազմաբազաների
Հայաստան տեղափոխումը (նկատի ունի Հովհաննես Հովհաննիսյանին- Ն. Գ.), ամբիոնից ասեց՝
երբ ՆԱՏՕ-ն մեր անվտանգությունն ապահովի: Իսկ ՆԱՏՕ-ն էլ էս է՝ Թուրքիան է: ԱՄՆ-ը
չի տանի իր զորքը մի տեղ, որտեղ կարող է զոհ տալ, Իրաքը լավ դաս եղավ: Էս տարածաշրջանում
ՆԱՏՕ-ն Թուրքիան է, դե գնա ու քո անվտանգությունն ապահովի»: Քաղաքական գործիչների
հետ շփումներից նա տպավորություն է ստացել, որ Ռուսաստանից նեղացած են՝ «որ չանցած
պրեզիդենտին ցույց տվեցին անցած»: Բայց «հայ ժողովուրդը ռուս ժողովրդի հետ է, Պուտինի
հետ չի, Ելցինի հետ չի, ցարի հետ չէին: Ուրիշ բան չասեմ՝ էսօր Հայաստանում չունենանք-չունենանք՝
մի 10 հազար ռուս հարս կունենանք: Ուրեմն մեր բարեկամությունն ամուր կապված է: Կգա
մի ժամանակ, որ մեր քաղաքական գործիչներն էլ կզգան, որ էս մի կտոր հողը, որ կա ու
որի իշխանության համար բոլորս պայքարում ենք՝ կա ռուս ժողովրդի շնորհիվ: Թող մեծ-մեծ
էլ չխոսեն»: ՆԱՏՕ-ի Խորհրդարանական վեհաժողովում էլ ծավալված վերջին իրադարձությունների
առիթով նախկին պատգամավորը նկատեց. «Ես էսօր ինքս էլ եմ մտածում՝ ո՞նց կլինի Ղարաբաղում
ծնված, էնտեղ պապ թաղած մարդը էսօր հանկարծ գնա յոթ շրջանները վերադարձնելու քայլին:
Բացի այդ էլ, մի քիչ կարելի է ձմերուկ տալ պրեզիդենտի թեւերի տակ: Ասել՝ ինչ ուզում
ես արա, էդ մի բանը (շրջաններ հանձնելը- Ն. Գ.) մի արա: Դա հանցագործություն է»:
ՆԵԼԼԻ ԳՐԻԳՈՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել