Լրահոս
Օրվա լրահոսը

Ամերիկյան հյուրախաղեր Հայաստանում

Հունիս 09,2005 00:00

Ամերիկյան հյուրախաղեր Հայաստանում Մոտակա օրերին մեր երկրում համերգներ կտան թե՛ դասական եւ թե՛ «բլուգրաս» ոճի երաժիշտները ԱՄՆ-ից: Հունիսի 10-ին Ֆիլհարմոնիկ նվագախմբի հետ հանդես կգան Կալիֆոռնիա նահանգի Ազուսա Փասաֆիկ համալսարանի երաժիշտներ՝ երգչուհի Ջեյն Թորնգրենը, դաշնակահար Դուեյն Ֆանդերբըրքը, շեփորահար Դոնավոն Գրեյը, ջութակահար Ալեքս Ռասսելը: Երաժիշտներին կարելի է ունկնդրել նաեւ հունիսի 12-ին՝ Կամերային երաժշտության տանը: Այս առիթով Հայաստանի պետական ֆիլհարմոնիկ նվագախմբի գեղարվեստական ղեկավար եւ գլխավոր դիրիժոր Էդուարդ Թոփչյանը այսօր Ժուռնալիստի տանը կայանալիք ասուլիսում կներկայացնի ամերիկացի երաժիշտներին: Ֆիլհարմոնիկի հետ համատեղ փորձից հետո երաժիշտներից տեղեկացանք, որ նրանք հյուրընկալվել են «Ազգային առաջնորդության ինստիտուտ» գիտամշակութային հասարակական կազմակերպության հրավերով: Բացի երգչուհի Ջեյն Թորնգրենի, որն առաջին անգամ է Հայաստանում, մյուս երաժիշտները քանիցս այցելել են: Նրանք ծանոթ են հայ մշակույթին, ճանաչում եւ ստեղծագործական շփման մեջ են ամերիկահայ երաժիշտների հետ, թեեւ միայն մասնագետները կճանաչեն նրանց: Մեր զրուցակիցներն առանձնացրին ամերիկաբնակ հայազգի, իրենց խոսքերով՝ տաղանդավոր երաժիշտներ, ջութակահարներ Մարինա Մանուկյանին եւ Հակոբ Միքենյանին, թավջութակահար Սեւան Պողոսյանին: Տեղեկացրին նաեւ, որ իրենց մոտ ուսանում են հայազգի երկու շնորհալի երաժիշտներ՝ ջութակահար Ադիսը եւ դաշնակահարուհի Ադելաիդան: Հետաքրքրվեցինք՝ գործնական որեւէ առնչություն ունե՞ն 90-ականների սկզբներին ԱՄՆ տեղափոխված, երաժշտական դպրոցներ հիմնած հայաստանցի երաժիշտների հետ: Դաշնակահար Դուեյն Ֆանդերբըրքը, որը Լոս Անջելեսի երաժշտական դպրոցի դեկանն է, չմտաբերեց անգամ մեկ երաժշտական դպրոց, որն ունենար հայազգի ղեկավար: Ի դեպ, ամերիկացի երաժիշտները անցյալ տարի վարպետության դասեր են անցկացրել Երեւանի կոնսերվատորիայում: Ըստ իրենց, եթե բավարարի ժամանակը, նույնը կկրկնեն այս տարի: Ինչպես հաղորդում է ԱՄՆ դեսպանատունը, Հայաստանում է նաեւ վաշինգթոնյանհ Բոբ Պերիլայի Բիգ Հիլիբիլի Բլուգրաս նվագախումբը, որը հունիսի 9-12-ին համերգներով հանդես կգա Գյումրիում, Դիլիջանում, Սեւանում, Եղեգնաձորում եւ Երեւանում: Բլուգրասն ինքնատիպ ամերիկյան երաժշտաոճ է, որը ծնունդ է առել 18-րդ դարում Բլուրիջ Մաունթինզում (ամերիկյան արեւելյան ափի երկայնքով Ջորջիայից մինչեւ Վիրջինիա): Այս նվագախումբը հանդես է գալիս բլուգրաս, քանրթի ու ֆոլկլորային կատարումներով, որն արտացոլում է ավելի քան 100 տարվա երաժշտական ավանդույթներ: Նվագախմբի գործիքավորումը ներառում է կիթառ, ջութակ, կոնտրաբաս, բանջո եւ մանդոլինա: Խումբը մի քանի անգամ հանդես է եկել Քենեդու անվան կենտրոնում, մշտապես մասնակցում է Սմիթսոնյան ֆոլկլորային փառատոներին, ելույթներ է ունենում Վաշինգթոնի տարածքում ու երաժշտական ակումբներում: Ա. ՍԻՄՈՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել