Լրահոս
Օրվա լրահոսը

Խորանալու

Հունիս 09,2005 00:00

Խորանալու ցանկություն չկա Ըստ որոշ գերատեսչությունների ղեկավարների՝ լրագրողների մեծ մասը հասարակական կարծիքի ձեւավորման իրական գործիք չէ: Երեկ «Ազատականացման գործընթացների մոնիտորինգի ազգային կենտրոն» (ԱԳՄԱԿ) ՀԿ-ն ԵԱՀԿ աջակցությամբ անցկացրեց «Պետական մարմինների գործունեության թափանցիկություն եւ տեղեկատվության մատչելիություն» թեմայով սեմինարի առաջին փուլը: Այս փուլին մասնակցում էին սոցիալական ոլորտի գերատեսչությունների ներկայացուցիչներ եւ նույն ոլորտը լուսաբանող լրագրողներ: ԵԱՀԿ առաքելության ղեկավար, դեսպան Վլադիմիր Պրյախինն իր խոսքում նշեց, որ եթե պետությունը օրենսդրական դաշտի ապահովման ուղղությամբ որոշակի քայլեր ձեռնարկում է, ապա այդ լավ օրենքները իրացնելու խնդիր կա. թե այդ օրենքները իրականության մեջ ինչ կիրառություն են գտնում եւ որքանով են իշխանությունները ապահովում իրենց գործունեության թափանցիկությունն ու տեղեկատվության մատչելիությունը՝ ԶԼՄ-ների հետ հարաբերություններում: Շարունակելով դեսպանի խոսքը՝ ԱԳՄԱԿ նախագահ Լուսինե Մարգարյանը նշեց, որ «եթե մեր իշխանությունները որոշակի քայլեր սկսում են ձեռնարկել այդ ուղղությամբ, ապա գրեթե ոչինչ արված չէ տարբեր տեսակի վարչական ընթացակարգերի թափանցիկության առումով: Դրանց բնութագիրը, ավաղ, մինչ օրս անհասանելի է մնում հասարակության համար»: ԶԼՄ-ների եւ պետական մարմինների փոխհարաբերությունների մասին խոսելով՝ աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարար Աղվան Վարդանյանը ցավով նշեց, որ այսօր լրագրողները տարված են օրվա լուրերը մեկնաբանելով եւ որոշակի լուրջ խնդիրների մեջ հաճախ չեն էլ խորանում, բավարարվում են լոկ մակերեսային տեղեկատվությամբ: «Ցավոք, այսօր լրագրողները հասարակական կարծիքի ձեւավորման իրական գործիք չեն,- ասաց Ա. Վարդանյանը,- մենք փորձում ենք առավելագույնս բաց աշխատել, բայց այս աշխատանքը նաեւ երկկողմանի պատասխանատվություն է ենթադրում»: Առողջապահության փոխնախարար Թաթուլ Հակոբյանի կարծիքով էլ՝ 4-րդ իշխանության ազդեցությունը բավարար մակարդակի վրա չէ: Իսկ դրան հասնելու համար, բացի մասնագիտական կրթվածությունից, պետք է նաեւ անշահախնդրություն եւ անկախություն: Կրթության փոխնախարար Արտակ Սահրադյանը վստահ է, որ պետական կառույցի ամենալավագույն աջակիցը ցավոտ հարցերը վեր հանելու, «խարազելու» եւ «խարազանելու» համար՝ լրագրողներն են: Եվ, ըստ նրա, պետության ու ժողովրդի շահերից է բխում գերատեսչությունների թափանցիկ աշխատանքը: Փոխնախարարն այստեղից անցում կատարելով՝ համեմատեց մեր ազգի 2 սրբությունները. «Ես կարծում եմ, որ մենք միշտ ունեցել ենք 2 սրբություն՝ եկեղեցին եւ դպրոցը: Այս 2-ը միմյանց համարժեք են եղել, եւ մենք համատեղ պետք է կարողանանք պահել սրբություններից կարեւորագույնը՝ հայոց դպրոցը»: Հ. ԲՈՒԴԱՂՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել