Լրահոս
Օրվա լրահոսը

70

Հունիս 09,2005 00:00

70 ՀԱԶԱՐ ԴՈԼԱՐ՝ ԱՄԵՐԻԿԱ ՉՄԵԿՆԵԼՈՒ ԴԻՄԱՑ «Work&Rest»-ը խաբել է 70 քաղաքացու՝ յուրաքանչյուրից կորզելով 1000 դոլար 2004թ. մարտին Արտակ Մնացականյանը «Շանթ» հեռուստաընկերության վազող տողի հայտարարությունից եւ «Գինդ» շաբաթաթերթից տեղեկացավ «Work&Rest» կազմակերպության մասին: Կազմակերպությունը ուսանողներին հրավիրում էր քառամսյա շրջագայության եւ աշխատանքի Միացյալ Նահանգներ: «Work&Rest»-ի գրասենյակում պայմաններին ծանոթանալիս Արտակն անկեղծորեն պատմում է ընտանիքի դրությունը եւ ԱՄՆ մեկնելու բուն մտադրությունը: Նրան խոստանում են աջակցել՝ գտնելով հնարավորինս բարձր վարձատրությամբ աշխատատեղ: Անհրաժեշտ մուծումները կատարելուց հետո, Արտակին առաջարկում են մեկնել Նյու Ջերսի՝ «Fast food»-ում որպես գանձապահ աշխատելու, երկուշաբթիից՝ ուրբաթ, ժամը 9-ից մինչեւ 18-ը՝ 9 դոլար 80 ցենտ ժամավարձով, իսկ աշխատանքային ժամերից դուրս՝ շաբաթ եւ կիրակի օրերին, յուրաքանչյուր ժամը 5 դոլար հավելավճարով: Սակայն Հյուսիսային համալսարանի իրավագիտական ֆակուլտետի ուսանող Արտակ Մնացականյանը այդպես էլ չմեկնեց Ամերիկա: Նույն ճակատագրին արժանացան 70 քաղաքացիներ: «Work&Rest»-ը 2004-ի փետրվարից տեղակայված էր Երեւանի Մոսկովյան փողոցի 31 շենքի առաջին հարկում՝ Սպարտակ Ստեփանյանից վարձակալած տարածքում: Կազմակերպության տնօրենը Ալբերտ Ավետիսյանն էր, գործադիր տնօրենը՝ Հասմիկ Յագմուլյանը, գործավարը՝ Քրիստինեն: Ալբերտը հաճախորդներին վստահեցրել է, թե «Work&Rest»-ը մասնաճյուղ ունի նաեւ Վրաստանում, գործում է 4 տարի, եւ իրենց միջոցով ամեն տարի դեսպանատուն դիմած 100 ուսանողներից մերժվել է ընդամենը 1-2 հոգի, այն էլ՝ դիմող ուսանողների մեղքով: «Work&Rest»-ի ծառայությունից օգտվել ցանկացողներից պահանջվում էր վճարել 20 000 դրամ՝ գումարած 950 դոլար: Աշխատանքային պայմանագրերը կնքվել են 1-2 օրվա ընթացքում: Վճարումների դիմաց Հասմիկ Յագմուլյանը Ալբերտ Ավետիսյանի անձնագրի համարով եւ ստորագրությամբ կամ միայն իր ստորագրությամբ ստացական է տվել: «Work&Rest»-ում ուսանողների ծնողները ստորագրել են պայմանագիր, որ եթե ուսանողը չվերադառնա, ապա նրանք պարտավորվում են տվյալ կազմակերպությանը վճարել 10 000 դոլար: Ուշագրավն այն է, որ այս պարտավորագրերը կնքվել են «Հասարակական կապերի միջազգային փոխգործունեության կենտրոն» հասարակական կազմակերպության կնիքով: Այս կազմակերպության ղեկավարը նույն ինքը՝ «Work&Rest»-ի գործադիր տնօրեն Հասմիկ Յագմուլյանն է: Իսկ տնօրեն Ալբերտը եւ գործավար Քրիստինեն նույն հասարակական կազմակերպության անդամներն են: Խաբված ուսանողների ծնողների ահազանգից հետո, 2004-ի հունիսի 11-ի երեկոյան ոստիկանության աշխատակիցները եկել, գրասենյակի բոլոր փաստաթղթերը, այդ թվում նաեւ հասարակական կազմակերպության կնիքը հավաքել, աշխատակիցներին ու հավաքված ծնողներին եւ ուսանողներին տարել են ոստիկանության քաղաքային վարչություն: Այստեղ Հասմիկի պայուսակի աստառի տակից գտել են 20 000 դոլարից ավելի գումարի բանկային կտրոններ, որոնք ուղարկված են եղել ՌԴ: Ոստիկանությունում Հասմիկը պնդել է, որ ինքը ոչ մի բանի հետ կապ չունի, Ալբերտի մոտ ուղղակի աշխատող է եղել: Այն, որ 10 000 դոլարի պարտավորագրերը կնքված են եղել իր ղեկավարած հասարակական կազմակերպության կնիքով, բացատրել է, որ Ալբերտը կնիք չի ունեցել, եւ ինքը պարզապես օգնել է նրան: Հասմիկին նույն օրն իսկ ազատ են արձակել: Ոստիկանության Կենտրոնի բաժնում հարուցվել է քրեական գործ, որը մի քանի ամիս անց տեղափոխվել է Երեւանի քաղաքային դատախազության վարույթ: Ոստիկանությունում եւ դատախազությունում ցուցմունք տված բոլոր տուժածները հայտնել են, որ գործ են ունեցել Հասմիկ Յագմուլյանի հետ: Սակայն Երեւանի դատախազության քննիչ Սարգիս Հովհաննիսյանը նրան այս գործով չգիտես ինչու ճանաչել է տուժող: «Հասարակական կապերի միջազգային փոխգործունեության կենտրոն» ՀԿ նախագահ, «Work&Rest»-ի գործադիր տնօրեն Հասմիկ Յագմուլյանն այսօր հրաժարվում է որեւէ կերպ մեկնաբանել իր քայլերը: Ինչպես նա նշեց մեր հեռախոսազրույցի ժամանակ, քննիչներն արգելել են այս թեմայով խոսելը: «Work&Rest»-ի խաբեության զոհ է դարձել 70 մարդ: Նրանցից յուրաքանչյուրը այդ կազմակերպությունում թողել է հազար դոլար: Ալբերտ Ավետիսյանը եւ Հասմիկ Յագմուլյանը յուրացրել են 70 հազար դոլար եւ մնացել անպատիժ: ԱՐԱՐԱՏ ԴԱՎԹՅԱՆՀՌԻՓՍԻՄԵ ԽԱՉԱՏՐՅԱՆwww.hetq.am

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել